«Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է հնարավորինս ներքաշել օկուպացված տարածքներ». Գառնիկ Դավթյան

Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը, սկսեց ցուցադրաբար այդ տարածքներում և, մասնավորապես, Շուշիում տարբեր միջազգային միջոցառումներ կազմակերպել, տարբեր երկրներից հրավիրել հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների, լրագրողների, ինչպես նաև պաշտոնատար անձանց։ Վերջին ամիսների ընթացքում Շուշի այցելել են Էստոնիայի խորհրդարանի նախագահը, Ադրբեջանում ՌԴ դեսպանը, հուլիսի 21-ին էլ նախատեսվում է թուրք նախարարի այցը Շուշի։

Պատերազմից հետո օկուպացված Շուշի տարբեր պաշտոնյաների այցերի վերաբերյալ պաշտոնական Երևանը դատապարտող որևէ հայտարարություն չի արել, նման հայտարարություններ եղել են միայն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

Պաշտոնական Բաքվի կազմակերպած տարբեր երկրների դեսպանների, նախարարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելությունները օկուպացված Շուշի զուտ քարոզչական բնո՞ւյթ ունի, թե՞ Ադրբեջանն այլ նպատակ է հետապնդում։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն ասաց, որ առհասարակ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ ԼՂԻՄ-ի շրջաններ տարբեր երկրների դեսպանների այցեր կազմակերպելը նպատակ ունի առաջինը՝ լեգիտիմացնել իր պատերազմական հանցագործությունները, այսինքն՝ ռազմական ագրեսիան և պատերազմը սկսելու հանգամանքը։ Երկրորդ՝ միջազգայնորեն լեգիտիմացնել մինչև պատերազմը Ադրբեջանի քարոզչությունը, թե «Արցախի հողերն ադրբեջանական են»։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ այդ դեսպանների այցով որոշակի քաղաքական մակարդակում ընդգծվում է, որ այդ երկրները, օրինակ, սատարում են Ադրբեջանի այն քարոզչությանը, թե այդ տարածքներն «ադրբեջանական» են։ Առհասարակ տարբեր պաշտոնյաների այցերն օկուպացված տարածքներ, այսպես թե այնպես, քաղաքական բնույթ են կրում, պարզապես դրանով Ադրբեջանը ցանկանում է ամրագրել, որ միջազգային հանրության կողմից ունի աջակցություն։ Համոզված եմ, եթե տարբեր պաշտոնյաների այցերը կազմակերպվում են, Ադրբեջանը ներդումներ անելու համար առաջարկներ է անում այդ երկրներին, որպեսզի տարբեր բիզնեսներ հիմնեն, շենքեր կառուցեն և այլն։ Այլ խոսքով՝ այս ամենով Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է հնարավորինս ներքաշել օկուպացված տարածքներ»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Այս համատեքտում փորձագետը նկատեց՝ հայկական կողմից ցածր, շատ ցածր մակարդակի պայքար է տարվում Ադրբեջանի այս գործողությունների դեմ, չնայած կան փաստաբաններ, որոնք հայցեր են ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, սակայն այդ հայցերին ուղղված աջակցություն չի իրականացվում։

«Հայաստանի իշխանությունների կողմից այն քաղաքական գործընթացները և հայտարարությունները, որոնք իրականացվում են, այդ թվում՝ տարատեսակ «մարդասիրական» քայլերը, հարվածում են մեր փաստաբանների կողմից իրականացվող ծանր աշխատանքի արդյունավետությանը։ Օրինակ, երբ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե ադրբեջանցիներին հայերը կոտորել են, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը տվյալներ է նրանց փոխանցում, թե այդ մարդկանց մի մասը որտեղ է հուղարկավորված, իսկ դրան հաջորդում է այն, որ Ադրբեջանը հայտարարում է, թե՝ տեսեք, որ կոտորել են ադրբեջանցիներին։ Ստացվում է, որ փաստաբանների կողմից տարվող պայքարը ներկայիս իշխանությունների ձեռամբ ուղղակի զրոյացվում է։ Հետևաբար՝ ասել, թե բոլորը մեղավոր են, բացի մեզանից, սխալ է։

Հիշեցնեմ, որ մինչև պատերազմը, երբ որևէ երկրից պաշտոնյա կամ ճանաչված անհատ էր այցելում Արցախ, այդ թվում՝ Շուշի, Ադրբեջանի կողմից այդ մարդիկ անմիջապես ներառվում էին «սև ցուցակում», որին հաջորդում էր այդ մարդկանց դեմ ադրբեջանական քարոզչությունը, այդ թվում՝ բողոքի նոտա էին հղում տվյալ երկրի համապատասխան կառույցներին։ Այդ անձանց սպառնում էին, որ երբևէ թույլ չեն տա նրանց մուտքն Ադրբեջան։ Իսկ Հայաստանի իշխանությունը տվյալ դեպքում որևէ բան չի անում, լրատվական դաշտում հայտնվում է տվյալ այցերի վերաբերյալ տեղեկատվություն, և այդքանով թեման սահմանափակվում է»,- ընդգծեց Գառնիկ Դավթյանը։

Շարունակելով թեման, մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ իրատեսական չէ սպասել, որ Հայաստանի իշխանությունները տվյալ այցերի վերաբերյալ կարող են բողոքի որևէ նոտա հղել։

Ինչ վերաբերում է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, Գառնիկ Դավթյանը շեշտեց, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանը վստահաբար իր կողմից առաջ է բերել հայկական զորքն Ադրբեջանից հանելու վերաբերյալ պահանջ, որին էլ հաջորդեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունը, որ սեպտեմբերից Հայաստանից այլևս զինակոչիկներ չեն գնա Արցախ ծառայության։

«Ադրբեջանում այդ հանդիպման վերաբերյալ հանրային արձագանք չկա, միայն «մգեցվել» է հանդիման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի տարբերվող հայտարարության տեքստերը։ Հայկական կողմը մի բան է գրել, ադրբեջանական կողմը՝ մեկ այլ բան։

Հայ ռազմագերիների վերաբերյալ էլ պետք է հիշեցնեմ, որ Հայաստանի ապիկար ու անողնաշար իշխանությունն Ադրբեջանին տվեց ականապատ տարածքների քարտեզները, ակնկալելով, որ գերիներին կվերադարձնեն։ Հիմա էլ քաղաքական վաճառք է գնում, Արցախի անվտանգությունն են վաճառում, իբր թե մեր գերիներին վերադարձնելու համար։ Հայաստանի իշխանությունը, ինչպես միշտ, հլու-հնազանդ ենթակայի նման կատարում են իրենց ռեժիմների ցուցումները»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս