Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով

Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը օգոստոսի վերջին մեկնել է Լոս Անջելեսից՝ դառնալու իր երկրի նոր դեսպանը Գերմանիայում։ Աղաևն իր հետևում խաբեության հետք է թողել։ Հուսով եմ՝ Գերմանիայի կառավարությունը ուշադիր կհետևի այս կասկածելի ադրբեջանցի «դիվանագետին»:

Սկսենք ամենավերջին խայտառակությունից։ Անցյալ շաբաթ Աղաևը «Թվիթեր» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում հպարտությամբ հրապարակեց մի վկայական, որը կրում էր Լոս Անջելեսի գավառի հինգ վերահսկիչներից չորսի ստորագրությունները և որում երախտագիտություն էր հայտնվում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում իր ծառայության համար:

Առաջին ակնարկը, որ ինչ-որ բան սխալ էր, այն էր, որ վկայականում չկար Լոս Անջելեսի գավառի հինգերորդ վերահսկիչ Շեյլա Քյուլի անունը։ Նման փաստաթղթերը սովորաբար ստորագրվում են բոլոր հինգ վերահսկիչների կողմից, որը դիվանագիտական ​​արձանագրություն է։ Պետք է ինչ-որ հատուկ պատճառ լիներ՝  թե ինչու էր բացակայում վերահսկիչ Քյուլի ստորագրությունը: Երբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Արևմտյան շրջան) հարցրեց վերահսկիչ Քյուլի աշխատակազմին, թե ինչու նրա ստորագրությունը չկա վկայականի վրա, նրանք ասացին, որ խնդրել են Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակին չավելացնել նրա ստորագրությունը: Պարզվում է, որ մյուս չորս վերահսկիչները նույնպես թույլտվություն չեն տվել իրենց անուններն ավելացնելու վկայականին։

Կարճ ժամանակ անց, երբ Աղաևը վկայականը տեղադրեց իր թվիթերյան և ֆեսբուքյան էջերում, չորս վերահսկիչներից յուրաքանչյուրը՝ Հոլլի Միտչելը, Հիլդա Սոլիսը, Քեթրին Բարգերը և Ջենիս Հանը, առանձին թվիթերյան գրառումներով Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրեցին, որ իրենց ստորագրությունները «սխալմամբ են ավելացվել վկայականին՝ առանց իրենց թույլտվության»։

Կարդացեք նաև

Չորս վերահսկիչներն իրենց «Թվիթեր»-ին կցել են Լոս Անջելեսի գավառի վերահսկիչների արձանագրային գրասենյակի ղեկավար Լուրդ Սաաբի կողմից ներողություն խնդրելու նամակը: Նամակն ուղարկվել է բոլոր չորս վերահսկիչներին։ Ահա մի հատված նման նամակներից մեկից. «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը սխալմամբ ավելացրել է վերահսկիչ Քեթրին Բարգերի ստորագրությունը անցած շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին ներկայացված վկայականին և ցանկանում է հրապարակայնորեն նշել սխալը»:

Այն բանից հետո, երբ ես կապ հաստատեցի Լոս Անջելեսի գավառի գրասենյակի գործադիր տնօրենի տեղակալ Բրենդա Դյուրանի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականի կարգավիճակը, նա գրավոր պատասխանեց․ «Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակը (գրասենյակ) ներողություն է խնդրում որևէ շփոթության համար: Վերահսկիչների ստորագրությունները սխալմամբ են կիրառվել։ Համապատասխանաբար, գրասենյակը հայտարարում է, որ չարտոնված վկայականն անվավեր է և պետք է հեռացվի բոլոր սոցիալական լրատվամիջոցից կամ որևէ այլ հարթակից: Քանի որ Լոս Անջելեսի գավառը կապված չէ գրասենյակի կողմից այդ գրասենյակի լիազորությունները գերազանցող չարտոնված և սխալ գործողությունների հետ, ոչ ոք չպետք է հիմնվի այդ վկայականի վրա՝ որպես Լոս Անջելեսի գավառի որևէ տեսակի հայտարարություն»։

Այդուհանդերձ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսին սխալմամբ տրված վկայականը դեռևս տեղադրված է նրա թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում՝ կեղծ պնդմամբ, որ նա մեծարվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների կողմից։ Այդ վկայականն առոչինչ է, և նման սխալ տրված վկայականի հրապարակումը անպարկեշտություն է: Ամաչելու փոխարեն Աղաևը քննադատել է Հայ Դատի հանձնախմբին այս սխալ վկայականը վերահսկիչների ուշադրությանը ներկայացնելու համար:

Ոչ ոք չպետք է զարմանա, քանի որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդես է գալիս նման խայտառակ և անպարկեշտ պահվածքով։ Կա ևս չորս օրինակ։ Անցյալ տարվա հոկտեմբերին ես հոդված գրեցի՝ բացահայտելով, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հրապարակել է Սան Դիեգոյի քաղաքապետի կողմից հրապարակված և հետագայում չեղարկված հռչակագիրը։ Քաղաքապետը ներողություն խնդրեց, հաջորդ օրը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը ու խոստացավ հետագայում Ադրբեջանի վերաբերյալ հռչակագրեր չհրապարակել։ Նմանապես, Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը 2021 թվականի փետրվարին հրապարակեց և ավելի ուշ չեղյալ հայտարարեց այսպես կոչված «Խոջալուի օրը» հիշատակելու մասին հռչակագիրը: Քաղաքապետը երկու շաբաթ անց չեղարկեց իր հռչակագիրը և ներողություն խնդրեց հայ համայնքից։

Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Քաղաքապետ Քեթլին Սնայդերը ի սկզբանե հռչակագիր հրապարակեց  2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Սակայն 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշել եմ չեղյալ համարել քաղաքապետի հռչակագիրը … Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը սույն հռչակագրի հրապարակման հետևանքով պատճառված ցավի և վնասի համար»։

Վերջապես, 2021 թ․ հոկտեմբերի 15-ին Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հռչակագիր  հրապարակեց նշելու «Ադրբեջանի օրը»։ Նույն օրը ավելի ուշ, Թորանսի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին ասաց, որ քաղաքապետարանը «սխալմամբ հռչակագիր է հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Տորանս քաղաքում հռչակել էին Ադրբեջանի ազգային օր՝ այն ուժի մեջ մտնելու օրը: Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ քաղաքային իշխանությունները հարգանքով խնդրել են Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը հանել հայտարարությունը բոլոր լրատվամիջոցներից»:

Սակայն, Սան Դիեգոյի և Թորանսի չեղյալ հայտարարված հայտարարությունները մնում են գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում։

Զարմանալի է, որ նման ապաշնորհ ու անպարկեշտ գլխավոր հյուպատոսին պաշտոնանկ անելու փոխարեն, ավելի են բարձրացնում՝ դարձնելով դեսպան Գերմանիայում։ Նկատի ունենալով Լոս Անջելեսում Աղաևի բազմիցս կրկնվող ոչ դիվանագիտական ​​պահվածքը՝ նախագահ Ալիևն ավելի վատ ընտրություն չէր կարող անել՝ նրան դեսպանի կոչում շնորհելով։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս