Հարցեր Թաթուլ Հակոբյանին-2

Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Թաթուլ Հակոբյանին։ Պատճառը, ոչ այնքան, նրա հերթական «վերլուծությունն» է, կապված 1990թ․ օգոստոսի 29-ի իրադարձությունների հետ, որքան նույն հոդվածում հորս՝ Ռաֆայել Իշխանյանի վրաերթի մասին նրա «բացահայտումները»։ Բայց, բացի այդ հարցից, նույն հոդվածի հետ կապված,  այլ հարցեր ևս կուղղեմ  նրան։

1. Պարոն Հակոբյան, հոդվածում առկա է հետևյալ  նախադասությունը․ « 1990-ականներին հայկական խոսույթում շատ տարածված էր «հաբ անել» ձեւակերպումը, որ նշանակում էր ինչ-որ մեկից ինչ-որ բան խլել, զավթել, գողանալ»։ Առաջին անգամ եմ լսում։ Գուցե «հափ անել», որը ոչ թե 1990-ականներից էր տարածված, այլ շատ ավելի վաղ։ Չեմ կարծում, որ չգիտեիք, ուղղակի հարմարեցնում եք։

2․ Փաստորեն, դուք տեղյակ եք, թե ով է վրաերթի ենթարկել հորս՝ Ռաֆայել Իշխանյանին․ «Օգոստոսի 29-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու որոշում ընդունեց այն բանից հետո, երբ նախորդ գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներից մեկի մեքենան վրաերթի ենթարկեց պատգամավոր Ռաֆայել Իշխանյանին․․․»։

Ի գիտություն Թաթուլ Հակոբյանին, 1990թ․ օգոստոսի 28-ին, երեկոյան տուն վերադառնալիս, Կիևյան-Բաղրամյան խաչմերուկը կանաչ լույսի տակ անցնելիս, հայրս վրաերթի ենթարկվեց կանգառում հավաքված տասնյակ մարդկանց աչքի առաջ։ Հայրս ծանր վնասվածքներ ստացավ, որոնք էլ դարձան հետագայում նրա մահվան պատճառը։ Եվ զարմանալիորեն, հայրենի իրավապահ մարմինները, այդքան վկաների առկայության պայմաններում, չհայտնաբերեցին ոչ մեքենան, ոչ վարորդին, բնական է ոչ էլ, վրաերթը հնարավոր կազմակերպիչին։ Արդ, որտեղի՞ց  ձեզ այդ տեղեկությունը, որ մեքենան և վարորդը եղել են ՀԱԲ-ից։

Փաստորեն դուք տիրապետում եք ինչ-ինչ գաղտնի փաստաթղթերի։ Այդ դեպքում, ինչո՞ւ չեք տալիս վրաերթ կատարած անձի անունը և հարց չեք բարձրացնում որ վրաերթ կատարողը պատասխանատվության չի ենթարկվել։

3․ Ճիշտ եք ներկայացնում Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի զոհվելու փաստը, բայց ինչու՞ հարց չեք բարձրացնում, թե ինչու՞ չպարզվեցին նրանց սպանողները և կրակելու հրաման տվողները։

4․ Դուք վստահաբար պնդում եք, որ․ «1990-ի մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն նվազագույն առավելությամբ հաղթել էր Կոմկուսին»: Իսկապես, վստա՞հ եք ձեր խոսքերում։ Իրականում, Կոմկուսն էր հաղթել, բայց զգալով հասարակության տրամադրությունները, ինչպես նաև ներքին բանակցությունների  արդյունքում Կոմկուսի որոշ անդամներ, օրինակ՝ Վիգեն Խաչատրյանը «քցեցին» Կոմկուսին, քվեարկելով հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Հետագայում՝ 1998թ․ այդ երևույթը ստացավ «առնետավազք» անունը։

5․ Եվ վերջապես, հոդվածը սկսում եք հետևյալ նախադասությամբ․ «1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 29-ին, Հայաստանը հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը եւ խուսափեց քաղաքացիական պատերազմից: Հայոց ազգային բանակը զինաթափվեց, իսկ Հայաստանը շարունակեց ժողովրդավարական ընթացքը»: Իսկապե՞ս․․․․ Իսկապես, համոզված եք, որ Հայաստանը շարունակեց ժողովրդավարական ընթա՞ցքը։

Այսինքն, Հայաստանում տեղի չունեցան քաղաքական բազմաթիվ սպանություններ․ Հովհաննես Սուքիասյան, Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Ղանդիլյան, Համբարձում Գալստյան և ուրիշներ։ Բոլոր ընտրությունները սկսած 1995թ․ անցան ազատ և արդար։

Եվ վերջապես, կարո՞ղ եք բացատրել, թե ինչ տարբերություն Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) և Երկրապահ Կամավորական Միության (ԵԿՄ) միջև։ Երկուսն էլ ցանկացած պետության մեջ անընդունելի են,որպես  ոչ պետական  զինված կառույցներ։ Ուղղակի ԵԿՄ-ն, որպես զինված կառույց, իր հիմնադրման օրվանից ահաբեկում է ժողովրդին և սպասարկում օրվա իշխանությանը։ Թե՞ մենք չենք հասկանում,որ  հենց դա է ժողովրդավարությունը։

Հ․Գ․ Ցանկացած գիտություն, վերլուծություն հենվում է առաջին հերթին՝ փաստերի և տրամաբանության վրա։ Երբ տեղերը փոխվում են, այսինքն «տրամաբանությանը» հարմարեցվում են, մեղմ ասած ոչ ճիշտ փաստեր, այն կոչվում է ոչ թե վերլուծություն, այլ՝ քարոզչություն։

Տեսանյութեր

Լրահոս