Արաքս գետը լողալով Թուրքիայից Հայաստան մուտք գործած Աֆղանստանի քաղաքացին կալանավորված է. ԱԱԾ-ն հաստատում է

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչները, որոնց անունները չենք նշում իրենց իսկ խնդրանքով, օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ այս ամսվա սկզբին, իսկ ավելի կոնկրետ՝ հուլիսի 8-ին, իրենց մոտ սահմանախախտման դեպք է գրանցվել՝ սահմանը թուրք է անցել։

«Դե գիտեք՝ գյուղում այդ օրերին ակտիվ բերքահավաք էր, մարդիկ նաև Արաքսի ափին այգիներ ունեն ու վաղ առավոտից գնում էին ծիրան քաղելու։ Մեր գյուղում ռուսական զաստավ կա, ու կոնկրետ այդ հատվածը՝ դեպի Արաքս գետ՝ սահման, անցագրային կետով ենք անցնում, թե՛ բնակիչներս, թե՛ աշխատողները։ Իհարկե, աշխատողների համար հատուկ անցագրեր ենք հանում, որ թույլ տան անցնել։

Հուլիսի 8-ի առավոտյան հերթական բերքահավաքն էինք իրականացնում, մեկ էլ զաստավի տրիվոգան միացավ։ Քաղած ծիրանը, որ շորերի վրա էինք լցրել, որ շարողները ջոկեին, ամբողջությամբ թողել ենք այգիներում ու շուտ դուրս եկել։ Ասացին՝ արագ դուրս եկեք, նաչալնիկներն են գալիս, դեպք է եղել։ Սաղ ժողովուրդը խուճապի մատնված՝ բերքը թողեց ու դուրս եկավ։

Հետո, որ տեսան՝ գյուղում շարժը շատ է, ֆուռերով եկել են ծիրան առնելու, գյուղամեջում շարժը շատ է, փորձեցին հանգստացնել, որ խուճապը վերանա, ասացին՝ ուսումնական տագնապ էր․․․»,- պատմեցին Երվանդաշատի բնակիչները։

Կարդացեք նաև

Նրանց խոսքով՝ իրենք իրականությունը իմացել են միայն երեկոյան, երբ տասնյակ աշխատողներ, որոնք այլ մարզերից, քաղաքներից եկել էին իրենց գյուղ ծիրան հավաքելու, արկղերում շարելու, աշխատանքն ավարտել և տուն էին գնում․

«Երվանդաշատ գյուղի վերևում հուշարձան կա, գյուղացիները ասում են՝ «Ղաշ», այդ հատվածում բոլոր մեքենաները կանգնեցրել և ստուգել են․․․ Պարզվեց՝ Թուրքայից մարդ էր անցել Երվանդաշատ, և մինչև այդ պահը որոնողական աշխատանքներ էին կատարվում, բայց գյուղացիներից թաքցնում էին։ Հաջորդ օրը ասեցին՝ Աֆղանստանի քաղաքացի է եղել, բայց, թե ի՞նչ են արել, բռնե՞լ են, բա՞ց են թողել, ոչ մի բան մեզ հայտնի չէ․․․»։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքով Երվանդաշատ գյուղն ընդգրկվել էր Բաղրամյան համայնքի կազմում։ Պարզաբանում ստանալու առնչությամբ 168.am-ը օրեր առաջ կապ էր հաստատել Բաղրամյանի համայնքապետարան, որտեղից մեզ պատասխանել էին՝ համայնքապետը տեղում չէ, կփոխանցենք, ձեզ հետ կապ կհաստատեն։ Մինչ օրս համայնքապետարանից որևէ արձագանք չկա։

168.am-ը պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցում ուղարկեց Ազգային անվտանգության ծառայություն, որտեղից հաստատեցին բնակիչներից ստացած մեր տեղեկությունը՝ սահմանախախտման դեպք եղել է։ ԱԱԾ-ին ուղարկված հարցման մեջ մասնավորապես նշել էինք՝

Արդյոք ԱԱԾ-ն նման տեղեկության տիրապետո՞ւմ է։

Եթե այո, ապա խնդրում ենք մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել։

Արդյո՞ք բացահայտվել է սահմանն անցած անձը, արդյո՞ք Աֆղանստանի բնակիչ է։

Հաշվի առնելով, որ նշված հատվածում ծառայություն են իրականացնում ռուսական սահմանապահները, արդյո՞ք խնդրով միայն ռուսական կողմն է զբաղվում։

Ազգային անվտանգության պատասխանում մասնավորապես նշված է․

«Ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված 22.07.2022 թվականի տեղեկություն ստանալու մասին Ձեր գրավոր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հուլիսի 7-ին Աֆղանստանի Իսլամական պետության քաղաքացի Հ․ Ա․-ն շրջանցելով ՀՀ սահմանային անցակետը, լողալով անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, ապա հաղթահարելով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի սահմանային ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի կողմից հսկվող տարածքում գտնվող ինժեներատեխնիկական պատնեշը, այդ կերպ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը ու Թուրքիայից մուտք է գործել Հայաստան, որտեղ անմիջապես բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից ու փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։

ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից կայացված որոշման համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննիչի կողմից քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Հ․ Ա․-ի նկատմամբ ՀՀ ՔՕ-ի 469-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին։ Հ․ Ա․-ն կալանավորված է»։

ԱԱԾ-ին ուղղված մեր դիմումում խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել, թե 2018 թվականի մայիսից մինչ օրս սահմանախախտման քանի դեպք է արձանագրվել ՀՀ ամբողջ տարածքում, յուրաքանչյուր տարվա համար առանձին-առանձին, ինչը, սակայն, ԱԱԾ-ն չի տրամադրել հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ տարածքում տեղի ունեցած սահմանախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առանձին հաշվառում չի վարվում, հետևաբար այդ մասով տեղեկատվություն տրամադրել չեն կարող»։

Տեսանյութեր

Լրահոս