Փաշինյանն Արցախի բանակը լուծարելու ժամկետներ է պայմանավորվել. Արմեն Բաղդասարյան
Օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանն այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրություններից, երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Մինչդեռ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում որևէ հաղորդագրություն չկա հրապարակված Փաշինյան-Մակրոն, Փաշինյան-Բլինքեն, Փաշինյան-Միշել հեռախոսազրույցների մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական կողմի հետ համաձայնեցված պաշտոնական հաղորդագրության տարածումն, իսկ կայացած մյուս զանգերի դեպքում՝ հաղորդագրությունների բացակայությունը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը պայմանավորեց նրանով, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ Փաշինյանը քննարկում է անելիքները, իսկ մյուս երկրների ղեկավարները զանգում են ընդամենը տեղեկանալու, թե է՞լ ինչ է հանձնելու Փաշինյանը։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված մի դեպքում՝ Պուտինի հետ անելիքները քննարկելու, մյուս կողմում՝ Կառավարության նիստում Արցախից հանձնվող տարածքների ամբողջական պատասխանատվությունը ռուսական կողմի վրա դնելու ՀՀ իշխանության վարած քաղաքանությունը: Վերլուծաբանը հարցին պատասխանեց՝ դրա պատճառը Փաշինյանի բնավորությունն է՝ բոլոր սխալների դեպքում ուրիշներին մեղավորներ կարգել, հատկապես, որ այս դեպքում գիտակցում է՝ Արցախից վերջնականապես ինքը հրաժարվել է ու Արցախը թողել ռուս-ադրբեջանական տիրույթում։
«Փաշինյանն ամբողջությամբ հրաժարվել է Արցախից և իր վրա է վերցրել ընդամենը երկու գործառույթ՝ սոցիալական աջակցություն Արցախին, և եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, միջազգային աղմուկի բարձրացում։
Մնացած անվտանգային հարցերը հանձնել է Ռուսաստանին, ուստի հիմա ամեն սրացման դեպքում զանգում է Պուտինին և մուննաթ գալիս. այս պահվածքն իր էությամբ և՛ շանտաժ է, և՛ նվնվոց, թե՝ եթե մանդատը լավ չեք իրացնում, կդիմենք միջազգային խաղաղապահների։
Փաշինյանը փորձում է ստիպել, որ Ռուսաստանը ավելի լավ պաշտպանի Արցախը, ինչը, չեմ կարծում, որ Ռուսաստանի պես երկրի դեպքում աշխատող տարբերակ է»,- ասաց Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ՝ ամբողջությամբ իր սուբեկտայնությունը կորցրած Հայաստանի իշխանությունն այժմ ռեսուրս չունի բանակցություններով գոնե հայկական շահն առաջ տանելու համար, որովհետև Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր դերակատարումից, և հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Արցախի Պաշտպանության բանակի կազմալուծման վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությունը։
«Նիկոլ Փաշինյանն անգամ ժամկետներ է ասել. պայմանավորվել է, թե երբ է լուծարվելու Արցախի Պաշտպանության բանակը, այդ պատճառով սկսել է ասել, թե երբ խաղաղապահներն Արցախում ապահովեն անվտանգություն, Արցախի ՊԲ-ն կարող է մարտական հերթապահություն չիրականացնել՝ քաջ գիտակցելով, որ 2000 խաղաղապահը չի կարող Արցախը պահպանել, ուստի Փաշինյանի առաջարկած սցենարն արցախահայերին կանգնեցնում է արտագաղթի առաջ»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում