Ամենաբարդ վիճակում Աշխարհագրությունն է
Հուլիսի 26-ին ավարտվեց բուհերի թափուր տեղերի համար հայտեր ներկայացնելու ժամկետը։ Շուրջ 800 դիմորդներ դուրս են մնացել մրցույթից։ Եվ նրանց հնարավորություն է տրվում ներկայացնել 6 հայտ այն մասնագիտությունների գծով, որոնցում թափուր տեղեր են առկա, և քննությունները համընկնում են։ Սա մի շարք բուհերի և մասնագիտությունների համար վերջին հնարավորությունն է՝ համալրելու առկա բաժնի տեղերը։
Այս տարի ամենածանր վիճակում էին հայտնվել Ագրարային համալսարանը և Մանկավարժական համալսարանը, որտեղ ընդունվողների թիվը կտրուկ նվազել էր։ Պատճառներից մեկն այն էր, որ այս տարի նախարարությունը որոշել էր դիմորդներից պահանջել առնվազն երկու քննություն, ինչի արդյունքում այս բուհերի առանց այն էլ սակավաթիվ դիմորդների մեծ մասն անբավարար ստացավ։
Սակայն թափուր տեղերի մրցույթն առանձնապես չօգնեց այս բուհերին, քանի որ առաջին հայտով դիմողների թիվը շատ քիչ է։ Ագրարային համալսարանի ուսանողների թիվը կավելանա մի քանի հոգով, իսկ Մանկավարժական համալսարան կընդունվեն մի քանի տասնյակ դիմորդներ։
Քննությունների ընդհանուր ֆոնին առանձնանում է Աշխարհագրություն մասնագիտության և առարկայի վիճակը։ 2013թ.-ին Աշխարհագրություն առարկայից միասնական քննություն էր հանձնել 339 դիմորդ, 2021թ.-ին՝ 176, իսկ այս տարի՝ 127։ Այսինքն՝ 9 տարում ունենք դիմորդների թվի շեշտակի կրճատում։ Իսկ անցած տարվա համեմատ Աշխարհագրություն հանձնած դիմորդների թիվն այս տարի կրճատվել է շուրջ 30%-ով։
Աշխարհագրություն առարկայի հետ կապված ունենք լրջագույն խնդիր։ Այս առարկայից նախկինում քննություն կար Տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներում։ Իսկ հիմա ոչ միայն դա է հանված, այլև անգամ ԵՊՀ Երկրաբանություն մասնագիտությունում Աշխարհագրությունն ընտրովի առարկա է։ Տուրիզմի ֆակուլտետներում նույնպես չկա Աշխարհագրության քննություն։ Այս առարկան մնացել է միայն Աշխարհագրություն և Կադաստր մասնագիտություննեում։ Այս տարի ԵՊՀ Աշխարհագրություն մասնագիտությամբ ընդունվել է 3 հոգի։ Մանկավարժական համալսարան դիմել էր 5 հոգի, և բոլորը կտրվել էին։
Հուլիսի 26-ին, այսինքն՝ թափուր տեղերի համար հայտ ներկայացնելու վերջին օրը, ոչ մի դիմորդ չէր դիմել Աշխարհագրություն մասնագիտության թափուր տեղերի համար։ Մարզային բուհերում նույնպես դատարկություն է։ Բացի դիմորդների թվի շատ կտրուկ անկումից, զգալիորեն նվազում է նաև Աշխարհագրության ուսուցիչների թիվը։ Հայաստանի շուրջ 1400 դպրոցներում ներկայումս աշխատում է Աշխարհագրության 984 ուսուցիչ։ Մեկ տարում Աշխարհագրության ուսուցիչների թիվը նվազել է 62-ով։
Շատ ենք խոսում Քիմիայի, Ֆիզիկայի, Ինֆորմատիկայի ուսուցիչների պակասի մասին։ Բայց ամենավատն Աշխարհագրության վիճակն է։ Ինչո՞ւ։ Դպրոցներում դեռ որոշ աշակերտներ սովորում են Քիմիա, Կենսաբանություն, Ֆիզիկա, քանի որ այդ առարկաները պետք են Բժշկական համալսարան ընդունվելու համար։ Մաթեմատիկան և Ֆիզիկան պետք են ՏՀՏ-ի հետ կապված մասնագիտություններում։ Իսկ ահա Աշխարհագրության պարագայում չկա որևէ մրցակցային ֆակուլտետ, որում այդ առարկան պարտադիր քննություն է։ Բացի այդ, եթե դպրոցում Մաթեմատիկայի ուսուցիչը կարող է դասավանդել նաև Ֆիզիկա, Ինֆորմատիկա, Քիմիայի մասնագետը՝ Կենսաբանություն, ապա Աշխարհագրության պարագայում չկա նման հարակից առարկա։
Աշխարհագրությունը դպրոցական առարկայացանկի լավագույն առարկաներից մեկն է։ Այն շատ հետաքրքիր բովանդակություն ունի, ընդլայնում է երեխայի աշխարհայացքը։ Կարծեք թե ամենասիրված բնագիտական առարկաներից է աշակերտների շրջանում։ Այդ մասին են վկայում 9-րդ դասարանի քննությունները։ Ըստ կարգի, 9-րդ դասարանի աշակերտներն իրենց ընտրությամբ քննություն են հանձնում բնագիտական մեկ առարկայից։ Աշակերտներն ամենաշատն ընտրում են Աշխարհագրություն և Կենսաբանություն առարկաները։ Օրինակ՝ 2019թ.-ին 9-րդ դասարանի շուրջ 31000 շրջանավարտից 12144-ն ընտրել է Կենսաբանություն առարկան, 12009-ը՝ Աշխարհագրություն։ Ֆիզիկա ընտրել է ընդամենը 5424 աշակերտ, Քիմիա՝ 1819-ը։
Ստացվում է, որ աշակերտների շուրջ 40%-ն ընտրում է Աշխարհագրություն առարկան, բայց միայն 127 շրջանավարտ է ցանկանում Աշխարհագրությունից ընդունելության քննություն հանձնել։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Աշխարհագրությունն ավելի հեշտ առարկա է, քան Ֆիզիկան և Քիմիան։
Շատ կարևոր է, որ առաջիկայում քննարկումներ սկսվեն Աշխարհագրության վերաբերյալ։ Տասնամյակներ առաջ Հայաստանում քննարկումներ, կոնֆերանսներ էին լինում այս կամ այն առարկայի դասավանդման վերաբերյալ։ Հիմա մի տեսակ անտարբերություն է։ Նախարարությունը նախաձեռնում է, խոսում է, իսկ մյուսները լսում են։ Ինչո՞ւ առարկայի ուսուցիչները, դասախոսները չեն համախմբվում, չեն խոսում իրենց առարկայի խնդիրների մասին։ Այս տարի ԵՊՀ Աշխարհագրության բաժնում անվճար տեղեր են թափուր մնում, Մանկավարժական բուհերի Աշխարհագրության բաժիններում ոչ ոք չի ընդունվում։ Բայց քար լռություն ու անտարբերություն է։
Կրթության համակարգի շարունակական նահանջի պատճառներից մեկն էլ այն է, որ ոլորտի մարդիկ ամեն ինչի հետ համակերպվում են։ Նույնիսկ պաշտպանական բնազդները չեն գործում։ Հասկանալի է, որ քննությունների այս արդյունքների պարագայում Աշխարհագրության դասախոսները դասաժամեր են կորցնելու, աշխատանք են կորցնելու։ Բայց դա էլ մարդկանց չի շարժում իրենց տեղից։
Ի դեպ, Հայաստանում արդեն տրվում են վկայականներ և ատեստատներ, որոնցում որոշ առարկաների դիմաց ոչ թե թվանշան է, այլ՝ «չի ուսումնասիրել» արտահայտությունը։ Պատճառն ուսուցչի բացակայությունն է։ Առաջիկայում նման գրառումները կարող են բազմապատկվել, եթե բեկում չլինի։