Ոչինչ չասող ընդհանրական պատասխաններ՝ նախագահականից
Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետությունում սկսված լարվածության վերաբերյալ 168.am-ն օրերս հարց էր ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ակնկալելով, որ Հայաստանի նախագահն իր կարծիքը կարտահայտի Ադրբեջանի իրակացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ, հատկապես, որ այդ ամենի արդյունքում հայկական կողմն ունեցել էր 2 զոհ և 19 վիրավոր։
Վահագն Խաչատուրյանին, մասնավորապես, ուղղել էինք հետևյալ հարցերը.
1. Պարոն Խաչատուրյան, օգոստոսի 1-ից սկսած Ադրբեջանն Արցախի տարբեր հատվածներում դիմել է սադրանքների, որի արդյունքում հայկական կողմն այս պահին ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Ի՞նչ ասելիք և մտահոգություններ ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
2. Պատրաստվո՞ւմ եք առաջիկայում գնալ Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
2. Այս պահին Հայաստանի Հանրապետությունը հանդիսանո՞ւմ է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, թե՞ ոչ։
2. Արցախի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում։
Սակայն նախագահականից մեր որևէ հարցի չեն պատասխանել։ Մեզ ուղարկված հարցման պատասխանի մեջ միայն գրված էր.
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ բազմիցս արտահայտվել է իր հրապարակային ելույթներում:
Հանրապետության նախագահի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվում է հանրությանը»:
21-րդ դարում, երբ զարգացած ու հասանելի են հաղորդակցության տարբեր միջոցները, համացանցի միջոցով փորձեցինք գտնել Վահագն Խաչատուրյանի ելույթներից, որտեղ նա անդրադարձած կլիներ, հատկապես մեր նշած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած լարված իրադարձությանն ու ռազմական գործողություններին, ցավոք, նման բովանդակության արձագանք, ելույթ այդպես էլ չգտանք։ Նախագահականի պաշտոնական կայքում նույնպես որևէ ելույթ կամ խոսք դրա վերաբերյալ չկար։
Հիշեցնենք, որ Արցախի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանի հանրային խոսքը եղել է հունիսի 16-ին՝ Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։ Այդ ժամանակ նա ասել էր, որ ռուսական կողմն ընդունել է, որ Փառուխում իր պարտավորությունը չի կատարել։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում Արցախին վերաբերող վերջին տեղեկությունը տեղադրված է եղել հունիսի 24-ին, երբ Վահագն Խաչատուրյանը Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող իր նստավայրում ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: