«Հիմա ավելի շատ եմ քննադատելու իշխանություններին». Սերժ Սրապիոնյան
«ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանին ռեկտորը տեղեկացրել է, որ նպատակահարմար չի համարում ինձ հետ աշխատանքային պայմանագիր կնքել, դեկանն ու ամբիոնի վարիչը պնդել են, որ այն պետք է կնքվի՝ նկատի ունենալով և՛ իմ աշխատանքային կենսափորձը, և՛ այն, որ ամբիոնն այսօր հարմար փոխարինող՝ գրականության պատմության այդ շրջանը դասավանդող, չունի: Նրանք կարողացել են փաստել, ինչն էլ ստիպել է ռեկտորին, որը մեծ սիրով կուզենար ազատվել ինձնից, թողնել ինձ իմ աշխատանքային տեղում: Ընդ որում՝ այդ աշխատանքային տեղը քառորդ դրույք է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:
Նա հստակեցրեց՝ քառորդ դրույքի անցել են ամբիոնի գրեթե բոլոր դասախոսները, որովհետև ժամաքանակը կախված է ուսանողների թվից. «Այս պահին ժամանաքանակը բավարար չէ՝ բոլորին համապատասխան դրույքներով ապահովելու, ու ներքին համաձայնությամբ մենք գնացել ենք այն քայլին, որ մասնագետ չկորցնենք: Այդ պատճառով էլ համաձայնել ենք աշխատել նաև քառորդ դրույքով՝ ելնելով ուսանողների շահերից: Քառորդ դրույք նշանակում է՝ մոտ 50 հազար դրամ աշխատավարձ՝ առանց հավելավճարների: Պարգևավճարներ մենք չենք ստանում, դրանք արտոնյալ խավերին պետք է տրվեն: Հաշվեք ինքներդ՝ եթե մարդը գնում է համալսարան և ետ է գալիս Հարավ-արևմտյան թաղամասից կամ Նորքի 9-րդ զանգվածից, դա կբավարարի, լավագույն դեպքում, ճանապարհածախսի համար: Այսինքն՝ այստեղ նյութականից կառչելու որևէ խնդիր չկա: Դեկանն ինձ պարզապես տեղեկացրել է, որ այդպիսի խոսակցություն է եղել, ռեկտորն իմ վերաբերյալ ասել է՝ շատ է խոսում, շատ է քննադատում, լավ կլինի, որ քիչ խոսի, իսկ եթե պետք է խոսի, ապա անուններ չտա: Ես դեկանին չեմ խոստացել նման բան, որովհետև գտնում եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում են նախարարից սկսած մինչև ռեկտոր, ուղիղ հարված է հայոց կրթության սրտին, և ասել եմ, որ ավելի շատ եմ քննադատելու, ինչն էլ անում եմ»:
Գրականագետը նկատեց՝ գործող իշխանությունները համակարգված փորձում են քանդել կրթական համակարգը. «Քանի որ տեսան, որ կրթական համակարգը չեն կարողանում վերջնական քանդել, որովհետև հայ մարդու մեջ կրթության նկատմամբ սրբազան մոտեցում կա, շենքերը կվերացնենք, կրթությունն էլ՝ հետը»:
Նրա դիտարկմամբ՝ չկա որևէ իրողություն, որից ելք չլինի. «Հիմա ելքն այս խունտային իշխանությանը լծակներից հեռացնելն է: Նախկինում մարդիկ մտածում էին՝ սահմանադրական կարգով, օրենքներով, չգիտեմ՝ ինչով, նրանք նախ՝ օրենքներով չեն բռնագրավել այս իշխանական լծակները, և երկրորդը՝ եթե զոհը խեղդվում է դահճի ճիրաններում, դիմում է ցանկացած հնարքի, որպեսզի ազատի իր կյանքը: Մենք այսօր մեր կյանքն ազատելու դժվարին երկընտրանքի առաջ ենք կանգնած, և ես միջոցների առջև խտրություն չէի դնի: Փողոցային պայքարն իր արդյունքը տվել է. այսօր փոխվել է մարդկանց մտածողությունը: Եթե դուք մեկ տարի առաջ փորձեիք այսքան մերկ ներկայացնել հարցերը, կունենայիք հակառակորդների վիթխարի բանակ: Փորձեք նստել հասարակական տրանսպորտ և լսեք մարդկանց բողոքը:
Կուտակվում է բացասական էներգիա, որը հավասարապես վտանգավոր է և՛ ընդդիմադիր շարժման ներկայացուցիչների համար, և՛ իշխանավորների համար: Եթե այս ցասումը պոռթկա, ինչպես հրաբուխներն են ժայթքում, իրենց ճանապարհին ավերակելու ու տանելու են ամեն ինչ: Դրանից հետո մենք կհայտնվենք այնպիսի վիճակում, երբ երկիրը վերստեղծելու խնդիր կունենանք, և ոչ թե՝ վերաշինելու: Հետևաբար՝ պետք է կարողանանք ուղղորդել այդ էներգիան, մարդկանց բացատրենք, որ այս մարդկանց յուրաքանչյուր ասածի մեջ 99.9 տոկոսը սուտ է, որ նրանք քաղցր օրորներով օրորում են մեր լսողությունը, և վաղը մենք կանգնելու ենք այնպիսի մի անելանելի վիճակի առաջ, որ հայտնի կուսակցության հայտնի նշանաբառը՝ ազատություն կամ մահ ենք կանչելու: Իսկ հիմա դեռ կա հնարավորություն, կան մեթոդներ՝ այս մարդուն հեռացնել իշխանությունից՝ իր ամբողջ խունտայով հանդերձ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում