«Ադրբեջանը նման քարոզչություն իրականացնում էր դեռևս մինչև պատերազմը՝ չենք ուզում հավատալ, որ այս իշխանությունն ի վիճակի է թույլ տալ նման ստորություն». Մետաքսե Հակոբյան
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի Ժողովրդավարություն և բարգավաճում (ADR) կուսակցության նախագահ պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն իր տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ Բերձորից տեղահանված բնակիչներին Ադրբեջանի կառավարության կողմից տրվել է փոխհատուցում։
Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, որը ցանկանում է քարոզչական նպատակո՞վ տարածել, թե՞ այլ նպատակ կա այդ հայտարարության տակ։
168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ նման բան իրեն հայտնի չէ, որևէ տեղեկատվություն չունի։
«Ամեն դեպքում տեղահանված բնակիչներին որևէ փոխհատուցում դեռևս չի տրվել։ Տեղահանված բնակիչներին բնակարաններ վարձակալելու համար պետք է 40 հազար դրամ տրամադրեր Արցախի Կառավարությունը յուրաքանչյուր ամիս, բայց իրենք դեռևս ցուցակագրված չեն, այդ գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 1-ից։ Այսինքն՝ այդ առումով երեք համայնքների բնակիչները դեռևս որևէ պետական աջակցություն չեն ստացել։
Ադրբեջանական լրատվությունում ես էլ եմ հանդիպել նման տեղեկությունների, Ադրբեջանը նման քարոզչություն իրականացնում էր դեռևս մինչև պատերազմը։ Իրենց, այսպես կոչված, «ներկայացուցիչը» Ստեփանակերտում, որը իբր հայատառ էր գրում, դիմում էր Արցախի ժողովրդին տարբեր աջակցությունների մասով։ Նման պահվածքն այն ժամանակ մենք դիտարկում էինք՝ որպես ադրբեջանական հերթական ցինիզմը։ Սակայն պատերազմի ընթացքում պատկերը փոխվեց, ակնհայտ էր, որ հայկական պաշտոնական լրատվությունը և քարոզչամեքենան ողջ պատերազմի ընթացքում աշխատում էր հակառակ մեզ, այսինքն՝ սուտ էր, կեղծիք էր։ Տարածքը հանձնում էին, բայց ժողովրդին մոլորեցնում էին, թե այդ տարածքի համար պայքարում են։ Այդ ամենն արվում էր ոչ թե Արցախում ապրողների համար, այլ Արցախից դուրս ապրող մեր հայրենակիցներին մոլորեցնելու համար»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Շարունակելով միտքը՝ նա հավելեց, որ պատերազմից հետո նույն գործելաոճը գրեթե չի փոխվել, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը միևնույն հարցի վերաբերյալ տարբեր ժամանակներում կարող էր հնչեցնել հակասական կարծիքներ։ Այս ամենը խուճապ է առաջացնում և մարդկանց ստիպում է հետևել թշնամական լրատվամիջոցներին և հավատալ նրանց տված տեղեկատվությանը։
«Նույնիսկ իշխանությունների կողմից այսքան դավաճանությունների ենթարկվելուց հետո, չենք ուզում հավատալ, որ այս իշխանությունն ի վիճակի է թույլ տալ նման ստորություն, հերթական ու ավելի դաժան դավաճանություն անի։ Բայց ես չեմ բացառում, որ նման բան անեն, այս իշխանությունների օրոք ոչինչ չեմ բացառում։ Ամեն ինչ այնքան կազմակերպված են անում, որ ամեն ինչ արվում է, հետո ենք իմանում՝ ինչն ինչոց է»,- շեշտեց պատգամավորը։