«Ե՞լք եք ուզում, ես ասում եմ՝ ելքը որն է». Աբրահամ Գասպարյան
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանություններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, ինչո՞ւ սահմանը չեն կահավորել:
«Դու ինչո՞վ ես զբաղված եղել այս երկու տարվա ընթացքում: Դու շարունակել ես տուրք տալ, այսպես կոչված՝ խաղաղության բովանդակազուրկ գաղափարին, որովհետև չես հասկացել, որ եվրոպական տարածաշրջան չես: Դու ո՞ւմ հետ ես ինչ անում: Մենք կարիք չունենք հետախուզական ինֆորմացիա ձեռք բերելու համար միլիոնավոր դոլարներ ծախսել, քանի որ ունենք այնպիսի թշնամի, որը բացահայտորեն խոսում է իր ծրագրերի մասին: Ինքն ասում է, որ կապ է ունենալու Թուրքիայի հետ: Դու ոչ մի դաշնակից չես թողել կողքիդ, բոլորին հայհոյել ես: Գերագույն գլխավոր խեղկատակի գավառական, գեղցի մտածողությամբ ուզում է տարածաշրջանային և համաշխարհային մի քանի պետության ղեկավարի գցել: Սա ուզում է Էրդողանի նման գայլի, Պուտինի նման համաշխարհային տիրակալի, Իրանի ղեկավարի, ԱՄՆ-ի ղեկավարի կամ մյուսների խաղաքարտերը խառնել: Եթե դու այդպիսի խեղկատակությամբ ես զբաղվում, մենք՝ որպես պետություն, էքզիստենցիալ լուրջ խնդրի առաջ ենք կանգնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ իր գլխից մեծ մեղք է գործել. «Անկախ իմ ունեցած վերաբերմունքից՝ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Արմեն Սարգսյանը մարդիկ են, որոնք լուրջ ներդրում են ունեցել պետություն կառուցելու, պետականաշինության կամ պետական մեխանիզմը այս կամ այն կերպ աշխատեցնելու առումով: Եթե այս մարդիկ իրենց կապերով, ինտելեկտով, փորձառությամբ չկարողացան այդ մեծ խաղաղություն կոչեցյալը բերել տարածաշրջան, դու ո՞վ ես, այ թերուս՝ քո գավառական մտածողությամբ մարտահրավեր նետես, ժողովրդին խաբես, որ՝ մենք գնում ենք խաղաղության: Մեր բոլոր խնդիրները սկսվում են այստեղից: Ե՞լք եք ուզում, ես ասում եմ՝ ելքը որն է: Մենք մեր ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսենք, բա՛վ է: Մեր բանակը պետք է զինվի. բավ է սրա-նրա վրա հույս դնենք: Էլ ժամանակ չունենք: Հարաբերություններն արդեն փչացած են բոլորի հետ»:
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոդերով հուշեց այնպիսի եզրույթներ, որոնց ճիշտ կիրառելիությունը նվազագույն կորուստներով այս վիճակից գուցե կարողանա դուրս բերել Հայաստանին.
«Ես ամոթից գետինը մտա, որ նա ասաց՝ դուք մի հատ հասկացեք՝ ինչ եք ուզում, խնդիրը ձևակերպեք: Միշտ ասել եմ, չէ՞, սրանք խնդիր ձևակերպել չգիտեն, ճղճղան, բերանները լաչառ-լաչառ բացեն, խոսքեր ասեն, հոխորտան: Խնդիրը ձևակերպե՞լ եք դուք: Փելոսին հստակ ասաց՝ եթե ձեր ասածն այն է, որ ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների իրավական կողմը պետք է վերանայեք կամ ՀԱՊԿ-ից դուրս գաք, նախ խնդիրը ձևակերպեք, որից հետո նոր ԱՄՆ-ը կնայի նպատակահարմարությունը՝ արդյո՞ք ԱՄՆ-ը տարածաշրջանային հարավկովկասյան երեք պետությունների նկատմամբ իր քաղաքականությունը, որը մշտապես եղել է միասնական, կտարանջատի և Հայաստանին կդիտարկի առանձին, թե՞ ոչ:
Գլխավոր մեսիջը դա էր: Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ մի քանի մարդկանց հանում ենք փողոց, ասում ենք՝ ՀԱՊԿ-ը սնանկ ու չգիտեմ՝ ինչ կառույց է, առանց որևէ այլընտրանք առաջարկելու: Բայց և, մեր ռազմավարական դաշնակցի համբավ ունեցող Ռուսաստանը պարտավոր է վերանայել ընդհանրապես դաշնակից հորջորջված Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը: Իսկ ո՞վ ասաց, որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Իրանը ռեակտիվ գործողություններ է անում, որովհետև Իրանի ռազմավարության տապալումն են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Ես չեմ ուզում մեղքը որևէ մեկի վրա բարդել, մենք լրջորեն չենք զբաղվել, օրակարգ չենք առաջարկել, որ մեզ լուրջ ընդունեն: Սա նաև Իրանի և Ռուսաստանի տապալումն է»:
Նա նկատեց՝ եթե Իրանը ռազմավարական ձախողում է թույլ տվել, եթե ՌԴ-ն կամաց-կամաց կորցնում է հայության համակրանքն ու գուցե Հայաստան պետության կողմնորոշումը՝ իր ոչ ճիշտ աշխարհաքաղաքական խաղադրույքների պատճառով, ապա Հայաստանի իշխանություններն ամեն ինչ են կորցրել.
«Այս իշխանությունները պետք է վայրկյան առաջ փոշիանան, չմնան իշխանության: Պետություն ղեկավարելն ամեն մարդու բան չէ: Ոչ երնեկ այն մարդուն, որը պետք է ձևավորի իշխանություն՝ հետպատերազմյան այս շրջանում, որովհետև իրեն սպասվում է նվազագույնը հնգամյա չդադարող աշխատանք: Որևէ մեկին չթվա, թե իշխանափոխություն եթե կատարվեց, ամեն ինչ լավ է լինելու. Ոչ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև մենք այս մինուսից պետք է փորձենք գոնե զրոյական կետը ստանալ, որպեսզի մեր երեխաները նորագույն լուծումներով առաջ գնան:
Մենք պետք է նախ մկաններ հավաքենք: Մենք մեր զինվորի հետ խնդիր չունենք ու երբեք չենք ունեցել, սրանց քարոզչական թեզերը՝ անընդհատ բանակից բողոքել և այլն, մեկ նպատակ են հետապնդում՝ հայի ռազմի գենը հարվածի տակ դնել, վախեր առաջացնել, որպեսզի մարդիկ ասեն՝ մենք հանձնվում ենք: Հանձնվել չկա, ի՞նչ հանձնվել: Պետք է անպայման Երևանը ռմբակոծեն, որ դուք հասկանա՞ք: Ղարաբաղից հրաժարվեցիք, Սյունիքից հրաժարվում եք, է հետո՞: Պետք է գան անպայման ձեր կանանց ու քույրերի հետ Սևանում լողա՞ն, որ դուք հասկանաք, թե՞ մեկընդմիշտ կուրացել եք, անվտանգային պուլսացիան թմրել է»:
Աբրահամ Գասպարյանը հասկանում է՝ մարդիկ առաջնորդի կարիք ունեն. «Պետք է լինի առաջնորդ, բայց նա ոչ թե պետք է գնա արկածախնդրության, ժամանակավոր ինչ-որ խնդիր լուծելու, այլ պետք է պրոցես գեներացնի: Երբ գեներացնում ես գործընթաց, այդ գործընթացում ներգրավված մարդկանց անվտանգության պատասխանատվությունը նաև պետք է կարողանաս ստանձնել: Ո՞վ է այդ մարդը, թող հայտնվի՝ ես կանգնեմ իր կողքին»:
Դիտարկմանը՝ մինչև այս պահը նման մարդ չի երևում, նա արձագանքեց. «Ունի՞ այս պետությունը քաղաքական պատասխանատվություն ի վերջո: Հանդիպում են 3+2+2 տարբերակով, թող հանդիպեն, թող որոշեն: Ես այս պետությունը ժառանգություն եմ ստացել, ունեցել եմ 4 նախագահ, դարձյալ կրկնում եմ՝ բոլորի նկատմամբ իմ ունեցած վերապահումները մի կողմ թողած, այսօր իմ ազգին պատուհասած վտանգը չեզոքացնելու սիրույն թե իմ ամբողջ ամբիցիաները մի կողմ եմ թողել և պատրաստ եմ կանգնել այն պատասխանատու մարդու կողքին, որը կասի՝ ես գալիս եմ: Մեր ժողովուրդը պետք է ամբողջը հասկանա: Պետություն ղեկավարելը լուրջ թիմային պատասխանատվություն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում