«Երբ թշնամի երկիրն ընդլայնում է իր ակադեմիան, մեծ թափով ակադեմիական գրոհ է սկսել աշխարհով մեկ, դու բռնում, ինստիտուտներն ես փակում, որ ի՞նչ». ԳԱԱ գիտաշխատողները՝ Կառավարությանը
Գիտությունների ազգային ակադեմիայում անհանգիստ են: 168.am-ին ինստիտուտների մի շարք գիտաշխատողներ հայտնեցին, որ կրկին ակտիվացել են ԳԱԱ ինստիտուտները բուհերին միացնելու մասին խոսակցությունները:
«Դեռևս որևէ որոշում չկա, բայց լուրն օդի մեջ կախված է: Անընդհատ տարբեր տեղերից տեղեկություն ենք ստանում, որ ԳԱԱ ինստիտուտներն անպայման միացնելու են բուհերին: Ոչ մի նորմալ հիմնավորում չկա: Միայն նշում են, որ բուհերը հետազոտական բաղադրիչի պակաս ունեն, ԳԱԱ ինստիտուտները պետք է տանեն բուհական համակարգ, որպեսզի վերջինները ուժեղանան, աշխարհի լավագույն բուհերի շարքում հայտնվեն: Գիտությունների ակադեմիայի յուրաքանչյուր ինստիտուտ կարող է հիմնավորել, թե ինչու է ցանկանում լինել ակադեմիայի կազմում, բայց հակառակ հիմնավորումը, չենք կարծում, որ կարող են տալ: «Դամոկլյան սուրն» անընդհատ գլխներիս վրա է, չենք կարողանում հանգիստ խղճով աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գիտաշխատողները՝ հայտնելով, որ այս պահին Կառավարությունում երկու նախագիծ է քննարկվում, որոնցից մեկը վերաբերում է ԳԱԱ ինստիտուտների և բուհերի միացմանը, մյուսը՝ ԳԱԱ նախագահի առաջարկությունն է, որպեսզի համագործակցություն ստեղծվի հաստատությունների միջև:
«Բոլոր պետությունները չէ, որ ունեն Գիտությունների ազգային ակադեմիա, սակայն, եթե այն կա, ուրեմն պետություն է: ԳԱԱ առկայությունը պետության առկայությունն է: Ստեղծված իրավիճակում, երբ թշնամի երկիրն ընդլայնում է իր ակադեմիան, նոր բաժիններ է բացում, մեծ թափով ակադեմիական գրոհ է սկսել աշխարհով մեկ, դու բռնում, ինստիտուտներն ես փակում, որ ի՞նչ: Ընդհակառակը, պետք է կանչեն պատմության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչներին, խորհրդակցեն, եթե մտահոգ են երկրի ճակատագրով»,- շեշտեցին գիտաշխատողները:
Հիշեցնենք, որ դեռևս 2022թ.հոկտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկված հարցերի թվում նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն է եղել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները:
Գիտության ոլորտում հիմնական խնդիրը, ըստ փոխնախարարի, վերաբերել է ակադեմիայի կարգավիճակին (գիտական, գիտահետազոտական ինստիտուտներ):
«Նոր նախագծով մենք առաջարկում ենք, որ ակադեմիան պահպանի իր կարգավիճակը, որն իր կազմում կմիավորի ակադեմիայի անդամներին, բաժանմունքները, աշխատակազմը և համակարգի կազմակերպությունները: Ակադեմիայի գործառույթներից են գիտության զարգացման և գիտական ու գիտատեխնիկական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև սահմանված կարգով մասնագիտական և փորձագիտական խորհրդատվության տրամադրումը: Բարեփոխումների շրջանակում այս նոր համակարգով կընդլայնվեն նաև Գիտության կոմիտեի լիազորությունները: Ունենք նաև ինստիտուտների խոշորացման խնդիր. ակադեմիական ինստիտուտները և բուհերը պետք է գործեն ավելի սերտ համագործակցությամբ, որի արդյունքում բուհերում կմեծանա հետազոտական բաղադրիչը: Այս նպատակով բազային ֆինանսավորման պահանջները որոշակի չափով կփոխվեն»,- շեշտել է նախարարի տեղակալը: