
Արշակյանը հորդորում է հայ կանանց և աղջիկներին հավատալ իրենց ուժերին և առաջ գնալ

Մեկնարկել է Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն՝ ընդգծելով, որ ուզում է հորդորել հայ կանանց և աղջիկներին՝ հավատալ իրենց ուժերին և առաջ գնալ։
«FemInno կոնֆերանսը կազմակերպել են կանայք։ Բանախոսներն արդեն բարձունքների հասած կանայք են, ովքեր կիսվելու են իրենց պատմություններով։ Ուզում եմ ոգևորել, որպեսզի հայ կանայք և աղջիկները հետևեն այդ օրինակներին, հավատան իրենց ուժերին և գնան առաջ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Արշակյանը։
Նրա համոզմամբ՝ կանանց զբաղվածությունը տարբեր ոլորտներում քիչ է, որն իր հերթին բացասական հետևանքներ է առաջ քաշում։ Հայաստանն անհրաժեշտություն ունի կանանց ոգևորել, մոտիվացնել՝ գիտության և տեխնոլոգիաների մեջ ներգրավելու համար։
«Ուրախ եմ, որ այստեղ եմ, միաժամանակ, ինձ համար պատիվ է այս կոնֆերանսին ողջույնի խոսք ասել։ Պետք է յուրաքանչյուրս ջանք գործադրենք, որպեսզի կանայք էլ ավելի ակտիվանան տարբեր ոլորտներում»,- նշեց Արշակյանը։