Ինչո՞ւ հայկական կողմը չբացահայտեց վաղը սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման օրակարգը. Ի՞նչ հարցեր են քննարկվելու Բրյուսելում

Վաղը Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև չորրորդ հանդիպումը: Մինչ դա, ինչպես հայտնել էր Եվրոպական խորհուրդն իր թվիթերյան էջում, ԵԽ նախագահ Շառլ Միշելը նախապատրաստական հեռախոսազանգեր է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ:

ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: «Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հանդիպման օրակարգում այն նույն հարցերն են լինելու, ինչ նախորդ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել մայիսի 22-ին: Հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն, մինչ դա Կառավարությունը չի հստակեցրել քննարկվելիք թեմաներն ու հայկական կողմի օրակարգը, սպասելիքները սպասվող բանակցություններից:

Իսկ Բաքուն հույս է հայտնել, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Այդ մասին օրերս Շուշիում հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով իր հերթին՝ ժամանակ առ ժամանակ կրկին Բրյուսելի հովանու ներքո հանդիպումներ է ունենում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։

Կարդացեք նաև

«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի կարծիքով՝ Հայաստանի կողմից վարանումներ կան այս գործընթացի շուրջ։

Այս տարի Եվրամիության մայրաքաղաքը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հիմնական վայրը։ Վերջին անգամ այս ձևաչափով հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել էին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր, ինչպես նաև հանձնարարել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Բրյուսելում ընթացող բանակցությունները բովանդակային բավականին լուրջ փուլում են, որի մասին են վկայում են ոչ թե հայտարարությունները և հատկապես՝ հայկական կողմի, այլ զարգացումները և այն որոշումները, որոնք կայացվում են:

Նրա որակմամբ, պարզ է, որ կան լուրջ գործընթացներ, հայկական կողմն ազատեց մի քանի բնակավայրեր, ակտիվորեն քննարկվում է միջանցքների հարցը, հանդիպումներ են տեղի ունենում և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ, թվում է, որ որոշ տարաձայնություններով, բայց գործընթաց կա:

Եվսեևը նաև հավելեց, որ հայկական կողմն ավելի փակ է աշխատում, քանի որ պատերազմից հետո հաղթողի իր դիրքերը շարունակում է պահել Ադրբեջանը:

Նրա կարծիքով՝ պետք չէ զարմանալ, երբ ադրբեջանական կողմը խոսում է Խաղաղության համաձայնագրի նախապատրաստական փուլի մասին, քանի որ ամիսներ առաջ եղավ տեղեկատվություն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանձնարարել էին խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

«Բնականաբար, ժամանակի ընթացքում գործընթացը պետք է տրամաբանական զարգացում ունենա, հատկապես, երբ Ադրբեջանն ու Թուրքիան՝ պայմանավորված եվրոպական մայրցամաքում ծավալվող զարգացումներով, շտապում են: Ուստի հնարավոր է, որ այն օրակարգը, որն ադրբեջանական կողմն է ներկայացնում, համապատասխանում է իրականությանը, կամ դա սպասելիքների շարքից է»,- ասաց նա:

Վերլուծաբանի խոսքով, այսօր Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին շատ քիչ է խոսվում, այս հարցով, թվում է՝ կողմերի միջև լուրջ տարաձայնություններ չկան, սակայն նկատվում են տարաձայնություններ սահմանազատման ու միջանցքի հարցերի շուրջ:

«Միջանցքի կամ ճանապարհի հարցը, բացի երկկողմ հարց լինելը, ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական բաղադրիչ, կարևոր է Արևմուտքի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի համար, սա է նաև այս հարցի բարդ կողմը: Այնուամենայնիվ, բանակցությունները Բրյուսելում տեղում չեն դոփում, տեղաշարժեր կան»,- նշեց նա:

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետք է արձանագրել, որ բանակցություններն ունեն հստակ գիծ, բովանդակություն և աշխարհաքաղաքական ասպեկտ, քանի որ տեղի են ունենում Բրյուսելում:

«Չեմ կարծում, թե այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, հեշտ են, պարզապես աշխարհաքաղաքական մթնոլորտն այնպիսին է, որը խթանում է նաև այս գոտում զարգացումներն իր բոլոր բաղադրիչներով: Դրա մի կողմը, օրինակ, ԵՄ-ի ակտիվ աշխատանքն է ռեգիոնում, որպիսին երբեք չենք տեսել վերջին մեծ ժամանակաշրջանում: Տևական ժամանակ է անցել նախորդ հանդիպումից, էական զարգացումներ են տեղի ունեցել, դրանք էլ կլինեն սպասվող բանակցությունների օրակարգում, որոնց հետևում են Անկարան, Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը, Թեհրանը, նախապատրաստվում են զարգացումներ ԵԱՀԿ ՄԽ-ի մասով, ԱՄՆ-ը ներկայացուցիչ նշանակեց, Ֆրանսիան, ԱՄՆ-ը զգուշավոր են իրենց գործողություններում, թերևս, սա նշանակում է, որ որքան էլ անհույս է, բայց ԵԱՀԿ ՄԽ-ի համար հնարավորություն կա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս