«Ի՞նչ կլինի, եթե Նիկոլը գնա գոնե հիմա». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ…
Մաս 4՝ ՆԻԿՈԼԸ ԳՆԱ ԳՈՆԵ ՀԻՄԱ
Պատասխանելով «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցին, շատ տրամաբանական և կանխատեսելի է դառնում «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանը։
Այժմ Հայաստանում իշխող վարչակազմը նախաձեռնել է մի շարք գործընթացներ, որոնք ի վերջո երկիրը սրընթաց հասցնում են մի հանգրվանի, երբ անիմաստ են դառնալու ոչ միայն «ի՞նչ կլիներ, եթե․․․», այլև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցերի շուրջ մտորումները։
Այսպես, փորձենք ներկայացնել այն հիմնական գործընթացները, որոնց տրամաբանական ավարտը Հայաստանի հնարավոր նոր իշխանություններին ավելի անելանելի վիճակում է դնելու․
– ԵԱՀԿ ՄԽ վերջնական փլուզումն ու նախորդ 30 տարիների բանակցային ժառանգության կորուստը։
– Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը՝ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 նախապայմանների ընդունմամբ(փաստացի արդեն ընդունել են) և առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արձանագրման։- Սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը և դրանց հիմնարար փաստաթղթերի և քարտեզների հստակեցումը այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է չափազանց թուլացած վիճակում, իսկ աշխարհում և տարածաշրջանում լարված և պայթյունավտանգ իրավիճակ է։ Նույն ռիսկերն առկա են նաև Թուրքիայի հետ սահմանի պարագայում։
– Փաստացի թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարման գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում։
– Թուրքիայի հետ սահմանների բացումը՝ առանց ՀՀ տնտեսության համար համապատասխան պաշտպանության մեխանիզմների մշակման և գործարկման։
– Ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման գործընթացի վերջնական չեղարկումը՝ պետական մակարդակուվ։
– Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ՌԴ սահմանապահ զորքերի անվտանգության երաշխիքների ներքո Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքի տրամադրում՝ առանց Ադրբեջանի տարածքում ապաշրջափակվող ճանապարհների համար համարժեք երաշխիքների ստացման։
– Թուրքիայի հետ հարաբերությունների և Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման «նույնն է, թե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու որոշման» արդյունքում Հայաստանում և Արցախում ռուսական զորքերի առկայության իմաստազրկվում և ի վերջո դրանց դուրսբերում։
– Պարտության և պարտված ժողովրդի հոգեբանության վերջնական ամրապնդում հայ հասարակության՝ հատկապես երիտասարդության շրջանում, ազգային-ազատագրական պայքարի վերջնական ջախջախում։
Ինչպես տեսնում ենք, պարտված իշխանության պաշտոնավարման շարունակումը այն պարագայում, երբ վերջինս արդեն հատել է բոլոր կարմիր գծերը և հրապարակավ պատրաստակամություն հայտնել Հայաստանի ու Արցախի կենսական շահերի հաշվին գնալու նոր անդառնալի զիջումների, Հայաստանի ապագան մեղմ ասած մշուշոտ է։
Հաշվի առնելով անցյալի վերոհիշյալ փորձը՝ կարելի է հստակ պատասխանել «Ի՞նչ կլինի, եթե․․․» հարցին։
Եթե Նիկոլը գոնե հիմա հեռանա, հնարավոր կլինի
– Լեգիտիմ հիմնավորումներով՝ ժամանակավորապես դադար վերցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններում, որի արդյունքում աշխարհում և տարածաշրջանում կարող են էկան փոփոխություններ լինել։
– Փորձել կոնսերվացնել Արցախում ստեղծված ստատուս-քվոն, չգնալ արագ և հայկական կողմի շահերից չբխող լուծումների, այդ թվում երկարաձգել խաղաղության պայմանագրի և դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացների մեկնարկը՝ այն թողնելով ավելի լավ ժամանակների համար
– Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում հստակ ընդգծել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, որպես նախապայման առաջ քաշել ռուս խաղաղապահների մանդատն երկարացնելու հարցը։
– հրաժարվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Փաշինյանի և նրա ներկայացուցիչների՝ մասնավորապես ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի բոլոր բանավոր պայմանավորվածություններից։
– Պնդել բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ վերահաստատելով այդ ձևաչափով նախքան 2018թ-ը ձեռք բերված բոլոր համաձայնությունները՝ այդ թվում Հիմնարար սկզբունքները
– Պետական ողջ ռեսուրսն ուղղել ԶՈՒ արագ վերականգնմանը և տարածաշրջանում ռազմական հավասարակշռման հաստատմանը։ Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել ՌԴ հետ՝ օգտվելով արտոնյալ վարկերի պրակտիկայից։
– Սպառազինության և ԶՈՒ վերականգնման հարցում ակտիվացնել համագործակցությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։
– Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը կապել Գորիս-Կապան ճանապարհի հարցում փոխզիջումային լուծման հետ։
-Հայ ռազմագերիների ազատարձակման հարցով նոր ռազմավարություն մշակել։
– Փակել անկլավների հարցը՝ արձանագրելով «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա (Արծվաշենը՝ այսպես կոչված ադրբեջանական անկլավների դիմաց) այդ հարցի արդեն կարգավորված լինելու փաստը։
– Վերականգնել ազգային համերաշխությունը, Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնական ճակատը ու այն ուղղել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման պայքարին։
Իրականում հնարավոր իշխանափոխության հետևանքով ակնկալվող փոփոխությունները ավելի շատ են, սակայն փորձեցի թվարկել դրանցից ամենակարևորները, որոնք նաև բավականին իրատեսական են և առաջնահերթ։
Այս ողջ հոդվածաշարի լեյտմոտիվ հանդիսացող հարցը՝ «Ինչ կլիներ, եթե․․․» առաջին հայացքից է այլեւս ժամանակավրեպ։
Հակառակը, եւ՛ քաղաքական, եւ՛ պատմական տեսակետներից այն շարունակելու է ազդել թե երկրի ներկայի, թե անցյալի, թե, ինչն առավել կարեւոր է, ապագայի վրա։
Եթե Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայրենակիցներին հստակ ներկայացվեն այս հարցի վերըթվարկված պատասխանները, նրանց համար ևս ակնհայտ կդառնա «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանը, ինչն էլ իր հերթին կբերի անխուսափելի փոփոխությունների՝ ի վերջո Հայաստանն ու Արցախը դուրս բերելով պարտությունների և խայտառակության անվերջանալի թվացող շղթայից։
Հ.Գ. Անգամ ամենախոր անդունդն ունի հատակ։ Մենք մեր պատմության այս ազատ անկման մեջ դեռեւս այդ հատակին չենք հասել։
Ամեն ինչ էլ ավելի վատ է լինելու։
Ուստի «ի՞նչ կլինի, եթե Նիկոլը գոնե հիմա գնա» հարցն ունի մեկ հավաքական պատասխան. հայ ժողովուրդը շանս կունենա։ Անդունդի հատակին վերջնականապես չծեփվելու շանս»։