Բաժիններ՝

«Հայր ու որդի դիրքերում են եղել․․․»․ Ջերմուկի դիրքերում զոհված 34-ամյա Գոռը 2 երեխաների հայր էր

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի  սանձազերծած պատերազմի ընթացքում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի դիրքերում հայրենիքի պաշտպանության համար զոհվել է պայմանագրային զինծառայող 34-ամյա Գոռ Գևորգյանը։

Գոռը Կոտայիքի մարզի Հրազդան քաղաքից էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա։

«Ապրում էին Հրազդանի Մաքրավան թաղամասում։ Գոռը պայմանագրային զինծառայող էր, հայրն էլ ԵԿՄ անդամ է, կռվի ժամանակ երկուսն էլ Ջերմուկի դիրքերում են եղել՝ ինքը՝ որպես պայմանագրային, հայրը՝ ԵԿՄ-ական։ Տարբեր հատվածներում են եղել․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի համայնքապետի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը։

Նա նաև հավելեց, որ հոկտեմբերի 8-ին Գոռը դառնալու էր 35 տարեկան։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը և Ջերմուկ քաղաքը։

Պատերազմական գործողությունների ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ուներ 135 զոհ, որը վերջնական չէ։

168.am-ը շարունակում է 44-օրյա պատերազմում սկսած շարքը: Ներկայացնում ենք մարտական գործողություններին մասնակցելիս զոհված զինծառայողների անունները։ 

Տեսանյութեր

Լրահոս