Հարցեր Թաթուլ Հակոբյանին
Երկար ժամանակ ինձ զսպում էի, որպեսզի չանդրադառնամ խոշոր վերլուծաբան, հայոց պատմության հմուտ մասնագետ, բարձրակարգ լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակումներին։ Սույն գործիչը պարբերաբար հրապարակումներ է անում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ և որպես վերին ճշմարտություն, մշտապես հղումներ անում իր կուռք Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերին, այն է՝ ժամանակին պետք է զիջեինք և ազատագրված տարածքները և Լեռնային Ղարաբաղը, որը և հնարավորություն կտար հանգիստ, ապահով կյանքի։ Բայց այսօր լսեցի Թաթուլ Հակոբյանի հերթական, արդեն՝ նիկոլական քարոզչությունը և որոշեցի արձագանքել։ Թաթուլ Հակոբյանն արդարացնում է վարչապետ կոչեցյալի որոշումը, ադրբեջանցիների համար Հայաստանում երեք անցակետեր տրամադրել և իր խոսքերով «ոչմիթիզակականությունն» անվանում «մառազմ»։
Մի շարք հարցեր եմ ուղղում Թաթուլ Հակոբյանին․
1․ Որպես հմուտ քաղաքագետ, կարո՞ղ եք համաշխարհային պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, որ որևէ ազգ, ժողովուրդ, պետություն չի եղել «ոչմիթիզական»։ Միակ դեպքը եղել է 1978թ․ կնքված Քեմփ Դեյդվիդի համաձայնագիրը, կնքված Իսրայելի վարչապետ Մենաչհեմ Բեգինի և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի միջև, համաձայն որի Իսրայելը 1979թ․ Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին, Եգիպտոսի կողմից Իսրայել պետությունը ճանաչելու դիմաց։ Մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնեմ՝ ինքս լինելով «ոչմիթիզական մառազմատիկ», սրտի կսկիծով կհամաձայնեի որոշակի զիջումների՝ Արցախի անկախ կարգավիճակի դիմաց։ Հետաքրքրական է, որ և՛ Բեգինը և՛ Սադաթը իրենց հայրենակիցների կողմից համարվեցին դավաճաններ և ահաբեկչության զոհեր դարձան։ Ի դեպ, Սինայի թերակղզին Իսրայելը չէր համարում իր պատմական տարածքը, ի տարբերություն մեզ համար հայոց պատմական Արցախի։Ինչևէ, կրկնում եմ առաջարկս, բերել այլ օրինակ, որ որևէ կամավոր տարածքային զիջում է եղել հանուն խաղաղության։ Կարո՞ղ եք հաստատակամորեն պնդել, որ ժամանակին հայկական կողմից միակողմանի զիջումները առավել չէին լկտիացնի հակառակորդին, զիջումները համարելով թուլության նշան և ինչպես այսօր, նա կպահաջեր նորանոր զիջումներ և բացարձակապես կապ չունի, թե այդ զիջումները կատարվել են կամավոր, թե պատերազմում պարտվելու հետևանքով։ Նույնիսկ ձեր կումիրը զարմացավ, որ Ադրբեջանի նախագահը «մեծահոգություն» չի ցուցաբերում։ Թե՞, ձեր հույսը, այսպես կոչված միջազգային հանրության վրա է, այն նույն միջազգային հանրության, որը հանդուրժում է Կիպրոսի օկուպացիան, մի քանի տարի առաջ տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը։ Ի դեպ, Հայաստանի և երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կողմ էին փոխզիջումների, բայց Ադրբեջանի նախագահն ուզում էր ամեն ինչ և՛ ազատագրված տարածքները, և՛ Լեռնային Ղարաբաղը, մտքում ունենալով նաև Սյունիքն ու ողջ Հայաստանը։
2․ Սպասելի է, որ ինձ կհակադարձեք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ էր փուլ առ փուլ լուծումների, բայց ոչ Արցախի կարգավիճակի զիջման գնով։ Հիշեցնե՞մ, դեռևս 1991թ․ ԳԽ փակ նիստում նա պատգամավորներին համոզում էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, 1992թ․ «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցը․«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:
3․Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ, որպես համաշխարհային քաղաքականության և պատմության խոշորագույն գիտակ․ ինչպե՞ս եք վերաբերվում այնպիսի քաղաքական գործչի, ով խոստումներ է տալիս ժողովրդին, օրինակ՝ Արցախը Հայաստանի հետ միավորելու․ «Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի միավորվել մայր Հայաստանի հետ, պայք՛ար, պայքա՛ր, մինչև վերջ», այդ ալիքի վրա գալիս է իշխանության և․․․չշարունակեմ։ Թերևս ինքս ևս մեկ այլ օրինակ բերեմ՝ ձեր կողմից պաշտպանյալ, այսօրվա վարչապետ կոչեցյալը։
4․Ձեր խոսքում արդարացնում եք և «հիմնավոր» բացատրում վարչապետ կոչեցյալի որոշումը Հայաստանի տարածքով երեք անցակետեր Ադրբեջանին տրամադրելու համար․ «Կարևոր է, որ ՀՀ տարածքը դառնա երթևեկելի հարևան բոլոր պետությունների համար»։ Ինչպիսի մեծահոգություն։Հիշեցի Հովհաննես Թումանյանի խեղճուկրակ Գիքորին․ «Էստի՛ համեցեք»։ Ոչինչ, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը, որ այլ ցանկացած երկրի հայկական ծագումով քաղաքացու մուտքն Ադրբեջան արգելված է, որ Ադրբեջանը հավակնում է ողջ Հայաստանի տարածքին, որ Ադրբեջանում տառապում են մեր գերիները․ չշարունակեմ․․․
5․ Իսկ ի՞նչ կարծիքի եք 2020թ․ հրահրված խաղաղության, ներեցեք՝ պատերազմի մասին։ Չէ՞ որ դուք արդեն, մինչ պատերազմը Հ1-ով քարոզում էիք հանձնվել, երազելով ադրբեջանական գյուղմթերքների և հայկական կոնյակի փոխառևտրի մասին։ Հասա՞ք ձեր նպատակին։
Ներեցեք, բայց ձեր տեսակետը զուրկ է ազգային արժանապատվությունից, ձեզ համար հայրենիքն անշարժ գույք է, որը մաս առ մաս հանձնելով կարելի է լավ ապրել։ Ցավոք, դուք մենակ չեք և ձեր նմանների քարոզչությունը հիմնականում հասել է նպատակին և դուք բոլորդ մտածում եք՝ քիչ մնաց։Հուսով եմ թույլ չենք տա։