
Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չի կարելի բացառել, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ»,- ասել է նա:
Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: