Բաժիններ՝

Ո՞րն է իմ պատասխանը Քրիստոսի հարցին

«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41)

«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար» (Ղուկաս 18.41)։ Եթե պատկերացնենք, թե Քրիստոս այս հարցն ուղղում է մեզ՝ յուրաքանչյուրիս, արդյոք մտածե՞լ ենք՝ ի՞նչ պատասխան պիտի տանք։

Մեզանից ոմանք կցանկանան գումար ու ֆինանսական միջոցներ՝ այս աշխարհում բարեկեցություն ապահովելու համար։ Այլք գուցե աշխատանք ցանկանան՝ իրենք իրենց իսկ արդար քրտինքով վաստակելու միջոցներն ու իրենց իսկ բարեկեցիկ կյանքը։

Կգտնվեն, անշուշտ, մարդիկ, ովքեր Քրիստոսից առողջություն կխնդրեն իրենց, իրենց մերձավորների, իրենց ընտանիքի և գուցե անգամ ողջ աշխահի մարդկության համար։ Անշուշտ, շատ ջերմ ու կարևոր մի երևույթ, որը հաճախ մոռանում ենք, և հիշում միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք։

Գուցե իմաստությո՞ւն։ Անշուշտ, իմաստությունը մեծագույն պարգևներից է, որը ճիշտ օգտագործելու պարագայում միայն ու միայն ծառայում է որպես մեծ շնորհ ինչպես այն ունեցողի, այնպես էլ շրջապատի համար։

Իսկ միգուցե երջանկությո՞ւն խնդրենք Տիրոջից։ Այո, չէ՞ որ հենց այդ է այն ամենը, ինչ փնտրում ենք մեր երկրային կյանքի ողջ ընթացքում։ Եվ եթե ունենանք երջանկությունը, թվում է՝ էլ ոչնչի կարիք ու պակաս պետք է որ չունենանք։

Մեր ցանկությունները, ինչ էլ որ կամենանք, միևնույն է, բխում են մեր կարիքներից։ Մենք Տիրոջից խնդրում ենք այն, ինչի պակասը, ինչի կարիքն ունենք ամենաշատը։

Իսկ ինչո՞ւ է Քրիստոս մե՛զ հարցնում, թե ինչ ենք ցանկանում, որ Նա անի մեզ համար։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ Նա մեր մասին մեզանից լավ ու հստակ գիտի։

Այդ հարցով Տերը մեզ տալիս է պատասխանատվություն մեր խնդրանքների պատասխանատվությունը ստանձնելու համար, քանի որ քրիստոնյան անպատասխանատու լինել չի կարող։

Իսկ ի՞նչ է տալիս Տերը՝ կհարցնեք։ Այն, ինչ մեզ իսկապես պետք է, ինչի կարիքն ունենք իրականում և գուցե չենք էլ նկատում։ Եվ տալիս է այս ամենը, երբ իսկապես գալիս է պահը, ոչ թե այն ժամանակ, երբ մենք ենք ցանկանում։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս