Ինչո՞ւ են «Սուրմալուի» ողբերգության դեպքով ի սկզբանե բացառվել ահաբեկչության և շահադիտական նպատակներով դիտավորյալ պայթեցման վարկածները  

Օգոստոսի 14-ին՝ ժամը 13:23-ին, պայթյուններ որոտացին մայրաքաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ հրավառությունների համար նախատեսված պայթուցիկ պարագաների պահման պահեստի շենքում:

Այսօր՝ ողբերգության 3-րդ օրը՝ ժամը 17:30-ի դրությամբ, մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 15-ը։ 3 քաղաքացի, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, համարվում է անհետ կորած:

Այս հրապարակմամբ չենք անդրադառնա աղետից հետո դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպման տոտալ «բարդակին», երբ ով ինչ կարողանում էր, ինչպես կարողանում, անում էր: Չէր համակարգվում կամավորների աշխատանքը, նրանց մասնակցությունը որոնողափրկարարական աշխատանքներին, տարբեր գերատեսչությունների կողմից հրապարակված անհետ կորածների թվերը չէին համապատասխանում միմյանց, դիակներ էին դուրս բերվում փլատակներից, բայց անհետ կորած համարվողների թիվը կամ ավելանում էր, կամ մնում նույնը: Ավելին, նախարարը հայտարարում է, թե պարզվում է, ցուցակում եղած անձանցից ոմանք երկրում չեն, կարծես մինչ նրանց անունները ցուցակում ներառելը հնարավոր չէր պարզել՝ առհասարակ տվյալ մարդիկ հատե՞լ են երկրի սահմանը, թե՞ ոչ:

Խոսքը, իհարկե, չի վերաբերում ԱԻՆ փրկարարներին, Կարմիր խաչի ու ՈՄԱ-ի կամավորներին ու սովորական քաղաքացիներին, ովքեր տիտանական աշխատանք են տանում այս օրերին:

Այսօր մեր հարցադրումները հարուցված քրեական վարույթի վերաբերյալ են:

Օգոստոսի 14-ին՝ ողբերգությունից 9 ժամ անց, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։

Թեպետ գլխավոր դատախազի խորհրդականը իր գրառման մեջ նշել էր, որ ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, և քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները, այնուամենայնիվ, դա իր արտացոլումը չգտավ հարուցված վարույթի մեջ ներառված հանցակազմերի տեսքով:

Ի սկզբանե դատախազության տարածած հաղորդագրությունը բացառեց ահաբեկչության ու գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հանցակազմերը:

Նույն օրը՝ դատախազության հաղորդագրությունից հետո, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով պայթյունի պատճառների մասին հարցին, ասաց՝ 8-9 ժամը բավարար ժամանակ չէ պատճառը վերլուծելու համար։

«Ոչ ոք չի կարողանում մոտենալ դեպքի վայրին, քանի որ կա փլուզման վտանգ: Այդ իսկ պատճառով պետք է մի փոքր սպասենք, և արդեն իրավապահ մարմինները կասեն մանրամասներ դեպքի պատճառի հետ կապված»,- ասել էր նախարարը։

Առավոտյան արդեն նախարարը փոխել էր հռետորաբանությունը: Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- մանրամասնել էր Փամբուխչյանը:

Այսօր սակայն ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը, հարցին՝ բացառո՞ւմ է արդյոք շենքը դիտավորությամբ պայթեցնելու վարկածը, հստակ պատասխան չտվեց:

«Մենք դրան մի քանի անգամ անդրադարձել ենք: Մենք ներկայացնում ենք այն իրավիճակը, ինչի հետ գործ ունենք: Օբյեկտիվ իրավիճակն այն է, որ մենք գիտենք՝ ինչ նյութերի հետ ենք գործ ունեցել, ինչ շենք-շինության հետ, ինչ իրավիճակ է նախնական մեր պատկերով եղել, և դրանից ելնելով ենք ասում մեր տեսակետը իրավիճակի մասին: Մենք գործ ունենք այն բանի հետ, որը չի խոսում նման հնարավորության մասին: Եթե այդպիսի բան կլինի, փորձագիտական եզրակացությունը և մասնագիտական քննությունը կպատասխանի այդ հարցին: Այս պահին մեր դիտարկմամբ նման բանի մասին խոսելու իմաստ հստակ չկա բացարձակ: Անընդհատ հնչող այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն հետաքննություննը»,- ասաց փոխնախարարը:

Այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչո՞ւ են դատախազությունը, ԱԻՆ-ը, մյուս պատկան գերատեսչությունները բացառում ահաբեկչության կամ այլ նպատակներից ելնելով՝ շենքը պայթեցնելու վարկածները, որովհետև եթե անգամ ընդունենք, որ, ինչպես նախարարն է ասում, «նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն, այսինքն՝ ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա», ինչո՞ւ տեսականորեն դա չէր կարող արվել դիտավորությամբ, դատախազությունը ինչո՞ւ է համոզված, որ ինչ-որ մեկը չի դիտավորությամբ, ասենք, «ամենաանմեղ» գործողությունն արել, օրինակ, ծխախոտի մնացորդ գցել, կամ այրվող թուղթ, կամ մեկ այլ բան, մի խոսքով, կրակի օջախ ստեղծել, որը կարող էր տարածվել ու դառնալ պայթյունի պատճառ:

Օգոստոսի 4-ից Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ազատորեն ապահովել մեր երկրի տարածք ադրբեջանցիների մուտքը, թեպետ մինչ այդ էլ երկրում թուրք-ադրբեջանցիների պակաս չկար՝ հատկապես պատերազմից հետո: Ինչո՞ւ դա չէր կարող անել թշնամի պետությունը, ինչո՞ւ դա չէր կարող անել ազգությամբ հայ մեկ այլ վիժվածք, ինչո՞ւ… Որտեղի՞ց է այն վստահությունը, որ պայթյունը սոսկ պատահականության կամ հրդեհային անվտանգության կանոնների չպահպանման հետևանք է:

Ամենևին չենք ուզում խուճապային տրամադրություններ տարածել հանրության մեջ, չնայած գրեթե ամենօրյա ռեժիմով տարածվող հաղորդագրությունները այս կամ այն հանրային վայրում տեղադրված ռումբի մասին, առնվազն պարարտ հող են ստեղծում այդ խուճապի համար, բայց ՀՀ գլխավոր դատախազությունը հանրությանը պետք է հիմնավոր փաստեր ներկայացնի՝ ինչու են ի սկզբանե բացառել ահաբեկչության կամ դիտավորյալ պայթյունի վարկածը: Իսկ եթե հղում կտան նրան, որ ընթանում է նախաքննություն, որի ընթացքում կպարզվեն բոլոր հանգամանքները, ապա ինչո՞վ էին խանգարում ի սկզբանե հարուցված քրեական վարույթի նախաքննությանը ևս երկու վերաբերելի հանցակազմերը:

Տեսանյութեր

Լրահոս