«ՌԴ-ում չեն կարծում, թե Հարավային Կովկասում Մոսկվայի համար ինչ–որ բան է փոխվելու, սակայն ցնցումներ հնարավոր են». ռուս վերլուծաբան
Հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հերթական շփումները տեղի կունենան կրկին Արևմուտքում:
Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Այս մասին վաղ առավոտից շրջանառվող լուրերն ավելի ուշ հաստատեցին նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ շաբաթներ առաջ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը հայտարարել էր, թե Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ:
«Ինչպես գիտեք, Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ամենաբարձր մակարդակով ցանկացած շփում մեկնաբանվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Միևնույն ժամանակ, ծրագրեր կան բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբեր թեմաներով մինչև օգոստոսի վերջ։ Ավելի կոնկրետ տեղեկատվություն ձեզ կներկայացվի ավելի ուշ»,- նշել էր նա:
Այսօր հայտնի դարձավ նաև, որ օգոստոսի 30-ին Մոսկվայում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովները: Այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հարկ է նաև հիշեցնել, թե հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ինչ մթնոլորտում են տեղի ունենում այս զարգացումները: Իսկ այդ մթնոլորտը գոնե հրապարակային դաշտում, մեղմ ասած, խնդրահարույց է: Օրերս Ռուսաստանն աննախադեպ քայլի դիմեց, բողոքի նոտա հղեց Հայաստանին ռուսաֆոբիայի դրսևորումների ու դրանք հովանավորող քաղաքական շրջանակների դեմ, դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 23-ի ուղերձը, որում նա նշել էր. «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:
Իսկ օգոստոսի 24-ին երկու հետաքրքրական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանում բնակություն հաստատած Ռուսաստանի քաղաքացիների մի փոքր խումբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների կես տարին լրանալու օրը ՌԴ նախագահի պաշտոնավարման դեմ բողոքի ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակի տարածքում, ցույցի կազմակերպիչները բերման ենթարկվեցին Ոստիկանություն, ինչը Հայաստանում արևմտյան շրջանակների կողմից բողոքի մեծ ալիք բարձրացրեց և նույն օրը հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց տեղի ունեցավ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ: «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Միաժամանակ, ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելությանը դերը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ստեղծված իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում և Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի հետ կապված ընդհանուր առմամբ ունի մեկ գլոբալ պատասխան՝ աշխարհաքաղաքականություն, որից ամեն ինչ ազդեցություն է կրում: Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները ևս իրենց խնդիրներն ունեն, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, հիմնավոր, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ:
Ըստ նրա, ՌԴ-ից կա դժգոհություն, որը հիմնավոր է, և կա դժգոհություն, որն ուղղորդված է ու, բնականաբար, հիմնավոր չէ: Ուստի, նրա խոսքով, բողոքի նոտան արձագանք է մթնոլորտին, որն ունի ոչ հիմնավոր պատճառներ, և նրա հետևանք է, որ ակտիվ աշխարհաքաղաքական ազդեցություն կա: Մյուս կողմից նա նշեց, որ Ռուսաստանում կա պատկերացում, ու դա ունի տրամաբանություն, որ Հայաստանը շատ այլընտրանքներ չունի ոչ Արևմուտքի, ոչ Թուրքիայի տեսքով, թեև դա հայ հասարակության որոշում պետք է լինի:
«Սակայն Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը համագործակցի իր թե հարևանների, թե Արևմուտքի հետ, սակայն Ռուսաստանը հետսովետական տարածքում իրեն դեռ պատկերացնում է՝ որպես գլխավոր ուժ, ու դա այդպես է: Ուստի ներկայումս ստեղծված իրավիճակը ես կանվանեի՝ որպես անցողիկ դրվագ, լարվածություն, որն ունի բազմաթիվ հիմնավոր ու անհիմն պատճառներ, այդ թվում՝ անվտանգային՝ պայմանավորված ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով:
Բնական է, որ հետսովետական տարածքում ցանկացած խնդիր կարևոր է ՌԴ-ի համար, սակայն Ուկրաինան այսօր իր կարևորությամբ առաջ է անցնում բոլոր խնդիրներից: Սա է պատճառը, որ Հարավային Կովկասում ամեն զարգացում չէ, որ պատշաճ արձագանք է ստանում ՌԴ-ի կողմից: Ուստի ՌԴ-ն այսօր թե Ղարաբաղյան միջնորդությունների, թե անվտանգային հարցերի առումով ավելի հեռադիր պահվածք է ցուցաբերում, ունենալով ռեգիոնում իր «հենակետերը», որոնք աշխարհաքաղաքական խնդրի լուծման դեպքում կարող է ակտիվացնել: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի համար մտավախությունների առիթ չեմ տեսնում, սա բարդ շրջան է ու փոքր ու մեծ ցնցումները բնական են»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ տարածաշրջանի նշանակությունը Ռուսաստանի համար չի փոխվել և չի փոխվելու, սակայն կա ավելի կարևորը՝ Ուկրաինան:
Ինչ վերաբերում է եռակողմ բանակցություններին Բրյուսելի միջնորդությամբ, ապա վերլուծաբանը գտնում է, որ Մոսկվան կարծես այդ միջնորդությանը դեմ չէ և արտոնում է՝ հաշվի առնելով իր ներկա փուլի առաջնահերթությունները:
«Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Մոսկվան կա բոլոր բովանդակային քննարկումներում, որոնք վերաբերում են սահմաններին ու ապաշրջափակմանը: Զուգահեռաբար նկատելի են նաև Արևմուտքի՝ տարածաշրջանում ինչ–որ բան փոխելու ջանքերը, սակայն դա պետք է հիմնված լինի հնարավորությունների ու Արևմուտքի՝ ռեգիոնում ավելի մեծ ներգրավվածության, ներկայության քաղաքական կամքի հետ, ինչը ևս մեծ հույս չի ներշնչում:
Պարզապես պետք է դիտարկել, որ սա աշխարհաքաղաքական մրցակցության փուլ է, որը չի կարող չունենալ իր ազդեցությունը: Բայց ՌԴ-ում չեն կարծում, որ գլոբալ առումով՝ երկարաժամկետ ապագայում Հարավային Կովկասում Մոսկվայի համար ինչ–որ բան է փոխվելու, սակայն ցնցումներ հնարավոր են, և ներկայումս այդ ցնցումների փուլն է»,- ասաց նա: