Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները պաշտպանական զենք գնելու համար, բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ ՀՀ-ն այլ երկրից զենք գնի. Փաշինյան
«Այսօր սառնասիրտ խոսելու ժամանակն է, մենք չպետք է տրվենք էմոցիաներին: Բոլոր միջազգային կոնվենցիաներով մենք կարող ենք հանուն ինքնապաշտպանության մեր զինված ուժերն արդիականացնել: Եթե հիմա Խաղաղության պայմանագրի մյուս կողմում լիներ Ֆրանսիան, այս հարցը կարևորելու խնդիր մենք չէինք ունենալու: Որպես սուվերեն տարածք, ոչ միայն պետք է ինքներս մեր սահմանները պաշտպանենք, այլև առաջադեմ հանրությունը պետք է կանգնած լինի ՀՀ-ի կողքին, քանի որ Ադրբեջանն Ալիևի գլխավորությամբ ագրեսիայով է զբաղված: Ինքնապաշտպանական նպատակով բանակը զինելու համար, երբ դիմում ենք մեր ռազմավարական գործընկերներին և բարեկամ երկրներին, կա՞ արգելք, որ որևէ երկիր չցանկանա կամ արգելի, որ ինքնապաշտպանական զենքեր կարողանանք ձեռք բերել»,- հարցն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հասկանալի է՝ միայն կամքով ոչինչ չես անի, բայց առանց կամքի էլ ոչինչ չես անի:
«Գիտեք, մենք ասում ենք Ֆրանսիա՝ բնականաբար, ելնելով Ֆրանսիայի մասին մեր այսօրվա պատկերացումներից: Կամ՝ ասում ենք Գերմանիա՝ հենվելով Գերմանիայի մասին մեր այսօրվա պատկերացումների վրա: Բայց ոչ Գերմանիան է Գերմանիա եղել այն իմաստով, ինչ իմաստով մենք հիմա ենք պատկերացնում, ոչ էլ Ֆրանսիան: Զենք-զինամթերք ձեռք բերելու մասով… հարցը մենք դիտարկում ենք՝ որպես մեկ ամբողջություն: Այն բաղկացած է 4 բաղադրիչից:
Առաջինը՝ ֆինանսական բաղադրիչն է, երկրորդը՝ քաղաքականը, երրորդը՝ տեխնիկականն է, չորրորդը՝ տրանսպորտայինը: Երբ մենք խոսում ենք զենք-զինամթերքի ձեռքբերման մասին, պետք է արձանագրենք, որ բաղկացած է այս 4 բաղադրիչներից:
Կարող եմ ասել, որ ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր ֆինանսական հնարավորութունները՝ իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու: Երկրորդը՝ քաղաքական կոմպոնենտն է:
Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ ՀՀ-ն այլ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելը բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային: Կան երկրներ էլ, որ պատրաստ են ՀՀ-ին զենք վաճառել, բայց չունեն անհրաժեշտ զենքը՝ վաճառելու համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Օրինակ, այն տրամաբանությամբ, որ իրենց արտադրական ծավալները, պատվերներն այնպես են դասավորված, որ շուկայում իրենց դիրքերը չկորցնելու, ներքին կարիքների համար պետք է պայմանագրային որոշ պարտավորություններ կատարեն:
Չորրորդը տրանսպորտային կոմպոնենտն է: Ցավոք, գիտեք, ՀՀ-ն այնպես չէ, որ ելք ունի դեպի ծով, ինչը նշանակում է, որ կարելի է որոշակի պայմաններում գնել զենքը վաճառող երկրից և միջազգային ջրերով ներկրել Հայաստան: Շատ դեպքերում տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդներից, երբեմն ավելի սրվում է օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտպանությունը բարձրացնելու համար, որպեսզի մենք մեզ բավարարված զգանք, խնդիրը լուծելու համար կա անհրաժեշտ ֆինանսական միջոց: