Օդային ճանապարհով փորձ է արվել չգրանցված դեղորայք ներմուծել Հայաստան. ՊԵԿ բացահայտումը
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը չգրանցված դեղերի և դեղագործական արտադրանքի՝ Հայաստանի սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը: Այս մասին եղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում վերջիններիս պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել է լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր, իսկ վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում՝ բաճկոնների ներքին գրպաններից, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր:
Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: