Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ԱՄՆ ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստին
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումը և շեշտում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններից հետո տիրող իրավիճակով:
Միացյալ Նահանգների ներկայացուցիչն իր խոսքում հստակ արձանագրեց, որ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով տուժել են Հայաստանի Հանրապետության խաղաղ քաղաքացիներ:
«Հարկավոր է անհապաղ վերադառնալ բանակցություններին՝ տևական խաղաղ լուծման հասնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով: Ուզում եմ շատ հստակ լինել այսօր: Միացյալ Նահանգները վճռականորեն պնդում է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Միջազգային հանրությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի օգնի հասնել դիվանագիտական ճանապարհով երկարատև խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում խթանել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ-ի և գործընկերների համակարգման միջոցով, որպեսզի դիվանագիտական ճանապարհով ավարտվի հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան ակտը», – նշեց Ռիչարդ Միլսը: