Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. այդ ո՞ր սահմանային միջադեպի ժամանակ ենք երկու օրվա ընթացքում ունեցել 105 զոհ և այն էլ՝ Հայաստանի տարածքում

Մինչ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ հայտարարում էր, որ իրենք ոչ հրապարակային ֆորմատով քննարկել են ռազմական դրություն հայտարարելու հարցը և եկել այն եզրահանգման, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնում է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մեր ունեցած 105 զոհի ու տարածքային կորստի մասին:

«Այդ հարցը մենք այսօր ոչ հրապարակային ֆորմատով քննարկել ենք և եկել նման եզրահանգման, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև գործ ունենք սահմանային կոնֆլիկտի հետ, ադրբեջանական զինուժը չի խորացել ՀՀ տարածք»,- նշել էր իշխող խմբակցության գործարար-պատգամավորը:

Կարելի էր, իհարկե, մեծ ցանկության դեպքում Գուրգեն Արսենյանի այս հայտարարությունը վերագրել իրավական գրագիտության պակասին, սակայն դա անել թույլ չի տալիս նրա իսկ հայտարարությունը, թե հարցն իրենց խմբակցությունը քննարկել է ոչ հրապարակային ֆորմատով, իսկ իրենց թիմում նաև իրավաբաններ կան, որոնք վստահաբար պետք է իմանային և բացատրեին սահմանային միջադեպի ու զինված ագրեսիայի տարբերությունը:

Երեկ 168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը նշել էր, որ Ռազմական դրություն չեն հայտարարում միայն այն պատճառով, որ թշնամու զինվորը չի մտել քո տարածք: Եթե թշնամին հրետակոծում է քո տարածքը, դա արդեն ներխուժում է: Ավելի ուշ նաև «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգային իրավունքի մեկ այլ մասնագետ՝ Արամ Օրբելյանը, նշել էր, որ եթե ԱԺ պատգամավորն ասում է՝ սա սահմանային միջադեպ է, պետք է գիտակցել՝ սահմանային միջադեպերը միջազգային իրավունքում չեն համարվում ագրեսիա, և պետք է հստակ գիտակցել՝ սա սահմանային միջադեպ չէ:

Կարդացեք նաև

Իշխանական պատգամավորի հայտարարությունը, ըստ Արամ Օրբելյանի, կարող է նշանակել ջայլամի քաղաքականությունից մինչև պետական դավաճանություն:

Եթե ոչ իրավական եզրութաբանությունից ասվածը փոխադրենք ավելի պարզ լեզվի, ապա նշանակում է, որ եթե ՀՀ իշխանությունները տեղի ունեցողին տալիս են սահմանային միջադեպ ձևակերպումը, միջազգային իրավունքի տեսանկյունից մեզ զրկում են ինքնապաշտպանության իրավունքից:

Ըստ Արամ Օրբելյանի՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ պետության ինքնապաշտպանության իրավունքն անքակտելի իրավունք է: Ինքնապաշտպանության իրավունքը միայն սահմանների պաշտպանությունը չէ, այն ավելի լայն կոնցեպտ է և ենթադրում է, որ եթե մենք այսօր ֆիզիկական հնարավորություն ունենայինք գրավել Բաքուն, մեզ այդ իրավունքը տրված է: Ինքնապաշտպանությունը ֆիզիկական զինված ուժերի օգտագործման գործընթաց է, որն ուղղված է բացառելու հետագայի բոլոր խախտումները:

Ակնհայտ է, որ ՀՀ-ն իրավիճակին պետք է տար իրավական գնահատական. առկա է Հայաստանի նկատմամբ զինված հարձակում, կա ագրեսիայի փաստ: ՄԱԿ-ի ԱԽ-ին այդ մասին պետք էր տեղյակ պահել, որ մենք օգտվում ենք մեր ինքնապաշտպանության իրավունքից: Եվ քանի դեռ չենք խոսել զինված հարձակման և ագրեսիայի մասին, քանի դեռ չենք օգտվել մեր ինքնապաշտպանության իրավունքից, մնացած գործողությունները երկրորդային են: Ագրեսիա է մի պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության տարածքի նկատմամբ ռմբակոծումը. սա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձևակերպումն է, ուրեմն ինչո՞ւ են իշխանությունները խեղաթյուրում փաստերը, ինչո՞ւ են Ադրբեջանին մաքրում հետագա պատասխանատվությունից, ինչո՞ւ են կապում միջազգային իրավունքի մասնագետների ձեռքերը… Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում, և որոնց պատասխանը ընդդիմադիր շրջանակներն ու սթափ քաղաքացիները շատ լավ են հասկանում:

Երեկ, ի դեպ, նաև միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն էր անդրադարձել թեմային իր ֆեյսբուքյան էջում:

«Տարբեր ալիքներով շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը տեղի ունեցողն անվանել է «սահմանային միջադեպ»… Ասեմ, որ սա պատահական եզրույթ չէ. «սահմանային միջադեպ» (border skirmish) եզրույթը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է Nicaragua v USA գործով դեռ 1986թ.` տարանջատելով այն ագրեսիայից: Այսինքն՝ սահմանային միջադեպի պարագայում կողմը չի ստանում ինքնապաշտպանության իրավունք, իսկ ԱԽ միջամտությունը բացառվում է… ինչպես ասում են` все по методичке»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է 105 զոհի ու ադրբեջանցիների կողմից մեր տարածքի նվաճման մասին: Տեղեկություն չկա վիրավորների ու գերիների քանակի մասին, թեպետ արդեն գերեվարության հաստատված փաստեր կան:

Պարզ է, որ զոհերի թիվը վերջնական չէ, և այդ կասկածը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զոհերի ցուցակները: Ի դեպ, մինչ օրս հրապարակված չէ 44-օրյա պատերազմի զոհերի վերջնական ցուցակը:

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արամ Թորոսյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասել էր՝ գերիների հետ կապված՝ նույնականացման աշխատանքներ են տարվում, իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա, ըստ ՊՆ խոսնակի՝ «Պաշտպանության նախարարությունը կհրապարակի միայն ճշգրտված թվեր և ցուցակ»:

Ինչպես ասում են, ասելու բան չկա, միայն ուզում ենք իշխող ուժին՝ ՔՊ-ականներին հարցնել՝ իրենց հիշողության մեջ այդ ո՞ր սահմանային միջադեպի ժամանակ ենք երկու օրվա ընթացքում ունեցել 105 զոհ և այն էլ՝ Հայաստանի տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս