Լուծվել է ինձ հետ կնքված ժամկետային պայմանագիրն այն դեպքում, երբ իմ խնամքի տակ էր գտնվում 5 ամսական երեխաս. քաղաքացին դիմելու է դատարան ընդդեմ նախարարության
«Աշխատանք գտնելու, քո կարողություններն ու գիտելիքներն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու համար այսօր ևս ստիպված ես փնտրել ծանոթ, բարեկամ կամ ընկեր»,- դժգում է Լուսինե Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մեր երկրում, որտեղ կարծես հեղափոխական օրենքներ են գործում, մի՞թե աշխատող մարդը, որն ապավինում է միայն իր ուժերին, անելիք չունի:
«12 տարի աշխատել եմ պետական կառավարման համակարգում, սակայն մի պաշտոնյայի ցանկությամբ, ուղղորդմամբ, կարծում եմ՝ նաև հանձնարարականով, կորցրի առողջության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք բերած աշխատանքս։ 2011թ.-ից աշխատել եմ ՀՀ սփյուռքի նախարարությունում, իսկ վերակազմավորումից հետո շարունակել եմ աշխատել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում: 2020թ. հուլիսին լուծվել է ինձ հետ կնքված ժամկետային պայմանագիրն այն դեպքում, երբ այդ ժամանակ իմ անմիջական խնամքի տակ էր գտնվում 5 ամսական երեխաս, և համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 2.2 կետի՝ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը երեխային փաստացի խնամողի հետ` արձակուրդում գտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում։
2020թ.-ի հոկտեմբերին նշանակվեցի Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի սպասարկման վարչության Մաշտոցի սպասարկման բաժնի պետ՝ իմ ուժերով և առանց որևէ հովանավորչության հաղթահարելով արտաքին մրցույթը (թեստ և երկու ժամ տևած հարցազրույց)։
2021 թվականի ապրիլին Սոցիալական ապահովության ծառայության վերակազմավորման ընթացքում հարցազրույց ունեցա Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանի, այդ ժամանակ Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Լիլիթ Սեդրակյանի և ԱՍՀՆ ԿՍԱԳՀ խորհրդական Վերգինե Վարդանյանի հետ և չունենալով որևէ ծանոթ, բարեկամ՝ նշանակվեցի Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. վերջիններս գնահատեցին իմ աշխատանքը, կարողությունները, ներուժը և վստահեցին շարունակել աշխատել՝ նպաստելու ոլորտի բարեփոխմանն ու նոր ստեղծվող տարածքային կենտրոնի կայացմանը։ Շնորհակալ եմ այդ մարդկանց, որ վստահեցին ինձ այդ պատասխանատու պաշտոնը:
Ինչպես աշխատեցի մեկ տարվա ընթացքում, ինչպիսի հսկայական աշխատանք կատարեցի ես տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ միասին ի շահ Հայաստանի Հանրապետության, անհրաժեշտության դեպքում անաչառ կներկայացնի Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղծառայող Լուսինե Պետրոսյանը՝ հավելելով, որ մեկ տարի աշխատելուց հետո՝ պատահական տեղեկացել է նույն պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթի մասին։
«2022 թվականի ապրիլի 12-ին հաջողությամբ հաղթահարեցի մրցույթի թեստային փուլը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովի սուբյեկտիվ որոշման արդյունքում՝ հաղթող ճանաչվեց մեկ այլ մասնակից, որն ըստ նախապես մշակված սցենարի՝ մի քանի ամիս առաջ նշանակվել էր նույն տարածքային կենտրոնում որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ։ Թե ինչպես և ինչ հնարքով նա հաղթահարեց այդ փուլերը, չեմ ցանկանում խոսել, քանի որ այդ հարցի շուրջ արդար դատավարությունը կտա իր գնահատականը և որոշումը։
Մեկ օրվա մեջ մի քանի անձանց կամ մեկ անձի որոշմամբ աշխատանքից ազատվեց 3 անչափահաս երեխաների մայրը, որն աշխատում էր մի կառույցում, որ կոչված է լինել սոցիալական ծառայություն։ Փորձեցի չհուսահատվել և աշխատանք փնտրել պետական կառավարման համակարգի մեկ այլ գերատեսչությունում։ Մասնակցեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի արտաքին մրցույթին և հաղթահարելով թեստային փուլը 90% արդյունքով՝ մասնակցեցի հարցազրույցի փուլին։
Այդ օրը պարզ դարձավ, որ մասնակցում եմ մեկ այլ անձի համար հայտարարված մրցույթի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի կնոջ՝ Սվետլանա Սահակյանի համար հայտարարված մրցույթ-ներկայացմանը։
Չհուսահատվելով՝ կրկին փորձեցի։ 2022 թվականի հուլիսի 7-ին մասնակցեցի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժին պետի արտաքին մրցույթին։ Հաղթահարեցի թեստի փուլը 92% արդյունքով և ձեռք բերեցի հնարավորություն մասնակցելու հարցազրույցի փուլին։ Ուշագրավ է, որ թեստի փուլի անցկացման օրը նախարարության աշխատակիցների համատեղ ջանքերով կատարվեց հնարավորը և անհնարինը, որպեսզի թեստի փուլը հաղթահարի իրենց աշխատակից, մշակութային միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Գիգոյանը։ Միայն այդ մասնակցի համակարգչի հետ, չգիտես ինչու, խնդիրներ եղան: Վերջինս շուրջ 20 րոպե իրավունք չուներ դիպչելու համակարգչին, որովհետև մրցույթի անցկացման համար պատասխանատու աշխատակցին չէին կարողանում գտնել նախարարության շենքում, և այլն»,- մանրամասնեց նախկին քաղծառայողը:
Նրա փոխանցմամբ՝ վեց մասնակցից թեստային փուլը հաղթահարած երեք մասնակցին տեղեկացրել են, որ հարցազրույցի անցկացման ժամը տեղափոխվում է, քանի որ հանձնաժողովի անդամներից մի քանիսը զբաղված են։
«Կռահելով հետագա ընթացքը՝ հարցազրույցի օրը, այնուամենայնիվ, ներկայացա մրցույթին. միշտ թաքուն հույս ես փայփայում, որ գուցե արդարությունը հաղթի, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ սխեման։ Նշանակված ժամից 1,5 ժամ սպասելուց հետո՝ ի վերջո հանձնաժողովը հավաքվեց։
Այդ ընթացքում մրցույթի մասնակից, այդ նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Գիգոյանը ներկայացրեց, որ 3 տարվա ընթացքում կրտսեր մասնագետ, մեկ տարի անց՝ ավագ, իսկ հետո գլխավոր մասնագետ աշխատելով՝ միաժամանակ եղել է նույն բաժնի պետը, և այս մրցույթը, ստացվում է, հայտարարվել է իր համար։ Ավելի ուշ տեղափոխվեցինք վերելակով մեկ այլ մասնաշենք, իսկ այդ ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար Արթուր Մելսիկի Մարտիրոսյանը, որն այդ օրը մրցույթի հանձնաժողովի նախագահն էր, խնդրում է մրցույթի մասնակից Մարուլին, նույն ինքը՝ Մարիամ Գիգոյանին, ներկայացնել իրեն աշխատանքային փաստաթղթերը ժամանակին, ինչին ի պատասխան՝ մասնակիցը պատասխանեց, որ մրցույթի արդյունքներից է կախված փաստաթղթերի ներկայացումը։ Կատակելով միմյանց հետ, հաշվի չառնելով, որ վերելակում ներկա են նաև մրցույթի երկու այլ մասնակիցները։
Սկսվեց քննություն-ներկայացումը, շատ կարճ ժամանակ անց ավարտվեց արտաքին մրցույթի փուլը և հաղթող ճանաչվեց նույն բաժնի աշխատակից, գլխավոր մասնագետ Մարիամ Գիգոյանը: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը մրցույթի ավարտին, բավարար չէ իմանալ 2 օտար լեզու, լինել լավ ղեկավար, կարևոր է իմանալ բաժնի գործառույթները, ինչը գիտի հաղթող ճանաչված մասնակիցը։
Հարց, իսկ ինչի՞ համար էր այդ ներկայացումը, եթե այդ պաշտոնին հավակնողի կարևոր պայմանը բաժնի գործառույթներին տեղյակ լինելն էր, կարող է ներքին մրցույթ հայտարարվեր՝ խնայելով այլ մասնակիցների ժամանակն ու նյարդերը, թե՞ վերջիններս այնքան ազատ ժամանակ ունեին, որ կարող էին որպես հանդիսատես մասնակցել այդքան լավ բեմականացված ներկայացմանը։ Ցավով եմ արձանագրում այս ամենը, բայց վերոնշյալ դեպքերից կարելի է միայն մի հետևություն անել. աշխատանք գտնելու, քո կարողություններն ու գիտելիքներն ի շահ Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու համար այսօր ստիպված ես փնտրել ծանոթ, բարեկամ կամ ընկեր: Մեր երկրում, որտեղ իբրև հեղափոխական օրենքներ են գործում, մի՞թե աշխատող մարդը, որն ապավինում է միայն իր ուժերին, անելիք չունի»,- նշեց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ հայց է ներկայացվել դատարան միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ:
«Հայց եմ ներկայացրել դատարան՝ մրցույթն անվավեր ճանաչելու, աշխատանքին վերականգնելու և միջին աշխատավարձի չափով ամբողջ ժամանակահատվածի համար պարապուրդի վճարման համար»,- եզրափակեց Լուսինե Պետրոսյանը:
ԿԳՄՍ նախարարությունից խնդրի հետ կապված 168.am-ին հայտնեցին, որ գրավոր թեստի փուլից հետո նաև հարցազրույցի փուլն է, այդ երկուսի հանրագումարով էլ որոշվում է հաղթողը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հետաքրքվեցինք՝ արդյո՞ք այլ աշխատանք չի առաջարկվել տիկնոջը: Մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ մրցույթն ընթացել է սահմանված կարգի համաձայն, և, քանի որ նշված պաշտոնում անձը նշանակվում է մրցույթի արդյունքների հիման վրա, այլ բան առաջարկել չէին կարող։