Բաժիններ՝

Հանցավոր թմրաշղթան ամբողջացվեց. չորս անձ կալանավորված է

Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման այս պատմությունը սկիզբ է առնում դեռևս ապրիլից: Ապրիլի 19-ին էր, երբ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալեցին և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված կապույտ մանր բյուրեղներով զանգված, օգտագործված ներարկիչ ու սրվակ: Ըստ տղամարդու՝ հայտնաբերված կանեփն ու կրիստալն իրենն էին:

Նշանակվեց դատաքիմիական փորձաքննություն: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետո այդ վարույթին պետք է միացվեին այլ վարույթներ:

Հաջորդ դրվագը մայիսի 26-ին էր: Աբովյան քաղաքի Հատիսի փողոցից, ապօրինի թմրամիջոց իրացնելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կոտայքի բաժին բերվեց երկու տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ` մոտ 3 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվեց նաև կանաչ թղթե՝ հինգ, և սպիտակ թղթե՝ մեկ փաթեթ:

Սպիտակում բյուրեղանման զանգվածը 0,58 գրամ էր, կանաչներում` 0,22-ից 0,29 գրամ: Ըստ խուզարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա և կրիստալ էր: Իրավապահներին հաջողվեց պարզել, թե նա որտեղ և ումից էր գնել թմրամիջոցները: Հետքերը քրեական հետախույզներին տարան Չափիչի փողոցի 55-ամյա բնակչի տուն: Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները խուզարկեցին տունը. հայտնաբերվեց «Bingo» գրառմամբ մեկ արկղ, որի մեջ կար հինգ փաթեթ՝ ընդհանուր մոտ 13,47 գրամ քաշով կանեփանման զանգվածով, ևս երկու փաթեթ` կանեփի բույսի սերմերի նմանվող զանգվածով։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված հետագա միջոցառումներով ստացվեց տեղեկություն 55-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացնողի վերաբերյալ. Աբովյան քաղաքի 58-ամյա բնակիչ էր: Այդ ուղղությամբ միջոցառումերը տրամաբանական ավարտին հասան հունիսի 27-ին: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների գործընկերների հետ իրականացրած միջոցառման արդյունքում Կոտայքի քրեական հետախույզները նախ ձերբակալեցին և, իրենց մեքենաներով հանդերձ, բաժին տեղափոխեցին երկու տղամարդու: Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, որը 15 հազար դրամով ձեռք էին բերել 58-ամյա տղամարդուց: Խուզարկություն կատարվեց նաև Աբովյան քաղաքի Սևանի փողոցի նրա տանը. հայտնաբերվեցին առանձին փաթեթներում լցված բյուրեղանման զանգվածներ: Սրանով էլ, սակայն, թմրաշրջանառության շղթան չամբողջացավ:

Հետագա միջոցառումներով Կոտայքի քրեական հետախույզները պարզեցին նաև 58-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացնող անձի ինքնությունը. Կոտայքի մարզի Հատիս գյուղի 41-ամյա բնակիչ էր:

Հուլիսի 25-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվեց և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով թղթե փաթեթ:

Օգոստոսի 16-ին, նույն կասկածանքով, Կապուտան-Կոտայք ճանապարհին ձերբակալվեցին ևս երկու հոգի: Երկուսի մոտ էլ հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներով փաթեթներ:

Նույն օրը Կապուտան-Կոտայք-Ակունք գյուղերի խաչմերուկում ձերբակալվեցին ևս երեք հոգի և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Կոտայքի բաժին: Նրանք էլ նույն հատիսցուց 20 հազար դրամով ձեռք էին բերել բյուրեղանման զանգված, ըստ իրենց` կրիստալ:

Արդեն հիմնավորված էր, որ ձերբակալվածներին թմրանյութն իրացրել էր հատիսցի նույն տղամարդը, որը հաշվառված էր Աբովյան քաղաքի իր տանը:

Օգոստոսի 17-ին Հատիս գյուղում նա ձերբակալվեց: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, մեջը` «Զիպ» փականով 10 փաթեթ: 9-ի մեջ կանեփանման զանգվածներ էին՝ յուրաքանչյուրը մոտ 3,5 գրամ, իսկ 10-րդ փաթեթում կար կպչուն ժապավենով փաթեթավորված, բյուրեղանման զանգվածներով թղթե երկու փաթեթ` յուրաքանչյուրը մոտ 0,4 գրամ, ևս մեկը` 5,23 գրամ քաշով: Նրա գրպանից հայտնաբերվեց նաև դեղնականաչավուն զանգված:

Ոստիկանության Կոտայքի և Աբովյանի քննչական բաժինների ծառայողները օգոստոսի 18-ին խուզարկություն կատարեցին նախ Հատիսի նրա բնակության վայրում. հայտնաբերվեց կանեփի 170 բույս։ Նույն օրը խուզարկվեց նաև Աբովյանի Պիոներական փողոցի նրա բնակարանը. հայտնաբերվեց մոտ երկուսուկես միլիոն դրամ և 50 եվրո։

Ապօրինի թմրաշրջանառության շղթայի չորս մասնակից կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս