«Նրանք պատրաստվում են Ադրբեջանի խողողովակներով գազ ստանալ. ամեն կերպ պահպանելու են Ադրբեջանի շահերը». Արմինե Ադիբեկյան

«Քանի այս իշխանությունները ղեկին են, Լաչինն էլ կտանք, Սյունիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տավուշն էլ, Տիգրանաշենն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը շուրջ 10 օր առաջ Արցախի հետ շփման գծում լարելով իրավիճակը՝ ՀՀ-Արցախ երթուղին այլընտրանքային ճանապարհով կազմակերպելու նոր պահանջ էր առաջ քաշել: Հայտնի դարձավ նաև, որ մինչև օգոստոսի 25-ը Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակիչները պետք է հեռանան իրենց տներից, իսկ այս բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ամփոփել է վերջին իրողությունները՝ «պատժի միջոց» որակելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրահրված վերջին սադրանքները: Բաքվի բռնապետը նաև հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ կունենան, ո՛չ էլ անկախություն։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադառնալով էլ՝ Բաքվի բռնապետը նշել է, որ դրանում չկա Լեռնային Ղարաբաղի թեման:

Արցախի հարցում վերջնականապես չձախողելու բանաձևը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը համարում է իշխանափոխությունը:

«Գործող իշխանություններն ի վիճակի չեն որևէ հայանպաստ լուծում տալ այս հարցին: Ուրիշ ոչ մի ուղի գոյություն չունի, որովհետև միջազգային հանրությունը մեզ օգնելու նպատակ չունի. նրանք Ադրբեջանից կախման մեջ են: Հաշվի առնելով հակառուսական ընդվզումները, որոնք տեղի են ունենում աշխարհում, նրանք պատրաստվում են Ադրբեջանի խողողովակներով գազ ստանալ, և, բնականաբար, միջազգային հանրությունն ամեն կերպ պահպանելու է Ադրբեջանի շահերը: Իսկ Ադրբեջանը շատ հստակ ներկայացրել է իր պահանջները. նա ունի տեսլական, որին հետևողական գնում է»,- մանրամասնեց նա:

Բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում շարունակելու՝ հայկական կողմից պարբերաբար հնչող հայտարարությունների մասին մեր դիտարկումներին ի պատասխան՝ Արմինե Ադիբեկյանը նշեց.

«Ալիևը շատ հստակ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, որովհետև հարցը «լուծել է», հայկական կողմն էլ ոչ այնքան ուժ ունի, ոչ էլ հնարավորություն, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատ»:

Ադրբեջանագետը հիշեցրեց, որ հողային, տարածքային հարցերը լուծվում են ուժով, իսկ դիվանագիտական լծակներով՝ պահպանվում են, հետևաբար, պետք չէ ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հարց լուծի:

«Մինսկի խումբը կարող է ինչ-որ բան անել, որ պատերազմ չսկսվի, և ամեն կերպ համոզի մեզ՝ ընդունել կատարվածը, որ հանկարծ խողովակին ոչինչ չլինի:

Այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ գործառույթը ոչ թե հարց լուծելն է, այլ կողմերի դիրքերը միմյանց մոտեցնելը: Այժմ ընդհանուր հայտարարն այն է, որ Հայաստանն Ադրբեջանին զիջում է ամեն ինչ՝ ինչ հնարավոր է, և Մինսկի խումբը դա կարող է ընդամենն արձանագրել: Մենք պետք է ինքներս մեր մեջ ուժ գտնենք և պաշտպանենք մեր հողերը զենքով»,- հավելեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով ինքնապաշտպանական մարտերով Բերձորն ու Աղավնոն պահելու կոչերի մասին մեր հարցադրումներին՝ մեր զրուցակիցը վստահեցրեց, որ առանց ՀՀ աջակցության՝ ոչ մի ինքնապաշտպանություն չի կարող կայանալ և բերել արդյունքի:

«Ժամանակին Արցախյան պատերազմը հաղթեցինք, որովհետև կար Հայաստանի ուղիղ աջակցությունը: Եթե ՀՀ-ից 6000 հոգի գնա, եթե ՀՀ-ն համոզի միջազգային հանրությանը, որ պաշտպանում է իր բնակչությանը և իր հողերը, ձեռք բերի համապատասխան զենք-զինամթերք, որ կփակեն երկինքը, որպեսզի բայրաքթարները չկարողանան աշխատել… Այսինքն՝ պետք է ծավալվեն լուրջ ռազմական գործողություններ. ես հույս չունեմ, թե պարտիզանական շարժումը կարող է լուրջ արդյունքի բերել»,- նշեց Արմինե Ադիբեկյանը՝ նկատելով, որ քանի դեռ չկա ՀՀ աջակցությունը, օգոստոսի 25–ը շարունակելու է «վերջնաժամկետ» մնալ այդ համայնքների բնակիչների համար:

Տեսանյութեր

Լրահոս