Փրկիչը և «փրկիչները»
«Լավ է Տիրոջը հուսալ, քան մարդկանց» (Սաղմ․ 117։8)
Հաճախ ենք «փրկիչներ» փնտրում կյանքի ամենատարբեր իրավիճակներում, երբ զգում ենք՝ այլևս ինքներս չենք կարող լուծել մեր խնդիրները։ Այդ «փրկիչներից» ակնկալում ենք, որ նրանք գալու են, լուծելու մեր խնդիրները և լուռ հեռանալու՝ առանց ինչ- որ ակնկալիքների։ Դա նման է մանկության այն դրվագներին, երբ մեր եղբոր կամ քրոջ հետ գժտվում ենք, և ինքներս լուծումներ չտեսնելով՝ լաց լինելով անմիջապես կանչում ենք մայրիկին։ Սակայն արդյո՞ք բոլոր «փրկիչները», որոնց վրա դնում ենք մեր հույսն արդեն հասուն տարիքում, մեր մայրերի նման են՝ ոչ միայն ուժեղ, ոչ միայն հեղինակություն ունեցող, այլ նաև հոգատար ու սիրող։
Երբեմն նույնիսկ չափից ավելին ենք վերագրում այդ «փրկիչներին»։ Կարծում ենք՝ ամենաանհավանական իրավիճակում մեզանից ուժեղը գալու է և մեր փոխարեն մեր գործն անի։ Ինչո՞ւ է այսպես։
Երբ մարդ թույլ է, նա շարունակ փնտրում է ամուր հենարան։ Նա արդարացնում է իր անգործությունը, իր՝ հեղինակություն չլինելը՝ ասելով, թե «թույլ եմ, օգնե՛ք ինձ»։ Երբեմն սա իսկապես արդարացում է, սակայն կան նաև դեպքեր, երբ այն ընդամենը պատրվակ է անգործության։ «Փրկիչների» որոնումները, սակայն, անկախ տարատեսակ արդարացումներից, չեն կարող իսկապես արդարացված լինել՝ մի պարզ պատճառով։
Աստվածաշունչ մատյանն ինքն է հուշում․ «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա» (Երեմիա 17:7)։ «Լավ է Տիրոջը հուսալ, քան մարդկանց,» (Սաղմ․ 117:8),- ասում է սաղմոսերգուն։
Պարզ է, նյութական աշխարհում ապրելով՝ երբեմն մեր հույսն իսկապես «փրկիչներն» են, սակայն երբեք ու երբեք չպետք է մոռանանք, որ չկան «փրկիչներ»։ Փրկիչը մեկն է։ Նա գիտի ամեն բան, Նա տնօրինում է ամեն բան, ամենատես է և միակն է, Ում վրա կարող ենք հույս դնել՝ մեր դժվարին ու վատ օրերին, նեղությունների ու ցավերի մեջ ասելով․ «Ցո՛ւյց տուր ինձ ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև, Տե՜ր, դեպի քեզ բարձրացրի հոգիս։ Փրկի՛ր ինձ, Տե՜ր, իմ թշնամիներից, քանզի Քեզ ապավեն դարձրի ինձ: Սովորեցրու ինձ կատարել կամքը Քո, քանզի Դու ես Աստվածն իմ» (Սաղմ. 142:8-10):