Արգենտինացի պատգամավորները համերաշխություն են հայտնել Հայաստանի դեսպանին՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի առնչությամբ

Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ, ս.թ. սեպտեմբերի 13-ին Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը նամակ է հղել դեսպան Հովհաննես Վիրաբյանին՝ հայտնելով իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։

Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը ցանկանում է հայտնել Ձեզ իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ձեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։

Հանձնաժողովի անդամներս, հանդիսանալով մեր երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ցանկանում ենք արտահայտել մեր մտահոգությունը ռազմական էսկալացիայի առնչությամբ, հորդորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող ագրեսիայի անմիջապես դադարեցումը, կոչ անել հարգել միջազգային իրավունքը և դատապարտել ուժի կիրառումը որպես տարաձայնությունների լուծման միջոց։

Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը այնպիսի նպատակներն են, հանուն որոնց աշխարհի բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց առավելագույն ջանքերը։

Ընդունեք մեր հարգանքի հավաստիքը»:

Նամակը ստորագրել են հանձնաժողովի նախագահ Էդուարդո Ֆելիքս Վալդեսը, առաջին փոխնախագահ Սոհեր Էլ Սուկարիան, երկրորդ փոխնախագահ Ռոսանա Անդրեա Բերտոնեն, քարտուղարներ Մաքսիմիլիանո Ֆեռարոն և Խուլիո Կոբոսը։

Տեսանյութեր

Լրահոս