«Մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ». Զարեհ Սինանյանը՝ «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի մասին
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության՝ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի խստացմանը, ասաց, որ իրենք դեմ են այդ նախագծին և այդ մասին բարձրաձայնել են։
«Այդտեղ 2 կոմպոնենտ կա, մեկը, թե ինչպես դա կազդի հայրենադարձության վրա։ Կարծում եմ՝ հայրենադարձության վրա չի ազդի, որովհետև մարդիկ, որոնք նպատակ ունեն հայրենադարձվելու և վերջին 2 տարիների ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, կարող են գալ, այդ 60 օրն անցկացնել, հետո նոր դիմեն քաղաքացիություն ստանալու համար։
Այլ հարց է, որ ընդհանուր առմամբ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չի, հետևաբար՝ մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ»։
Հարցին՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ասե՞լ եք այդ մասին, Սինանյանը պատասխանեց․
«Մենք մեր դիրքորոշումը հայտնի ենք դարձրել․․․»։
Ճշտող հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ԱԱԾ-ի առաջարկած նախագիծը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել հենց Ազգային Անվտանգության ծառայությանը․
«Մեր դիրքորոշումն այն է, որ ցանկալի փոփոխություն չի՛, բայց թե ինչո՞վ է այն պայմանավորված, ես կարող եմ կռահել, բայց չեմ ուզում կռահել, որովհետև համոզված եմ, որ իրենք հիմնավորում ունեն, իրենք պետք է արտահայտեն այդ հիմնավորումները»։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Լրագրողները Զարեհ Սինանյանին նաև հարցրեցին, թե ինչո՞ւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան։
«Համոզված եմ՝ տեղյակ եք, որ որոշումը կայացվել է ԱԱԾ-ի առաջարկի հիման վրա, հետևաբար՝ ԱԱԾ-ին պետք է հարցնեք․․․ Ես տեղեկություն չունեմ, որովհետև ԱԱԾ-ն պետք է այդ տեղեկությունը հայտնի»,- ասաց Սինանյանը։
Ճշտող հարցին՝ կարո՞ղ է պատճառ հանդիսանալ այն հանգամանքը, որ Մուրադ Փափազյանն արտերկրում ակցիաներ էր իրականացնում, տեղեկություններ կան նաև, որ հարվածել են Նիկոլ Փաշինյանի մեքենային, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարն այսպես արձագանքեց․
«Ես էլ ձեզ պես կարող եմ ենթադրություն անել, քանի որ պատճառը չգիտեմ։ Մեզ համար էլ է հետաքրքիր, բայց հիմնապատճառը չգիտենք։ Պաշտոնական չենք դիմել ԱԱԾ-ին, որ հասկանանք, թե ինչն էր պատճառը․․․»։
Ու թեև Սինանյանը նշեց, որ իրեն հայտնի չէ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու հիմնավորումներն ու դրդապատճառները, սակայն մի քանի անգամ բացառեց, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով կամ հորդորով է նման որոշում կայացվել․ «Նման բանը բացառվում է»։