Հայաստանի դեմ Ադրբեջանը կարող է միլիարդավոր դոլարների հասնող գույքային հայցեր ներկայացնել, և այդ բեռը կրելու է սովորական ժողովուրդը. Սիրանուշ Սահակյան

«Գերիների հարցը հետին պլան է մղվել, և տևական ժամանակ է՝ քաղաքական հարթության մեջ հարցի առնչությամբ առաջընթաց չկա: Մենք երկու առումով ենք գնահատում առաջընթացը՝ արդյո՞ք նոր հաստատումներ կան, չհաստատված, բայց գերեվարված անձանց առնչությամբ արդյո՞ք պաշտոնապես Բաքվի իշխանությունները հաստատում են գերեվարման փաստը, և երկրորդը՝ արդեն իսկ հաստատված գերիներից քանի՞սն են հայրենադարձվել հայրենիք, և եթե չեն հայրենադարձվում, ինչպիսի՞ պատճառաբանությամբ, և հայրենադարձման ինչպիսի՞ պլան է կազմված, որի շուրջ աշխատում են դիվանագետները, քաղաքական գործիչները և այլ միջնորդ դերակատարներ:

Այս երկու առումներով որևէ տեղաշարժ չկա: Այս պահին պաշտոնականացված գերիների թիվը 38 է: Ինչ վերաբերում է չպաշտոնականացված 80 չհաստատված դեպքերին, դեռևս Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն հերքում են: Ընդ որում, նշեմ, որ դատական գործընթացն ընթանում է, և այս ընթացքում ևս դատարանի կողմից հարցումներ եղել են, և մենք էլ փաստերով ապացուցել ենք նրանց՝ գերեվարված լինելը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ կա փոխադարձ համաձայնություն, որ հայրենադարձության խնդիրն առաջընթաց չի արձանագրելու, քանի դեռ քաղաքական օրակարգի մեծ հարցերի շուրջ հնարավոր չի եղել համաձայնություններ ձեռք բերել, իսկ դրանք միակողմանիորեն կապված են Հայաստանի զիջումների հետ:

«Մենք գերիների վերաբերյալ ինֆորմացիա ստանում ենք պաշտոնապես, երբ դատարանին է տեղեկատվություն տրամադրվում դատավարական պարտականության շրջանակներում, ընտանիքի անդամներից, ովքեր «Կարմիր խաչի» միջոցով կապ են հաստատում հաստատված գերիների հետ, և, իհարկե, ադրբեջանական մամուլի մշտադիտարկում ենք կատարում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ինչ վերաբերում է Պատանդառության կոնվենցիայի շրջանակներում դատական գործընթաց սկսելուն, Սիրանուշ Սահակյանը նշեց՝ միջազգային դատական գործընթաց հնարավոր չէ սկսել առանց քաղաքական հաստատման:

«Այստեղ հստակ դերակատարում ունի Արտաքին գործերի նախարարը և կառավարության ղեկավարը, ուստի առանց նրանց համաձայնության կամ թույլտվության՝ այդ հարցերը չեն ներկայացվում: Ինչ-ինչ քաղաքական պատճառներով այս պահին նպատակահարմար չեն գնահատում Պատանդառության հանցակազմով ներկայացնելը, որն ավելի լուրջ մեղադրանք է և բացահայտում է քաղաքական սակարկությունների նպատակով մարդկանց պահելու միտումը»,- ասաց ՄԻԵԴ-ում Հայ գերիների ներկայացուցիչը:

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է՝ բավարար հիմքեր ունենք, որ հայ ռազմագերիները քաղաքականացվել են, և երկու պետություններն էլ օգտագործում են նրանց՝ միջպետական խնդիրներ լուծելու համար:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալի այն հայտարարությանը, թե իրենք ՄԻԵԴ ընդդեմ Հայաստանի հայց են ներկայացնելու բռնի տեղահանվածների իրավունքների խախտման առնչությամբ, ու դա կոնկրետ գին ունի, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ չի կարծում, որ այդ հայցը ՄԻԵԴ-ում հեռանկար ունի, սակայն պետք է խոստովանի, որ կան այլ ատյաններ, այդ թվում՝ արբիտրաժային, որտեղ եթե գործընթացներ սկսվեն, Հայաստանի նկատմամբ գույքային պահանջի հայցեր կարող են ներկայացվել, որոնք նաև կարող են բավարարում ունենալ: Խոսքը միլիարդների հասնող գումարի մասին է:

«Երբ հայտարարվում է, որ Հայաստանն է օկուպացրել տարածքներ, վստահ նշում եմ, որ դրանք ունեն իրավական նշանակություն, և բացառապես այս հայտարարությունների  հիման վրա կարող է Հայաստանի Հանրապետությունը նյութական պատասխանատվություն կրել, այսպես կոչված, «օկուպացված տարածքներում» պատճառված տնտեսական վնասների համար, որի հաշվարկները միլիարդավոր դոլարների են հասնելու: Եվ եթե այս բեռը դրվի պետության վրա, պետությունն ու նրա սեփական քաղաքացիները գոյության խնդիր են ունենալու: Նույնիսկ վստահ չեմ, որ այդքան գումար Հայաստանն ունենալու է փոխհատուցումների համար: Ինչևիցե, այստեղ իսկապես տեսնում եմ հանցավոր արարքներ, որոնք կարող են ստանալ իրավական գնահատական»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ իրողությունն այն է, որ այս բեռը կրելու են հասարակության անդամները:

«Ինչպես պատերազմի բեռը կրեցին սովորական մարդիկ, այնպես էլ սոցիալական բեռը ոչ թե կրելու է քաղաքական էլիտան, որը բարեկեցիկ կյանք է ստեղծելու այլ երկրներում, այլ սովորական ժողովուրդը: Սա, կարծում եմ, շատ պարզ բանաձև է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Անդրադառնալով Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների կողմից իրենց տներն այրելու ու դրա իրավական հետևանքների վերաբերյալ հարցին և ադրբեջանական կողմի տարբեր մակարդակների այն հայտարարություններին, թե Ադրբեջանի կառավարությունը փոխհատուցել է տեղահանվածների բնակարանների համար, Սիրանուշ Սահակյանը նշեց՝ ակնհայտ սուտ է, չի կարող Ադրբեջանը փոխհատուցել Քաշաթաղի շրջանի տեղահանվածների տների կորստի փոխարեն:

«Առ այսօր Ադրբեջանը չի կատարում Սարգսյանների ընտանիքի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Ադրբեջանը պարտավոր էր գումար փոխհատուցել Շահումյանից այս հայ ընտանիքի բռնի տեղահանության դիմաց: Այլ գործեր նույնպես կան: 5 դատական ակտ կա, որոնցով Եվրոպական դատարանը սահմանել է գումար, որը պետք է փոխհատուցվի Ադրբեջանի կառավարության կողմից: Բոլոր ժամկետներն անցել են, բայց Ադրբեջանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները: Ավելին, Ադրբեջանը հասկանում է, որ ՄԻԵԴ դատական ակտերը չկատարելու հետևանքով առաջ են գալու քաղաքական բացասական հետևանքներ, ընդհուպ՝ պատժամիջոցների ներքո, բայց անգամ այդ սպառնալիքների ներքո Ադրբեջանը հրաժարվում է գումար փոխհատուցել հայ զոհերին: Դրա համար ես չեմ պատկերացնում, որ Ադրբեջանը կարող էր գումար հատկացնել առանց դատական ակտերի Բերձորի կամ Աղավնոյի բնակիչների իրավունքների փոխհատուցման համար: Սա հոգեբանական զենք է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ինչ վերաբերում է իրենց բնակարաններն այրելու իրավական կողմին, միջազգային իրավունքի մասնագետը նշեց՝ սեփականության իրավունքը ենթակա է սեփականատիրոջ կողմից օգտագործման, տիրապետման և տնօրինման:

«Տնօրինման եղանակներից մեկը գույքը վառելն է: Եվ այստեղ մենք ունենք հայեցողության հայց: Դա բացառապես սեփականատիրոջ հայեցողության հարցն է: Ուստի իրավական առումով ասել, որ քաղաքացին չի կարող իրեն՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը վառել, իրավական չէ, նաև բարոյական չէ, եթե հարցը վերաբերում է իր ստեղծածը թշնամուն հանձնելուն, և դա այն պայմաններում, երբ այդ որոշման կայացման մասնակից չի եղել այդ նույն քաղաքացին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ըստ նրա՝ որևէ մեկն իրավունք չունի խորհուրդ տալ մյուսին՝ իր զավակին սպանած, իր ընտանիքի համար անվտանգային սպառնալիքներ ստեղծած թշնամուն թողնել իր ողջ կյանքի ստեղծածը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս