«Մենք Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք չենք տալու». Փաշինյան

Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:

«Ճանապարհի բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի և Սյունիքի մարզի համար չի ստեղծում, ընդհակառակը դա կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ:

Օրինակ, խոսում են միջանցքի մասին:

Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ մենք Հայաստանի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու: Բայց մենք ճանապարհ տալու ենք, բացելու ենք և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել, որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Եվ հավատացնում եմ, որ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ:

«Դա սպառնալիք է, երբ ճանապարհը բացվի, ուրիշներն այդ կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ունենան, իսկ Հայաստանը չունենա: Մենք ի՞նչ նկատի ունենք. տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ է ստանում Ռուսաստանի հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը Վերին Լարսի ճանապարհից է կախված, իսկ այսօր այդ ճանապարհն ավելի ծանրաբեռնված է, քանի որ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված նախկինում Սև ծովով իրականացված բեռնափոխադրումների մի մասը իրականացվում է այդ հատվածով:

Նա հավելեց, որ շատ կցանկանա, որպեսզի տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, ինչն, ըստ նրա՝ անհնար չէ:

Տեսանյութեր

Լրահոս