«Ժամանակն է դադար վերցնել՝ ժանգոտած զենքերը վերանորոգել, վերաիմաստավորել և՛ հոգևոր, և՛ նյութական, և՛ գաղափարական տեսակետից». Զինավոր Մեղրյան

Միջնադարյան հայկական Աղջոց վանական համալիրը կվերականգնվի՝ այս գաղափարի շուրջ արդեն համախմբվել են Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը, և ևս 5 հոգի։

6 հոգու համար այս պահին վանական համալիրի վերականգնումն առաջնային նպատակ է։ Նրանք ցանկանում են իրենց սեփական օրինակով վերականգնման առաջին քայլերն իրականացնել՝ ակնկալելով, որ իրենց շատերը կմիանան։

Աղջոց վանական համալիրը Զինավոր Մեղրյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել վաղուց, երբ արշավական է եղել ու զբաղվել սկաուտական աշխատանքով։ Առաջին ճանաչողական այցն Աղջոց կատարելուց հետո, այն վերականգնելու միտքն ավելի է ամրապնդվել։

Կարդացեք նաև

«Վերջին շրջանում անընդհատ գալիս եմ այդ գաղափարին, որ կա կառուցելու և կա վերակառուցելու ժամանակ։ Անընդհատ  մի միտք կար մեջս, որ մեր հայրենիքի համար հիմա մի շրջան է եկել, երբ ժամանակն է դադար վերցնել, մեր ժանգոտած զենքերը վերանորոգել, վերականգնել, վերաիմաստավորել՝ և՛ հոգևոր, և՛ նյութական, և՛ գաղափարական տեսակետից։

Մեր հայրենիքի, ժողովրդի համար հիմա մի պահ կանգնելու, մեր հաղթական անցյալը վերաիմաստավորելու և այդ անցյալից մեզ հասած ժառանգությունը վերականգնելու ժամանակն է»,- Աղջոց վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Զինավոր Մեղրյանը։

Նրա կարծիքով՝ հաշվի առնելով վանական համալիրի դիրքը, հասանելիությունն ու կարևորությունը, նրա վերականգնումը՝ բոլոր իմաստներով՝ և՛ հոգևոր, և՛ զբոսաշրջության զարգացման իմաստով, կարևոր ու լավ սկիզբ կարող է լինել։

«Ես իմ ընկերներին կոչ եմ արել, փորձենք մեր սեփական միջոցները ներդնել՝ իհարկե, մասնագիտական խմբեր ներգրավելով, Առաքելական եկեղեցու օրհնությունը ստանալով՝ փորձենք վերականգնման աշխատանքներ անենք։ Այսինքն՝ այստեղ և՛ մասնագիտական, և՛ նյութական ռեսուրսը համախմբենք, սեփական օրինակով հենց մենք ինքներս առաջին քայլը կատարելով՝ տեսնենք՝ ինչ կստացվի։ Առաջ Աստված»,- շեշտեց Զինավոր Մեղրյանը։

Ըստ նրա, ժամկետների վերաբերյալ դժվար է խոսել, քանի որ վերականգնման աշխատանքները նեղ մասնագիտական հարցեր են, որոնք պետք է լուծվեն՝ խիստ մասնագիտական աշխատանքի պլանավորում ճարտարապետությունը և այլն։ Այս ամենը վերականգնման աշխատանքների առաջին փուլն են, երբ այդ աշխատանքներն ավարտեն, արդեն կխոսեն կոնկրետ ժամկետների մասին։

Ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցու արձագանքին, Զինավոր Մեղրյանը փոխանցեց, որ պաշտոնապես որևէ մեկի հետ դեռևս չեն խոսել, սակայն այն հոգևորականները, որոնց խոսքն իր համար կարևոր է, նրանցից հետաքրքրվել է, թե Առաքելական եկեղեցին նման քայլերին ինչպես է վերաբերվում՝ ստացել է դրական արձագանք։

«Իհարկե, այս ամենը բավարար չէ, բավարար լինելու համար պաշտոնապես պետք է խոսել Առաքելական եկեղեցու հետ, և այդ ամենն անպայման կիրականացվի»,- եզրափակեց Զինավոր Մեղրյանը։

Նշենք, որ Աղջոց վանական համալիրը ներկայումս ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Վանական համալիրը գտնվում է Արարատի մարզում՝ Խոսրովի պետական արգելոցում։

Ավանդության համաձայն՝ Աղջոց  վանական համալիրը կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ՝ 4-րդ դարում, իսկ 13-րդ դարում վերակառուցվել է։

Աղջոց վանք Սբ. Ստեփանոս վանական համալիրը կազմված է գլխավոր Սուրբ Ստեփանոս եկեղեցուց, գավթից և Պողոս-Պետրոս մատուռից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս