Հիմնանորոգվում է Գեղամավան գյուղի բուժկետը
Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գեղամավան գյուղի վարչական ղեկավարի նստավայրի շենքի մի հատվածում այս օրերին ընթանում են բուժամանկաբարձական կետի հիմնանորոգման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սեւան միավորված համայնքի բնակավայրերում կատարված կարիքների գնահատման արդյունքում, որպես առաջնահերթություն, ընտրվել է Գեղամավանի բուժամանկաբարձական կետի վերանորոգումը, որն էլ դարձել է Սեւան-Գրենոբլ համագործակցության առողջապահական ծրագրերի հերթական ենթածրագիրը:
Ծրագրի իրականացման օպերատորն է ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազամկերպությունը:
Շենքի տարածքի քանդմանը կհաջորդեն ներքին եւ արտաքին հարդարման, ջեռուցման համակարգի տեղադրման, սանհանգույցի, կոյուղու համար դիտահորի կառուցման, ջրագծի անցկացման եւ ընթացիկ մի շարք աշխատանքներ:
«Սա դառնալու է ոչ միայն Սեւան-Գրենոբլ համագործակցության` առողջապահական բնագավառում իրականացվող հերթական ծրագիրը, այլ նաեւ՝ բնակավայրի բնակիչների համար սպասված ձեռնարկներից մեկը: Վերանորոգված տարածքը շահագործման կհանձնվի շուրջ մեկ ամիս հետո»,-հավաստեցին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից:
Խոսրով Խլղաթյան