Մարմնի միայն չորս մասերը լվանալու գովազդից մինչև գիշերային լուսավորման արգելք և ուկրաինացի VIP փախստականներ. Գերմանիայի իրական կողմը

Եվրոպական երկրներում ամենից քննարկվող թեման գալիք ձմեռն է. քաղաքացիներին մասնավորապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է լուծվելու ջեռուցման հարցը՝ այն դեպքում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով խիստ սրված էներգետիկ ճգնաժամի պայմաններում հնարավոր են հոսանքի և գազի մատակարարման անջատումներ:

Դեռ այս տարվա ապրիլին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը կոչ էր արել հանրությանը խնայել էներգիան, որպեսզի նպաստեն ռուսական ներկրումից երկրի անկախությանը:

Մասնավորապես, խնայողությունների հետ կապված, Հաբեկն ընդգծել էր, որ կարող են ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական ներկրումից, եթե դա դիտարկեն որպես մեծ համատեղ նախագիծ, որում բոլորը ներգրավված են:

Այդ ժամանակ նա կոչ էր արել Զատկի տոնին օգտվել գնացքից և հեծանիվներից, ինչն ըստ նրա՝ ավելի «հեշտ» կլինի դրամապանակի համար, և կզայրացնի Պուտինին:

Այս հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց գերմանական հայտնի BILD-ը՝ «Մարմնի այս չորս մասերը լվանալը բավարար է» վերնագրով հոդված է հրապարակում, որտեղ գլխավոր ուղերձն այն էր, որ կարելի է քիչ ժամանակ անցկացնել լոգարանում՝ միևնույն ժամանակ պահպանելով հիգիենան:

Դերմատոլոգ Յաել Ադլերը ընդգծել էր, որ շատ մաշկաբանական խնդիրներ պայմանավորված են չափից ավելի խնամքով. «Այսպիսով, եթե հաճախ չեք լոգանք ընդունում, դուք ոչ միայն էներգիա եք խնայում, այլև օգնում եք ձեր մաշկին»,- ասվում էր BILD հոդվածում:

Նախարարի հայտարարությունը և BILD-ի հոդվածը համադրելով՝ սոցցանցերը ողողվեցին Ուկրաինայի դրոշը ձեռքին տղայի նկարով, որը մակագրված էր այսպես. «Լվացեք միայն այս չորս հատվածները, եթե ցանկանում եք զայրացնել Պուտինին: Նաև ջուրը պետք է խնայել ազատության համար»:

Գերմանիայի կառավարությունը որոշել է սեպտեմբերից սկսված հանրային հիմնարկներում սահմանել առավելագույնս 19 աստիճան (նստակյաց աշխատողների համար)։ Ակտիվ աշխատանքի դեպքում՝ 12 աստիճան։

Հանրային շենքերի և արձանների գիշերային լուսավորումն արգելվում է։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ պատերազմն ամեն բան տակնուվրա է արել: Եվ հիմա Գերմանիայում խոստովանում են, որ ոչ շատ թանկ գազը նաև ծուղակ է դարձել, քանի որ հստակ կախվածություն է առաջացրել:

Այս ամենին զուգահեռ՝ Կանցլեր Շոլցը վերահաստատել է, որ Գերմանիան շարունակելու է փողերով և գերժամանակակից զենքերով աջակցել Ուկրաինային մինչև այդ երկրում խաղաղության վերահաստատումը։

168.am-ի հետ զրույցում Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը, որը նախընտրեց անանուն մնալ, ընդգծեց, որ գերմանացիների շրջանում դժգոհության ալիքը բավականին մեծ է՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքների հետ.

«Ուկրաինացի փախստականներն այստեղ համարվում են VIP փախստականներ, քանի որ նրանց ամեն ինչ տրվում է, ամեն ինչից անվճար օգտվում են։ Դրան զուգահեռ՝ ամեն ինչ ահավոր թանկացել է, մարդիկ ահավոր դժգոհ են: Փախստականների մեջ ակնհայտ խտրականություն է դրված: Ինչպես գիտեք՝ Գերմանիայում բազմաթիվ փախստականներ կան, բայց ուկրաինացիները բոլորովին այլ կարգավիճակ ունեն»:

Տեսանյութեր

Լրահոս