Բաժիններ՝

Փորձության անտեսանելի ընկերը

«Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 17:7)

Բոլորիս կյանքում էլ լինում են այնպիսի պահեր, երբ կարծում ենք, որ միայնակ ենք մեր փորձությունների մեջ։ Մտածում ենք, որ դրանք այլևս անհնար է հաղթահարել, քանի որ դրանցից պարզապես ելք չկա։ Փորձությունները ընկալում ենք որպես չարիք՝ հարատև, ոչ ժամանակավոր։ Իսկ փորձություններից հնարավոր ելքերը մշտապես պատկերացնում ենք վատագույն կերպերով՝ երբեք ու երբեք չմտածելով՝ իսկ գուցե բնավ էլ վատ չվերջանա՞։

«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2),- ասված է Սուրբ Գրքում։ Ուստի՝ մեր այս մոտեցումը ոչ թե այլ մեկի, այլ հենց մե՛ր բացթողումն է, քանի որ փորձություններում մենք չենք տեսնում Աստծո կամքը, այլ միայն ու միայն տարված ենք մտքով, թե ինչպես անենք, որ այս չարքից ազատվենք՝ թեկուզ և մեծ կորուստներով։

Նման պահերին պիտի հիշենք մի կարևոր առաքինության՝ հույսի մասին։ Վերջինս, ի դեպ, փորձության անտեսանելի ընկերն է։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Քանի որ հույսը մշտապես գալիս է փորձությունների հետ՝ ձեռք- ձեռքի բռնած։ Միայն թե մի առանձնահատկություն կա՝ հույսը, ի տարբերություն փորձության, միշտ չէ, որ երևում է, այլ սպասում է, որ նրան բացահայտենք ինքներս։ Այն տեսանելի չէ, սակայն գոյություն ունի։

«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմ. 5:5),- Սուրբ Գրքի այս տողերը թող մեզ համար դառնան օրինակ և ուղենիշ։ Փորձությունների պահին ոչ թե առաջնային մտածենք, թե ինչպես արագ դուրս գանք՝ կորուստների հաշվին, այլ դռանանք դեպի Տերը և մեր հույսը դնենք Տիրոջ վրա՝ խնդրելով, որ Նա առաջնորդի մեզ մեր դժվարին պահերին։ Այդպիսով առաջինը ոչ թե փորձությունը, այլ հույսը կտեսնենք, որ գալիս է փորձության հետ, թեև գուցե ոչ միշտ ենք նրան նկատում։ Չէ՞ որ Աստվածաշնչում ասված է․ «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 17:7)։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս