«Վստահաբար Ռուսաստանում դա հասկանում են, ու կարծում եմ՝ պետք է ինչ–որ արձագանք լինի»․ ռուս թուրքագետ
Մինչ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին աշխարհում լարվածության նոր օջախներ են առաջանում տարբեր ռեգիոններում և հակամարտ գոտիներում, ինչպիսին Կոսովոյի հակամարտությունն է ու ամերիկաչինական հնարավոր լարվածությունը` պայմանավորված Թայվան Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցով, իրավիճակը Հարավային կովկասում Ղարաբաղյան հակամարտության գոտում ևս հանգիստ չէ ոչ ռազմաքաղաքական, ոչ դիվանագիտական առումով:
Հուլիսի 19-ին Իրանում ռուս-թուրք-իրանական բանակցություններից հետո օգոստոսի 5-ին Սոչիում սպասվում են Պուտին-Էրդողան հերթական բանակցությունները՝ օրակարգում մի շարք հարցեր՝ ուկրաինական հակամարտությունը՝ իր քաղաքական ու հումանիտար խնդիրներով, այդ թվում՝ ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունն ու Մոսկվայի հետաքրքրությունը թուրքական Բայրաքթարների նկատմամբ, որոնք Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է ռուսական ուժերի դեմ ուկրաինական պատերազմի թեժ օջախներում:
Վերջին ամիսներին և հատկապես փետրվարի 24-ից հետո Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ քաղաքականություն են վարում թյուրքալեզու երկրների գոտում՝ հատկապես Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի հետ:
Օրերս՝ հուլիսի 26-ին, Ղրղըզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել էր Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների (TÜRKON) 24-րդ համաժողովը, որին մասնակցել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանից երկու պաշտոնյա՝ պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը, արտաքին հետախուզության կազմակերպության պետի տեղակալ Սամիր Իսմաիլովը, Ղրղըզստանի և Ղազախստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության պետը։ Հանդիպմանը քննարկված հիմնական հարցերի շարքում առանձնացվել են մի շարք տարածաշրջաններում արձանագրված միջազգային ահաբեկչական, անջատողական սպառնալիքների աճը, միջազգային բնույթի հանցագործությունների կանխմանը, ապօրինի միգրացիային առնչվող հարցեր և որոշ հարևան երկրներից բխող իբրև թե ռևանշիստական շրջանակների սպառնալիքների մասին՝ թիրախավորելով, ըստ մի շարք վերլուծաբանների, ենթադրաբար՝ Հայաստանը և Իրանը։
Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին: Միջին միջանցքի մասին խոսելիս՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Այս ճգնաժամային միջավայրն իր բերած ռիսկերով հանդերձ՝ տալիս է նոր հնարավորություններ: Խորացող ուժային մրցակցությանը հակառակ՝ Եվրասիան և պատմական Մետաքսի ճանապարհը կրկին առևտրային կենտրոնական երթուղու են վերածվում»: Նշելով, որ աշխարհի ամենամեծ առևտրի ծավալն Ասիայի ու Եվրոպայի միջև է՝ Չավուշօղլուն կարևորել է առևտրային հոսքերի կառավարումը, մանավանդ որ, աշխարհաքաղաքական խնդիրները Չինաստանը Եվրոպային միացնող Հյուսիսային միջանցքին այլընտրանք հանդիսացող Միջին միջանցքի համար նոր հնարավորություններ են ստեղծել։ Հին աշխարհի ամենակարևոր ուղու՝ Մետաքսի ճանապարհի վերաակտիվացումը, թուրք նախարարի կարծիքով, ավելի կմիավորի թյուրքական աշխարհը:
Հուլիսի 18-ին Բաքվում Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան էլ ավելի ինտենսիվ կերպով են քննարկում էներգետիկ համագործակցությունը, Անկարայում համոզված են, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են վճռորոշ դեր խաղալ ռուսական էներգառեսուրսներից, մասնավորապես, գազից Եվրամիության կախվածությունը վերացնելու գործում, Եվրամիության համար ռուսական էներգակիրներին այլընտրանք համարվող Բաքուն դեպի Եվրոպա արտահանումներն իրականացնում է հենց Թուրքիայի տարածքով։
Այս ամենն ուղեկցվում է Հարավային Կովկասի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրության աճով՝ վերջին ամիսների ընթացքում էապես հաճախակիացել են ամերիկացի պաշտոնյաների զանգերն ու այցերը Հայաստան, ի դեպ, ամենաբարձր մակարդակով: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախօրեին Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ռազմական սադրանքների ու հրադադարի ռեժիմի խախտումների ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը զանգահարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ՝ հուլիսի 25-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հեռախոսազրույցներ ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասված էր հաղորդագրությունում:
Սակայն օգոստոսի 1-ին, ըստ Արցախի ՊԲ-ի, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
168.am-ի հետ զրույցում քննարկելով իրավիճակն աշխարհում ու հարավկովկասյան տարածաշրջանում, ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրավիճակը բարդ է՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ պայթյունավտանգ հատկապես ամերիկաչինական հարթությունում, քանի որ Չինաստանը շատ ծանր է ընդունում Փելոսիի այցը Թայվան, որի պատճառով ռազմական նախապատրաստությունների է դիմում, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ամերիկաչինական հարաբերությունների համար սա աննախադեպ իրադարձություն ու մարտահրավեր է Չինաստանի համար:
Ըստ նրա, այս համատեքստում հատկապես բարդ է իրավիճակն ավելի թույլ «կետերի» համար, ինչպիսիք են՝ Եվրոպան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, որտեղ իրավիճակները չափազանց դինամիկ ընթացքով են զարգանում:
«Որքան էլ ընթանում են ռուս-թուրքական բանակցությունները, լավ թե վատ, Ռուսաստանին հաջողվում է թուրքական քաղաքականությունը կառավարել, պատերազմական սցենարի փուլ է աշխարհում, բոլորը փորձում են և փորձելու են ձևավորվող աշխարհում իրենց նոր դիրքերը գտնել, Թուրքիան Ադրբեջանի հետ ակտիվ աշխատում է թյուրքական ծրագրերի և Մեծ Թուրանի ծրագրի իրագործման ուղղությամբ, որը ներկայումս իր «կառուցման» ամենաակտիվ փուլում է: Սա էլ նրանց տեղն է, որի ճանապարհին Հայաստանը մշտապես խոչընդոտ է դիտարկվել, և հետպատերազմյան շրջանը նրանց համար բացառիկ հնարավորություն է՝ չեզոքացնել այդ վտանգը:
Ադրբեջանն իր էներգակիրների միջոցով կարողացել էր դառնալ Թուրքիայի համար արժեքավոր գործընկեր, Ադրբեջանի կշիռը փոխվել է նաև Եվրոպայի համար, և, ինչպես տեսնում ենք, հատկապես պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանն իրեն դիրքավորում է՝ որպես տարածաշրջանային տերություն, փորձելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակության քաղաքական ու էներգետիկ պրոյեկտներ իրականացնել:
Ադրբեջանը որևէ ուղղությամբ իր որևէ նպատակ չի դիտարկում զիջման ենթակա և ավելի է ամրապնդում իր քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ համատեղ ակտիվ աշխատում են Ղազախստանի ու թյուրքական այլ երկրների հետ սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, այնտեղ փորձելով նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, թեև դա այդքան հեշտ ու միանշանակ խնդիր չէ:
Բնականաբար, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ևս Ադրբեջանն իր նպատակներից ետ չի կանգնում և ամեն կերպ, ամեն միջոցի գործադրմամբ փորձում է հասնել իր համար սկզբունքային հանգրվանների: Լարվածությունն ունի հենց այդ նպատակը՝ վերացնել հայկական հարցը՝ ընդհանրապես իր բաղադրիչներով, կապվել Թուրքիային ու շարունակել Թուրանի կերտումը: Հայաստանը դեռ էական խոսք չի ասում այս ամենի կապակցությամբ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա խոսքով, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանի մասին թեզերը, մեղմ ասած, անիրականանալի են թվում, երբ շուրջբոլորը հարցերը լուծվում են ռազմական եղանակով:
Խոսելով Սոչիում սպասվող Պուտին-Էրդողան բանակցությունների մասին՝ նա նշեց, որ ամենայն հավանականությամբ կքննարկվեն հակամարտ բոլոր գոտիները, ինչպես իրավիճակը Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղի շուրջ, Ուկրաինայում, կան ռուս-թուրքական և հաջողված պայմանավորվածություններ, և ոչ այնքան:
«Իհարկե, Հայաստանը մի շարք ուղղություններով հայտնվել է բարդ իրավիճակում»,- ասաց նա՝ շարունակելով, թե կա վտանգ, որ ՀՀ շահերը կոտնահարվեն գերտերությունների կողմից, քանի որ Հայաստան է այցելում ամերիկացի հետախույզ, հայկական թեմաները փորձում են ուղղորդել դեպի Արևմտյան համակարգման գոտի, օգտագործելով Ռուսաստանի, իրենց կարծիքով, պատերազմական իրավիճակը և դրա հետևանք թուլությունը:
«Սակայն ռուսական կողմը գուցե փորձի այս փուլում շատ դիրքեր զիջել կամ լռել՝ իր դիրքերը հավելյալ չթուլացնելու ու իր համար դիվանագիտական խնդիրներ չստեղծելու համար, սակայն դիվանագիտական ներգրավվածությունը կփորձի պահպանել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է բուն Արցախում տիրող լարվածությանը՝ Ռաևսկին ասաց, որ խաղաղապահները, բնականաբար, կփորձեն մնալ իրենց դերակատարության շրջանակում: Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից և բանակցման ենթակա հարցերի բազմազանությունից, այդ թվում՝ ցանկանալով դուրս բերել խաղաղապահներին Ղարաբաղից:
«Սակայն վստահաբար Ռուսաստանում դա հասկանում են, ու կարծում եմ՝ պետք է ինչ-որ արձագանք լինի»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին: