ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են մտահոգությունների առիթ դարձած հաղորդագրությունը
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հուլիսի 11-ին ԱՄՆ քաղաքացիների համար հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հավաքագրում է համայնքի հետ կապի կամավորների:
168.am-ն անդրադարձել էր այս հաղորդագրության մտահոգիչ երանգներին, որոնք անհանգստություն էին պատճառել մեր քաղաքացիներից շատերին. մտահոգությունը, մասնավորապես, վերաբերում էր այն պահանջներին, որոնք ներկայացված էին կամավորներին, օրինակ՝ արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, տարհանելու գործընթացների կազմակերպումը:
Ի դեպ, այս առնչությամբ առաջին արձագանքներից էր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա վստահեցնում էր․
«Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով: Սա Պետդեպի ծրագիրն է և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն»:
Բայց քանի որ թեման քննարկվում էր ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ լրատվականներում, 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ԱՄՆ դեսպանատուն՝ հստակեցումների համար:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին ուղղված նամակում գրել ենք․
«Տեքստում կան կոնկրետ ձևակերպումներ, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս. օրինակ, համայնքի հետ կապի կամավորը աջակցում է ՀՀ-ում գտնվող ամերիկացիներին «աղետներին նախապատրաստվելու և արտակարգ իրավիճակների մասին ահազանգելու հարցում», «արտակարգ իրավիճակներում CLV-ները հնարավոր է օգնեն գտնել անհայտ կորած ամերիկացիներին, այցելել բանտում կամ հիվանդանոցում գտնվող ԱՄՆ քաղաքացուն», «CLV նաև կարող են իրականացնել որոշ գործառույթներ դեսպանության անունից, որպեսզի օգնեն դժվարության մեջ հայտնված քաղաքացուն. օրինակ, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ ԱՄՆ քաղաքացի է վիրավորվել մայրաքաղաքից հեռու, ապա կարող են խնդրել տարածքում գտնվող CLV-ին՝ այցելելու հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցելու նրա վիճակի մասին»:
Դեսպանից նաև հետաքրքրվել էին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը տեղեկացված է սպասվող կոնկրետ վտանգների մասին, եթե առկա են նման կոնկրետ ձևակերպումներ, և ինչո՞վ է պայմանավորված կամավորների ընդգրկման այդքան մեծ աշխարհագրությունը:
Հիշեցնենք՝ դեսպանատունը կամավորներ էր փնտրում ՀՀ տարբեր հատվածներում՝ ԵՐԵՎԱՆ. Մարիոթ հյուրանոց, QSI, Արաբկիր, Էրեբունի/Շենգավիթ/Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն/Ավան, Կենտրոն Հյուսիսարևմտյան, Կենտրոն Հարավարևելյան, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, մարզեր. Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Ջերմուկ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Վայոց ձոր:
Ի պատասխան՝ դեսպանատնից հայտնել են. «Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»։
ԱՄՆ դեսպանությունների պրակտիկան հասկանալի է, իհարկե, սակայն հետաքրքրական է, որ համայնքի հետ կապի կամավորների մասին նախորդիվ եղած հայտարարություններ չգտանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքէջում, հետաքրքրական է նաև, որ պատահականության սկզբունքով Google որոնողական համակարգում համայնքի հետ կապի կամավորների մասին տարբեր երկրների ԱՄՆ դեսպանատների կայքէջերում դրված հաղորդագրություններում չկա, օրինակ, աղետներին նախապատրաստվելու (preparing for disasters) գործառույթի մասին «պահանջը»: