Բաժիններ՝

Կրթության համակարգի գլխավոր խոչընդոտը

Մեր կյանքը բաժանված է տեսանելի և անտեսանելի մասերի։ Մենք ավելի շատ խոսում ենք տեսանելիի մասին։ Մինչդեռ շատ ավելի կարևոր են անտեսանելի խնդիրները։ Սա վերաբերում է նաև կրթության ոլորտին։ Երբ դիտարկում ենք կրթական բարեփոխումները, որպես կանոն, քննարկվում են տեսանելի հարցերը։ Բայց եթե ուզում ենք իրավիճակ փոխվի, պետք է խոսենք անտեսանելի խնդիրների մասին։ Օրինակ՝ մենք փոխում ենք չափորոշիչները, հանում ենք որոշ թեմաներ, ավելացնում ենք այլ թեմաներ, փորձարկում ենք այդ չափորոշիչները։ Մեզ թվում է, թե կրթության խնդիրը թեմաների մեջ է։

Կամ մտածում ենք, որ, եթե չափորոշիչները դարձնենք կարողունակությունների վրա հիմնված, ապա կրթության որակը կբարձրանա։ Ավելին, մենք հիմա ցանկանում ենք նվազեցնել դասարաններում աշակերտների թիվը, առանց ուսումնասիրելու, թե ինչ արդյունքներ կան այն դասարաններում, որոնցում այս պահին էլ 20-25 կամ ավելի քիչ աշակերտ է սովորում։ Տեսանելի խնդիրն այն է, որ շատ աշակերտների ներկայությունը դասարանում չի կարող ապահովել որակ։ Բայց կա նաև անտեսանելի խնդիր. կարևոր է ոչ թե աշակերտների քանակը, այլ այն, թե ինչի համար են նրանք դպրոց գալիս։

Ինքս սովորել եմ 42 հոգանոց դասարանում։ Աշակերտների նման մեծ քանակը ինձ ոչնչով չի խանգարել սովորելու հարցում։ Հակառակը, դասարանում ունենալով 41 դասընկեր՝ ավելի շատ մարդուց սովորելու հնարավորություն եմ ունեցել։ Ուրեմն, գուցե իրական խնդիրը ոչ թե դասարանում աշակերտների քանակն է, այլ սովորելու ցանկության պակասը կամ բացակայությունը։ Մենք հիմա փորձում ենք լուծել առաջին խնդիրը։

Բայց բան փոխելու համար երկրորդ խնդիրը պիտի լուծենք։ Առաջին խնդիրը լուծելու դեպքում մենք մի փոքր կխնայենք որոշ ուսուցիչների նյարդերը, քանի որ փոքր դասարանում ավելի հեշտ կլինի աշակերտներին կառավարելը։ Բայց որակի շեշտակի անկում չի լինի։ Ի վերջո, սովորելու ցանկություն չունեցող աշակերտի համար ի՞նչ կարևոր է՝ քանի հոգու հետ է նստած դասասենյակում։

Իմ կարծիքով, վերջին տասնամյակներին մեր բարեփոխումներն արդյունավետ չեն եղել, քանի որ դրանք փորձել են լուծել տեսանելի խնդիրները։ Իսկ անտեսանելին շարունակել է մնալ անձեռնմխելի՝ ուժեղացնելով իր դիրքերը։

Օրինակ՝ մտածում եմ, որ եթե ուզում ենք կրթության ոլորտում փոփոխություններ ունենալ, պետք է ոչ թե ծրագրերը փոխենք, այլ աշխատենք դպրոցների «հեղինակություն համարվող աշակերտների» հետ։ Դպրոցը ներսից ճանաչող մարդիկ գիտեն, որ բոլոր դպրոցներում կան երեխաներ, որոնք «հարցեր լուծող են», «հեղինակություն են»։ Մենք այս երեխաներին բանի տեղ չենք դնում։ Մտածում ենք, որ պիտի նրանցից հեռու մնանք, դրական մի թվանշան նշանակենք, մինչև ավարտեն գնան։ Բայց այս երեխաները շատ մեծ ազդեցություն են ունենում հատկապես դեռահաս տղաների վրա։

Շատ աշակերտներ ուսուցիչ-«հեղինակավոր աշակերտ» երկընտրանքում ընտրում են «հեղինակավոր աշակերտին»։ Այս աշակերտները թելադրող են նաև բանակում ու հասարակական կյանքում։ Բայց մենք նրանց անտեսում ենք։ Օրինակ՝ բանակի մասին խոսելիս, մենք խոսում ենք հերոսների, գերազանցիկ ծառայողների մասին։ Բայց իրականում թելադրողը նրանք չեն։ Թելադրողը «հեղինակություններն են», որոնք էկրաններին չեն երևում, մեդալներ ու պատվոգրեր չեն ստանում։ Նրանք են որոշում կարելիի ու անկարելիի նորմերը։

Արդյունքի հասնելու համար մենք կարող ենք չփոխել չափորոշիչները, դպրոցի կառավարման, ֆինանսավորման մեխանիզմները։ «Հեղինակավոր» աշակերտի համար բացարձակապես կարևոր չէ՝ դպրոցում կլինի՞ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թե՞ չի լինի, կարողունակություննե՞ր կդասավանդեք, թե՞ գիտելիքներ, դպրոցում կլինի մե՞կ ղեկավար, թե՞ երկու։ Բոլոր տարբերակների դեպքում նրանք մնում են թելադրող։ Բոլոր տարբերակների դեպքում նրանք շարունակելու են պարտադրել այն գաղափարը, որ սովորելը ամոթ է, հատկապես տղաների համար։ Բոլոր տարբերակների դեպքում նրանք շարունակելու են բուլիինգը։

Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում ինստիտուտները, այդ թվում` դպրոցները, ուժեղ չեն։ Եվ նման իրավիճակում թելադրող են դառնում, այսպես կոչված, «գորշ կարդինալները»։ Հայաստանին ամենամեծ վնասը հասցնում են ոչ թե կաշառակերները, կաշառատուները, այլ «հարցեր լուծողները»։ Հենց նրանք են մարդկանց առաջարկում կաշառքով հարցեր լուծել։ Այս մարդկանց համար կարևոր չէ, թե ով է իշխանության։ Նրանք աշխատում էին և՛ նախկինների օրոք, և՛ ներկաների։

Կրթության նախարարությունը ընդամենը մեկ հարց պիտի լուծի։ Պետք է ստեղծել համակարգ, որը չեզոքացնի «հեղինակությունների» ազդեցությունը։ Սա հեշտ գործ չէ, քանի որ այս մարդիկ չեն գործում միայն դպրոցի շենքում։ Նրանք գործում են դասերից հետո, օնլայն տիրույթում։ Լավագույն լուծումն այն է, որ այս երեխաներին պետք է նույնականացնել տարրական դպրոցում։

Նրանց և ընտանիքների հետ պետք է աշխատանք տանել։ Այդ երեխաներին պետք է ընդգրկել խմբակներում, ցանկալի է՝ սպորտային։ Իսլանդիան ֆուտբոլի միջոցով լուծեց դպրոցականների շրջանում մեծ տարածում ստացած թմրամոլության, հարբեցողության, բուլիինգի խնդիրները։ Իսլանդացիները բոլոր բակերում ստեղծեցին ֆուտբոլային դաշտեր, բացեցին ֆուտբոլային խմբակներ և կարողացան արմատախիլ անել դեռահասների շրջանում տարածված արատավոր բարքերը։ Ավելին, ընդամենը 300 հազար բնակչություն ունեցող երկրի ֆուտբոլի հավաքականը փայլեց աշխարհի առաջնությունում։

Մենք պետք է այդ երեխաների մոտ բացահայտենք որևէ տաղանդ և նրանց զբաղեցնենք այդ տաղանդը զարգացնելու աշխատանքով։ Այդ երեխաներին մեր դպրոցի ակադեմիզմը վանում է։ Ու եթե նրանց այլընտրանքային գործունեության ձևեր չառաջարկենք, նրանք հեշտությամբ ընկնելու են «հեղինակավոր» աշակերտների ազդեցության տակ՝ վերարտադրելով արատավոր բարքերը։

Կառավարման մասնագետները պնդում են, որ բարեփոխումներ անելիս հաճախ ոչ թե պետք է ավելացնել, այլ պակասեցնել։ Մենք անընդհատ նոր կարգեր, նորմեր ենք ավելացնում։ Բայց եթե պակասեցնենք «հեղինակություն» համարվող աշակերտների թիվը, կվերացնենք այն խոչընդոտը, որը կանգնած է մեր կրթական համակարգի կոկորդին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս