Հայ զինծառայողների մասնակցությունը Տանկային բիաթլոնին Սերժի Սարգսյանի օրոք և Նիկոլ Փաշինյանի ժամանակներում
Տանկային բիաթլոնը տանկերի անձնակազմերի միջև անցկացվող ռազմասպորտային մրցույթ է։ Մրցույթի ընթացքում գնահատվում է տանկեր վարելու վարպետությունը և գնդացիրներից ու հրանոթներից կրակելու ճշգրտությունը։
Տանկային բիաթլոնի առաջին միջազգային պաշտոնական մրցույթը տեղի է ունեցել 2013թ. օգոստոսին, որին մասնակցել են 4 պետություններ ներկայացնող տանկային անձնակազմեր։ Մրցույթի արդյունքներով հաղթել է Ռուսաստանի հավաքականը, նրան հաջորդել են՝ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի տանկիստները։
Հաջորդ տարի՝ 2014թ., աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ օգոստոսի 4-16-ը Ռուսաստանի մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում։ Առաջնությանը մասնակցեցին 12 պետությունների 36 տանկային անձնակազմեր, այդ թվում՝ Հայաստանի թիմը, որը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ռուսաստանի թիմին: Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետությունների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։
Թիմերը հաղթողներին որոշեցին անհատական մրցավազքի, կրակային պատրաստվածության մրցումներում:
Որպես մրցանակ՝ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը կազմակերպիչներից նվեր ստացավ Տ-90Ս ռուսական արտադրության տանկ: Տ-90 տանկը համարվում է Տ-72Բ տանկի մոդեռնիզացիան, մեկ րոպեում արձակում է մի քանի արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 5 կմ։ Տ-90 տանկը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ: Արժեքը տատանվում է 2.5-4.5 միլիոն դոլարի սահմաններում:
Մրցանակը շահելուց 2 տարի անց՝ 2016թ., Տ-90 U տանկը բերվեց Հայաստան: Այն արտադրվել էր 2015թ.:
Հետագա տարիներին նույնպես Հայաստանի թիմը պատվով էր հանդես գալիս Տանկային բիաթլոնի մրցելույթներում:
Այս տարի՝ 2022թ. ևս օգոստոսի 13-27-ը մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում անց են կացվում Տանկայի բիաթլոնի հոբելյանական՝ 10-րդ մրցումները: Մասնակցում են 22 երկրների թիմեր, այդ թվում՝ ՀՀ Զինված ուժերի թիմը:
Հայկական թիմը, ցավոք, ինչպես և սպասելի էր՝ նկատի ունենալով այն ավերածությունները, որոնց Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի կողմից ենթարկվում է հայոց երբեմնի փառապանծ բանակը վերջին 4 տարիներին, մեղմ ասած, լավ հանդես չեկավ:
Երեկ, օրինակ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության, պաշտոնական «Звезда» հեռուստաալիքի ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակված, որում երևում էր՝ ինչպես է հայկական տանկը կորցնում կառավարումը ու հազիվ է փրկվում շրջվելուց: Ըստ աղբյուրի՝ դրա պատճառով մրցաշարի գլխավոր մրցավարն ընդհատեց անհատական մրցավազքը:
«Ստիպված էին տանկը քաշելով հանել մրցուղուց»,- գրված էր ՌԴ ՊՆ ինստագրամյան պաշտոնական էջի հրապարակած տեսանյութին ուղեկցող գրառման մեջ:
Իրականում ցավալի է կարդալ նման բովանդակության տեքստ, սակայն, երբ ելակը զինվորի ճաշացանկում ներառելը դարձնում ես համաշխարհային աննախադեպ իրադարձություն, ծնողի կողմից զինվորի համար իբր թե շապիկ-վարտիք ձեռք բերելը համարում ես դարակազմիկ մի բան (իրականում, իհարկե, ծնողը հիմա էլ իր զինվորին ինքն է ապահովում շապիկ-վարտիքով), երբ բանակում ստեղծված է այնպիսի իրավիճակ, որ շարքայինը հրաման չի կատարում ու դրա համար չի պատժվում, երբ ամբողջական զորամաս կարող է լքել իր ծառայության վայրը ու դրան առանձնապես ոչինչ չհետևել, երբ գլխատում ես բանակը ու փորձառու ու բանիմաց հրամանատարների փոխարեն նշանակում ես դիլետանտների, երբ պատերազմից գրեթե երկու տարի անց զինվորդ քնում է վրաններում, այս արդյունքը նույնիսկ օրինաչափ է:
Խնդիրը զինծառայողների, Տանկային բիաթլոնին մասնակցած անձնակազմի մեջ չէ, այլ բանակի կառավարման, ուր կատարյալ ամենաթողություն է՝ ներքևից ուղղահայացով մինչև ամենավերին օղակներ:
Թվում է՝ մանրուք է, սակայն հենց այսպիսի «խոսուն» ձախողումներն են հստակ մատնանշում՝ ինչպիսի ողբալի դրության մեջ ենք գտնվում մենք՝ որպես պետություն: