«Հռչակագիրը պետության հիմնադրման փաստաթուղթ է. ամբողջ ազգն այդ օրը փողոցում էր». Հրանուշ Հակոբյան
Այսօր Անկախության հռչակագրի 32-րդ տարին է։ Այս կապակցությամբ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախաձեռնել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների կազմով նիստ։
Ժամը 17։00-ին էլ Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հրավիրված նիստին ներկա էր նաև ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա հիշեց և հիշեցրեց, թե ինչպես 32 տարի առաջ այս օրը հրավիրված նիստի ընթացքում հրապարակվեց և ընդունվեց Անկախության հռչակագիրը:
«Այդ օրը երևի հայ ժողովրդի միասնության, համախմբման ոգևորության օրն էր։ Աննկարագրելի էր այն զգացումները, որ մենք ապրում էինք, որովհետև մենք այդ օրն առաջին անգամ խորհրդային 70 տարիներից հետո կարողացել էինք ուժ ունենալ, ոգևորվել և ընդունել մի հիմնարար փաստաթուղթ, հայոց պետությունը կառուցելու փաստաթուղթ, և այդ պետության կառուցման 12 կետերը, որոնք մշակվեցին, առաջադրվեցին։ Հիշում եմ նաև իմ ելույթը: Երբ վերանայում եմ, թե ինչ եմ խոսել, երևի նույնը կասեի, այդքան կարևոր հարցադրումներ ենք մենք արել Հռչակագիրն ընդունելիս։
Այն փոթորիկը, որ բարձրացավ պառլամենտում՝ Մելիք-Ադամյան 1 հասցեում, ամբողջ ազգը փողոցում էր, այնպիսի ցնծություն էր, այնպիսի ոգևորություն էր, այնքան ուրախ էր ժողովուրդը, որովհետև մենք առաջին անգամ հայտարարեցինք, որ Հայաստան պետությունն ընթանալու է բոլորովին նոր ուղիով, ոչ թե խորհրդային ժամանակներում սահմանված կարգով և ռեժիմով։
Առաջին անգամ մենք հռչակեցինք օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Մեր հռչակագրում ամենագլխավոր սկզբունքներից մեկն այն էր, որ խոսքի, մամուլի, խղճի ազատությունը հռչակվեց։ Այս օրն այնքան կարևոր էր, որ փաստորեն այս փաստաթղթով մենք ասացինք, որ պետք է բազմակուսակցություն և բազմակարծություն լինի երկրում, իսկ դա նշանակում էր ժողովրդավարության սկիզբ, դա նշանակում էր մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն, դա նշանակում էր շուկայական տնտեսություն։ Այդ պահին այս հռչակագրով, այս փաստաթղթով մենք հայտարարեցինք, որ մենք տերն ենք մեր հողի, ջրի, ընդերքի, մեր հարստությանը, և Գերագույն խորհրդի դերը, նշանակությունը շատ կարևոր էր։
Ես 6 անգամ եղել եմ պառլամենտի անդամ և իմ 22 տարվա պառլամենտական գործունեության ընթացքում ես կարող եմ առանձնացնել, ամենապոտենցիալով հզոր, ուժեղ, ազգային պառլամենտը եղել է 1990-1995 թվականների Գերագույն խորհուրդը։ Այս Գերագույն խորհուրդն է ընդունել այն հիմնարար փաստաթղթերը, որոնք տանում էին դեպի անկախության և ազատության։ Այս Գերագույն խորհուրդն էր, որ ընդունեց հանրաքվեի մասին օրենք, և հռչակագրից 1 տարի անց՝ սեպտեմբերի 21-ին, կազմակերպվեց հանրաքվեն։
Գերագույն խորհրդում ընդունվեց նախագահի ինստիտուտ ստեղծելու օրենքը։ Փաստորեն մենք այնպիսի մեծ քայլերի սկիզբ դրեցինք, որ մեր երկիրը տանում էր դեպի ժողովրդավարական, իրավական, սոցիալական ինքնիշխան պետություն։ Ինչը հետագայում ամրագրվեց մեր Սահմանադրության 1-ին հոդվածում»։
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ անցնող տարիներին շուրջ 25 անգամ այս օրը նշվել է Մելիք-Ադամյան 1 հասցեում, երբ Գալուստ Սահակյանը և Պարույր Հայրիկյանը նախաձեռնում և կազմակերպում էին Անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված նիստ․
«Ցավոք, այսօր այստեղ եմ եկել շատ մտահոգ, շատ տխուր, որովհետև երկրի անվտանգության հարցերն այսօր գտնվում են ծանր վիճակում, որովհետև այսօր թշնամին մեր սահմանից ներս է մտել, որովհետև այսօր ես տեսնում եմ մեր հայրենակիցների վառվող տները, որովհետև ես այսօր տեսնում եմ թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացումը և Հայաստանի թուլացումը։ Դրա համար կարծում եմ՝ ամեն մեկս, հայ ժողովուրդը, որի մասին մենք այդքան խոսում ենք՝ Սփյուռք-Հայաստան-Արցախ, պետք է համախմբվեն, պետք է միանան, պետք է ուժեղանան, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ, որովհետև Սփյուռքն իր տեղում, Արցախն իր տեղում, Հայաստանն իր տեղում կկարողանան որոշակի հաջողությունների հասնել․․․»։
Հարցին՝ պառակտում տեսնո՞ւմ եք Հայաստան-Սփյուռք կապի մեջ, քանի որ հատկապես վերջին շրջանում բազմաթիվ սփյուռքահայերի մուտքն արգելվում է հայրենիք, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ Սփյուռքի նախարարության փակվելուց հետո գրեթե չի հետևում այդ գործընթացներին․
«Բոլոր դեպքերում կարծում եմ՝ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, մենք այդ սկզբունքով պետք է հարցին մոտենանք․․․ Սփյուռքը դա մեր նավթն է, մեր գազն է։ Եթե նրանք ուրախանում կամ իրենց մարդ են զգում իրենց նավթով ու գազով, որը սահմանափակ է, ապա մեր ազգը, որը 10 միլիոնանոց, հզոր, ուժեղ, մտավորական մարդկանց գումար է, կարծում եմ, որ մերն անսպառ է, մեր հայի միտքը, հայի խելքը»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ գրառում է կատարել, որտեղ նշել է՝ «Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետևյալն է. ով ունի՝ նրան կտրվի, իսկ ով չունի՝ նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի: Եվ հետևաբար՝ ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն», Հրանուշ Հակոբյանն ասաց, որ մեծ հաշվով չի լսում, չի հետևում։
«Մենք իրավունք չունե՛նք կորցնելու, մենք պետք է ստեղծենք, մենք պետք է կառուցենք, մենք պետք է պաշտպանենք, մենք պետք է հզոր բանակ ունենանք։ Մեր բանակի հզորությունը մեր ձեռքում է։ Սարսափում եմ, երբ այն բառերը լսում եմ, թե իբրև Ալիևն ասել է՝ 5 միլիարդի զենք ենք թողել, ուրեմն մենք պետք է 5 միլիարդի էլ այսօր զենք գնենք, որպեսզի մեր բանակն ուշքի բերենք։ Մենք պետք է պաշտպանված սահմաններ ունենանք, ամբողջ հայ ժողովուրդը պետք է աշխատի բանակի համար, բանակի հեղինակության համար․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում