Օր առաջ պետք է հեռացնել գործող իշխանություններին. Արման Թաթոյան
Բաղրամյան պողոտայում ինքնաբուխ հավաքի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է՝ վիճակն իսկապես օրհասական է, այսօր մենք իրական պատերազմի մեջ ենք:
«Անընդհատ մեր տղաները հերոսություն են անում սահմանին, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում մարդ չկա, ամբողջությամբ ձախողումներ են: Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ մեր 18 տարեկան զինվորներին զոհողության ենթարկենք, բայց փոխարենը հետո քաղաքական ու դիվանագիտական ճակատում ոչ մի բան չգտնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա վիճակը գործող իշխանությունների կոպիտ սխալների արդյունքն է:
Ըստ նրա՝ երբ պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողները հանցավոր գործողություններով հայտնվել էին մեր ճանապարհներին, այդ ժամանակ արդեն ակնհայտ հիմքեր կային հեռացնելու, բայց գործող իշխանությունների, պաշտոն զբաղեցնող պատասխանատու անձանց անպատասխանատու և հանցավոր հայտարարությունների պատճառով է՛լ ավելի ամրապնդվեց ադրբեջանական հանցավոր ներկայությունը մեր սահմաններին:
«Ակնհայտ է, որ այսօրվա գործող իշխանությունները չեն կարողանում իրականացնել երկրի կառավարումը, անընդհատ, շարունակաբար ձախողումներ են, և ելքը մեկն է՝ նրանք պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը, այդ ժամանակը վճռական է, և այդ ժամանակը հիմա է, որովհետև մենք գտնվում ենք պատերազմի մեջ»,–նշել է Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում