Հայկական ատամնաբուժական վառարան. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքը

«Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (Գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է:

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ-կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաներով։

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), օրինակ, ցուցադրության էր ներկայացրել ատամնաբուժական վառարան, որն ամբողջովին պատրաստվել է Հայաստանում՝ գիտնականների կողմից:

Կարդացեք նաև

Ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց սարքի մասին:

«Շատ մարդիկ ունեն կերամիկական ատամներ՝ բժիշկներն այսպիսի վառարաններ են օգտագործում: Ինչքան ատամնաբույժ գիտեք՝ նրա հետ կա ատամնատեխնիկ, ով ունի այսպիսի վառարան: Նման վառարանները Հայաստան են բերվում դրսից՝ Գերմանիայից, Ռուսաստանից: Սա մեր արտադրանքն է, որն ավելի մատչելի է, ուրախ կլինեինք, եթե կարողանայինք այս վառարանները վաճառել»,- ասաց Սուրեն Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ աշխատանքները սկսել են 5 տարի առաջ, գինը 2000 դոլարի սահմաններում է, իսկ արտերկրից գնելու դեպքում վառարանի ամենացածր գինը 2500 դոլարն է:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ հայկական արտադրանքը չեն նախընտրում, գիտաշխատողը պատասխանեց. «Նախ՝ տեղը չգիտեն: Մարքետինգը լուրջ աշխատանք է: Մեր աշխատանքը գիտության հետ է, սակայն մեզ անհրաժեշտ են օգնականներ, հետաքրքրվող կազմակերպություններ, որպեսզի համատեղ ուժերով հասնենք արդյունքի: Հույս ունենք, որ կգտնվի բիզնեսմենը, ով կհասկանա, որ կարելի է զբաղվել այս գործով»:

Տեսանյութեր

Լրահոս