«Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ ենթարկվում են Ադրբեջանի պահանջներին». Դավիթ Գալստյան

«Սահմանային իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվությամբ ենք իմանում, ոնց որ թե արծրունհովհաննիսյան չեն անում, և տալիս են հստակ տեղեկություններ: Լարվածություն կա, բայց հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նրա խոսքով՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ ենթարկվում են Ադրբեջանի պահանջներին. «Գնալով Ադրբեջանի ագրեսիան ավելի է մեծանում, և ավելի մեծ բաժին են ուզում մեր հայրենիքից»:

Նա նկատեց, որ Արցախի կառավարության ներկայացուցիչները Բերձորում և Աղավնոյում մարդկանց հետ ավելի շատ սոցիալական խնդիրներ են քննարկել, քան հայրենիքը պահելու հարցը.

«Այս իշխանությունն իր քաղաքականությամբ ոչ թե հայրենի հողը պահելուն միտված քայլեր է անում, այլ մարդկանց սոցիալական դժգոհությունը չեզոքացնելու ուղղությամբ է աշխատում, որն անուղղակի կապվում է իրենց իշխանության երկարաձգման հետ:

Կարդացեք նաև

Ամենից զավեշտալին այն էր, որ այն նախարարը, որը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, երբ ԱԺ-ում ընդդիմություն էր խաղում այն մարդկանց հետ, ում ձեռքն այսօր սեղմել է և կառավարության մասնիկ է դարձել, այն ժամանակ իշխանություններին հորդորում էր, որ հայրենիք հանձնելով՝ հայրենիք չես փրկի: Այսօր նա գնացել և Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին հորդորում է, որ՝ լքեք ձեր հայրենիքը և կստանաք ինչ-որ գումարներ, իսկ եթե հանկարծ հայրենիքը լքելիս ձեր քրտինքով սարքած տներին փորձեք վնաս տալ, չեք ստանա այդ փոխհատուցումները: Այնպես են անում, որ մարդիկ է՛լ ավելի հիասթափվեն այս իշխանություններից, և փորձում են հայաթափել Արցախը, որն Ադրբեջանի գերնպատակն է: Չենք տեսնում այն գործիքակազմը, որ այս իշխանությունները համախմբեն ժողովրդին, տրամադրեն պայքարի: Եթե բոլորս զգանք, որ այս իշխանություններն անդադար պայքարում են Աղավնոյի, Բերձորի և մեր հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրի համար, և համոզվենք, որ պայքարել են՝ չի ստացվել, միգուցե կհամախմբվեինք, բայց քանի որ իշխանությունները համախմբման կոչեր չեն անում, սա ևս մեկ անգամ խոսում է այս իշխանությունների վարած քաղաքականության մասին»:

Դավիթ Գալստյանն ընդգծեց՝ Արցախի իշխանություններից այլևս ակնկալիքներ չկան, ժողովրդի համախմբում է պետք.

«Պետք է ցույց տալ, որ Արցախը կա, ապրում է, և ոչ միայն Ադրբեջանին, այլև միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ Արցախում կան մարդիկ, որոնք հայրենիքին տեր են ուզում կանգնել և անվտանգ հայրենիքում ապրել: Իսկ այս իշխանություններն այնքան են ստել, որ նրանցից ակնկալիքները գրեթե զրո են: Փորձում ենք համախմբվել, և ճիշտ ժամանակին ճիշտ տեղում համախմբվելու դեպքում ամեն ինչ կստացվի: Մեր բոլոր քայլերն առավոտից երեկո պետք է ուղղված լինեն հայրենիքի փրկությանը, այլ ոչ թե ինչ-որ բիզնես ծրագրերի: Այդ շարժումը ոչ միայն Արցախում պետք է լինի, այլ համայն հայության շարժումը պետք է լինի՝ հանուն Արցախի պաշտպանության, որպեսզի կարողանանք տեսանելի արդյունքների հասնել»:

Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները պատերազմով ժողովրդին վախեցնելով՝ կործանելու են հայրենիքը. «Եթե չեն ուզում իրականում հայրենիք հանձնել, պետք է պատրաստվել պատերազմի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս