Անբավարար գնահատական չնշանակելով՝ սովորելու ձգտումը կկորչի. երեխան կգնա դպրոց, կփոխադրվի, ու անգրագետների թիվը կշատանա. Կրթության փորձագետ
Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։ Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։
Չափորոշչով սահմանված են նաև ԲՏՃՄ բնագավառում ուսուցման որակի աճը, հայագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը և այլ առաջնահերթություններ։ Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի մեկնաբանությամբ, եթե անբավարար գնահատականներ այլևս չնշանակեն, ապա երեխան մեխանիկորեն, անկախ նրանից՝ գիտելիք ունի՞, թե՞ չունի, փոխադրվելու է հաջորդ դասարան, ինչը նշանակում է՝ անուշադրության մատնել վատ առաջադիմություն ունեցող երեխաներին:
«Եթե հիմա երեխան անընդհատ բացասական գնահատական է ստանում և չի կարողանում փոխադրվել հաջորդ դասարան, ուսուցիչները փոքրիկ հանձնարարություններ են տալիս, երեխան գոնե ինչ-որ մի բան սովորում է: Իսկ այս դեպքում, մեկ է՝ կիմանան, որ, այսպես թե այնպես, փոխադրվելու են հաջորդ դասարան, և ուշադրություն չեն դարձնի: Կարծում եմ, որ սովորելու ձգտումը կկորչի: Երեխաները չեն սովորի, ուսուցիչներն էլ չեն սովորեցնի: Կդառնա ձևական բան՝ երեխան կգնա դպրոց, կփոխադրվի, ու անգրագետների թիվը կշատանա: Ամեն դեպքում ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պետք է պատրաստ լինեն դրան»,- մեզ հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը:
Զրուցեցինք նաև ուսուցիիչների հետ. նրանց կարծիքով ևս նման որոշումը սխալ կլինի, քան որ աշակերտին սաստելու մեկ գործիք կար, դա էլ չի լինելու: