Որոշ մարդկանց տրամաբանությունը որևէ իրավական շրջանակի մեջ չի տեղավորվում. Տարոն Սիմոնյան

Ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի թիմակից՝ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը.

«Այդ հարցը մենք այսօր ոչ հրապարակային ֆորմատով քննարկել ենք և եկել նման եզրահանգման, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև գործ ունենք սահմանային կոնֆլիկտի հետ, ադրբեջանական զինուժը չի խորացել ՀՀ տարածք»,- նշել էր իշխող խմբակցության գործարար-պատգամավորը:

Գուրգեն Արսենյանի այս հայտարարությունն առավել քան տարօրինակ է, և տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները կամ չեն գիտակցում պահի լրջությունը, կամ գիտակցում են ու դիտավորյալ հապաղում ու խեղաթյուրում փաստերն ու իրականությունը:

168.amԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանին հարցրեց՝ արդյո՞ք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ հարձակումը տեղավորվում է Գուրգեն Արսենյանի ձևակերպման տրամաբանության ներքո, և առհասարակ ո՞ր դեպքում են ռազմական դրություն հայտարարում:

«Ռազմական դրություն չեն հայտարարում միայն այն պատճառով, որ թշնամու զինվորը չի մտել քո տարածք: Եթե թշնամին հրետակոծում է քո տարածքը, դա արդեն ներխուժում է»,- ասաց նախկին պատգամավորը:

Նրա խոսքով՝ դա արդեն իսկ ռազմական ներխուժում է, որովհետև քո սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտվել է:

«Ռազմական դրություն հայտարարելու համար անհրաժեշտ չէ զորքերի տեղաշարժ: Առանձին դեպքերում բավարար են նաև թշնամու համապատասխան գործողություններ, որոնք խախտում են քո տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիության սկզբունքը: Իսկ թշնամին հրետակոծել է ոչ միայն սահմանները, այլ նաև բնակավայրերը, այդ թվում՝ խոշոր քաղաքները:

Հետևաբար՝ որոշ մարդկանց տրամաբանությունը որևէ իրավական շրջանակի մեջ չի տեղավորվում: Եթե իրենք վախենում են հասարակությանը ճիշտ ինֆորմացիա հասցնել ու պատրաստել իրական ռազմական գործողությունների, դա ուրիշ խնդիր է: Հետևաբար՝ այստեղ պատճառներ, արդարացումներ փնտրելը տեղին չէ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս