«Ինչքան ժամանակ է՝ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ է, գիտի, որ ադրբեջանցիները մեր սարերի գլխին նստած են, նոր է որոշել մեզ հետ հանդիպել»․ ՄԻՊ-ն ուղևորվում է Կութ
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի բնակիչներն այսօր ժամը 16։00-ին տեղեկացել են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղևորվում է իրենց գյուղ, նրանք շտապում են գյուղապետարան, որտեղ էլ նախատեսված է հանդիպումը ՄԻՊ-ի հետ։
Կութի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղ վերջին անգամ իշխանության ներկայացուցիչներ գնացել են 1 տարի առաջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, և ինչքան էլ ՄԻՊ-ի պաշտոնն անկախ է՝ ոչ քաղաքական, Քրիստիննե Գրիգորյանի սպասվող այցն իրենց համար անակնկալ է․
«Արդեն ինչքան ժամանակ է, որ Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանն է, գիտի, որ ադրբեջանցիները եկել մտել են մեր տարածք՝ սարերի գլխին նստած են, բայց նոր է որոշել գալ մեզ հետ հանդիպելու։ Վերջին անգամ մեր գյուղ պաշտոնյա եկել է այս տարվա փետրվարին՝ պարոն Թաթոյանն է (նախկին ՄԻՊ.- Ն․Խ.), եղել։ Նիկոլը, Նիկոլի պատգամավորները մեզ չեն հիշում․․․ Ոնց որ իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ գործող ՄԻՊ-ը չէր եկել մեր գյուղ։ Հիմա բոլոր գյուղացիներով գնում ենք համայնքապետարան, ամեն մարդ իրեն հուզող հարցը տա, բազմաթիվ հարցեր կան՝ խնդիրներ»։
Գյուղացու խոսքով՝ իրենց խնդիրները բազմաթիվ են՝ սկսած խմելու և ոռոգման ջրից՝ մինչև մանկապարտեզի, տրանսպորտի, աշխատատեղերի բացակայություն, բայց իրենց հուզող ամենամեծ խնդիրը շուրջ 1.5 տարի իրենց գյուղի վերևի սարերում դիրքավորված ադրբեջանցի զինյալներն են․
«Հավատացե՛ք, եթե դրանք գնան, էլ ոչ մի հարց չենք տա, մեզ ոչ մի բան չի անհանգստացնում, միայն էդ ադրբեջանցիների ներկայությունը՝ շարժը, կրակոցները։ Գյուղում նախկինում նման բան չի եղել, չենք վախեցել, բայց էս արևամեռները, որ եկել նստել են, վախենալով ենք շարժվում․․․։
Մենք ՄԻՊ-ին կոնկրետ հարց ենք տալու, թե ի՞նչ քայլեր են արվում, որ ադրբեջանցիներին հետ շպրտեն, մենք էլ մեր տներում հանգիստ, խաղաղ ապրենք»։
Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանից և նրա այս այցից, հարցրեցինք կութեցի կնոջը․
«Ակնկալիքնե՞ր, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Գալիս թղթի վրա գրում են, էդպես էլ թղթի վրա մնում են գրածները, ոչ մի տեղից չեն արձագանքում․․․»։
Քանի որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ու նախարարները, հատկապես 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սահմանամերձ Կութ չեն գնացել, կութեցի կնոջը հարցրեցինք՝ արդյոք իշխանության ներկայացուցիչներին հարցեր չունե՞ն, չէի՞ն ուզի հանդիպել նրանց հետ․
«Կուզեինք, ինչո՞ւ չէինք ուզի։ Մենք շատերի հետ կուզենք հանդիպել։ Իշխանության ներկայացուցիչներն այստեղ չեն գալիս, մեզ մարդատեղ չեն դնում, գոնե գան, մի 2 օր մնան, տեսնեն՝ ինչ է կատարվում։ Թող իրենց երեխեքի հետ գան ու 2 օր մնան, որ տեսնեն՝ գյուղի ժողովուրդը ոնց է ապրում, ոնց են պայքարում․․․»։