Օրինագծի վերաբերյալ բոլոր առաջարկությունները սահմանված կարգով կամփոփվեն համապատասխան ամփոփաթերթերում. ԱԱԾ
«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Ազգային անվտանգության ծառայության հեղինակած նախագծի հանրային հարթակում քննարկման ժամկետն այսօր ավարտվել է:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն մշակված նախագծով առաջարկում է խստացնել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը, որն ընդունվելու պարագայում այլ երկրի քաղաքացի հայերին ՀՀ քաղաքացիություն կարող է տրվել, եթե նրանք վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվել են Հայաստանում։
Քանի որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած փոփոխություններին, հավելելով, որ իրենց դիրքորոշումը հայտնել են նախագծի հեղինակներին, 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ պարզելու՝ արդյոք ծառայությունում քննարկվե՞լ է Զարեհ Սինանյանի դիրքորոշումը:
Ի պատասխան՝ կառույցի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ հիշյալ օրինագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով ներկայացվել է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը և հանրային քննարկման համար տեղադրվել է համապատասխան էլեկտրոնային հարթակում, ապա վստահեցրել են. «Օրինագծի վերաբերյալ բոլոր առաջարկությունները սահմանված կարգով կամփոփվեն համապատասխան ամփոփաթերթերում, որը հասանելի կլինի նախաձեռնությունը ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկելու ժամանակահատվածում»:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այս պահին ԱԱԾ-ի՝ հիշյալ նախագծով հանդես գալու նախաձեռնությունը, մեր հարցադրմանն ի պատասխան՝ կառույցից հայտնել են, որ կատարվող փոփոխության վերաբերյալ մանրամասն հիմնավորումները ներկայացված են հանրային քննարկման հարթակում:
Ի դեպ, ԱԱԾ-ի պաշտոնյայի մատնանշած հիմնավորումներից մեկում պատճառաբանված է, թե ինչու է անհրաժեշտ նման փոփոխություն կատարել: Մասնավորապես, կառույցը վերջին տարիներին կատարված «մեծաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները) երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետությունում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատմության, ՀՀ-ում ընթացող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն»:
Նախագծի հեղինակներին հավանաբար մտահոգել է նաև այն հանգամանքը, ինչպես նշված է հիմնավորման մեջ, որ «իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պազվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»:
Առաջարկվող փոփոխություններին և մասնավորապես ներկայացված հիմնավորումներին ավելի վաղ անդրադարձել էր 168.am-ը:
Ըստ այս հրապարակման նախագծի հեղինակների ներկայացրած պատճառաբանության մեջ չկա որևէ բառ, վիճակագրություն, որ նշված կատեգորիայի անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո հայկական անձնագիրն ի չարս են գործադրել, օրինախախտում կամ հանցագործություն են կատարել կամ քանի հոգի է «ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»…
Արդյո՞ք դա բավարար պայման է, որ մարդուն զրկեն պատմական հայրենիքի անձնագիր ունենալու օրինական իրավունքից: Կամ ինչպե՞ս են որոշել ու որոշում անձանց ճանաչվածության կամ համայնքային ու ազգային կյանքին մասնակցության չափը և այլն:
Այդուամենայնիվ, սպասենք քննարկումից հետո օրինագծի վերաբերյալ բոլոր առաջարկությունների ամփոփմանը: