«Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է, սակայն այս պահին սառեցված է, քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարված են». Դավիթ Բաբայան
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլևս չի գործում, քանի որ Արցախի հիմնախնդիրն իրենք պատերազմով լուծել են։
Թեպետ այս պահին այդ ձևաչափն ակտիվ չի գործում, սակայն Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, պաշտոնապես չեն հայտարարել, որ դուրս են գալիս այդ ձևաչափից, և այն դադարում է գործել։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Մինսկի խումբը պաշտոնապես չի կազմալուծվել, դրա մասին բոլորն են խոսում։
«Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է, սակայն այս պահին սառեցված է, քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարված են։ Դրա համար մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք և նույնիսկ այս իրավիճակում պաշտպանենք մեր շահերը՝ փրկելով Արցախը։ Անկախ ամեն ինչից, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում, ՌԴ զորքն է ապահովում խաղաղություն ու կայունություն։ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը նույնպես տարբեր ձևաչափերով ու խողովակներով փորձում են այդ հակամարտության գործընթացում իրենց ներկայությունն ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է Եվրոպային՝ որպես գործոն, ապա ըստ Արցախի արտաքին գործերի նախարարի՝ այն խայտաբղետ է, կան տարբեր երկրներ, որոնք ունեն տարբեր շահեր, երբեմն՝ իրարամերժ։ Այսինքն՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գործընթացում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն ինչ-որ ակտիվություն է ցուցաբերում, հանդիպումներ իրականացնում, սակայն Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Եվրոպան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ձևաչափը չի ցանկանում խարխլել։
«Եվրոպան էլ է հայտարարում, որ Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է և ամենաարդյունավետը։ Տարբեր երկրների մակարդակով մենք երբեմն տեսնում ենք շատ սխալ քայլեր, երբեմն՝ անընդունելի։ Օրինակ, վերջերս Էստոնիայի խորհրդարանի նախագահն էր այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի, սա ի՞նչ է նշանակում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ նա մինչև պատերազմը մեկ անգամ չի այցելել Արցախ, փոխարենը՝ այցելում է օկուպացված Շուշի։ Սա այդ երկրի դիրքորոշումն է, չէ՞, եթե այցելում է Շուշի, ստացվում է, որ ընդունում է օկուպացիան։ Տվյալ պարագայում մենք էլ պետք է համապատասխան հետևություններ անենք, մենք էլ պետք է հասկանանք, որ տեղափոխվել ենք մեծ աշխարհաքաղաքական շրջան, և, դժբախտաբար, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ հասկացությունները մղվել են հետին պլան։ Էստոնիան այդպես է անում, աստված իրենց հետ, բայց մենք էլ մեր դիրքորոշումը պետք է ցույց տանք ու ասենք՝ սա է մեր դիրքորոշումը։ Փաստորեն նրանք գալիս են հայ ժողովրդի արյան վրա ու լեգիտիմացնում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, հետո էլ բողոքում են, թե ինչու է Արցախը հումանիտար օգնություն ուղարկում Դոնբաս. լավ է անում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Միաժամանակ արցախցի նախարարն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում պետք է կոշտ ու համարձակ լինել, քանի որ կորցնելու բան չկա, և այլ խաղերն արդեն անիմաստ են։
«Խնդիրը միայն այն չէ, որ ռուս-ուկրաինական լարվածությունից հետո կարող է լուծվել Մինսկի խմբի ձևաչափի հարցը, որովհետև մենք չգիտենք, թե ինչպես են լինելու հարաբերություններն Արևմուտքի հետ։ Ամենակարևորն այն է, որ տարածաշրջանում ուժեղանա խաղաղության և կայունության պահպանման հավասարակշռությունը, որտեղ Ռուսաստանը խաղում է առանցքային դերակատարություն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։