Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը միանգամից զայրույթով հարձակվեց քննիչի վրա. Վարազդատ Հարությունյան
«Բավականին բուռն և հանգամանալից դատական քննություն տեղի ունեցավ, երկու օր: Մենք մանրամասն անդրադարձանք հիմնավոր կասկածին, հիմնավորեցինք, որ հիմնավոր կասկածի ապացուցողական շեմը ոչ միայն կալանավորման սկզբնական շրջանի համեմատ չի բարձրացել, այլ նվազել է: Անդրադարձանք նաև նախաքննական մարմնի պատշաճ ջանասիրության հարցին, հիմնավորեցինք, որ նախաքննության ընթացքում քննիչն ընդհանրապես պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց «ԱրԱր» հիմնադրամի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի խափանման միջոցի քննության հարցով վերջին դատական նիստին, որի արդյունքներով՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն Ավետիք Չալաբյանին կալանավորեց 15 օրով:
Վերջինս նշեց՝ իրենք որպես օրինակ՝ ներկայացրել են շատ նախաքննական ցուցմունքներ, որոնց միջև կան էական հակասություններ, և որից ելնելով՝ քննիչը չի անցկացրել առերես հարցաքննություններ:
«Խոսքը վերաբերում է Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի, Թոռնիկ Ալիյանի և Էմմա Սարգսյանի նախաքննական ցուցմունքներին: Հակասություններն այնքան էական և բազմաթիվ են, որ քննիչը չէր կարող դրանք չնկատել»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Ըստ նրա՝ երբ քննիչը փորձում էր հիմնավորել հիմնավոր կասկածի առկայությունը, բերում էր մեղադրական եզրակացությունից մեկնաբանությունն առկա ցուցմունքների վերաբերյալ:
«Եվ մենք ստիպված եղանք հատ-հատ հրապարակել բուն ցուցմունքները: Եվ Էմմա Սարգսյանի, և Թոռնիկ Ալիյանի դեպքում մենք դատարանում հրապարակեցինք ցուցմունքները: Նույն Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ավետիք Չալաբյանն իրեն որևէ գումար չի առաջարկել որևէ մեկին հավաքների մասնակցելու համար շահագրգռելու համար: Այդ ցուցմունքները կան, քրեական գործում են»,- ասաց Ավետիք Չալաբյանի պաշտպանը:
Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ այնքան հապճեպ էին ներկայացրել միջնորդությունը, որ քննիչը չէր հասցրել մեղադրանքը համապատասխանեցնել նոր Քրեական օրենսգրքին ու միջնորդությունը բերել էր նախկին Քրօրի 163-րդ հոդվածի հիմքով, որն արդեն չկա:
«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը միանգամից զայրույթով հարձակվեց քննիչի վրա: Առաջին օրը նիստը դրա համար հետաձգվեց, որ քննիչը ուղղումներն անի»,- ասաց պաշտպանը:
Ըստ Վարազդատ Հարությունյանի՝ Արուսյակ Ալեքսանյանի նախագահած դատական նիստի կուլմինացիան այն էր, որ վերջում նա քննիչին խնդրեց ասել, թե ինչ քննչական գործողություններ պետք է իրականացվեն, որոնցով պայմանավորված՝ ինքը խնդրում է երկարացնել Ավետիք Չալաբյանի կալանքը:
«Քննիչը կմկմալով ասաց՝ որևէ քննչական գործողություն չկա ծրագրված, ինչն էլ նախատեսել էինք` արել ենք: Մնացել է միայն եզրակացությունը դատախազին ուղարկել: Արուսյակ Ալեքսանյանը զայրացավ ու ասաց՝ ես չեմ հասկանում, Դուք կալանքի երկարացման միջնորդություն եք ներկայացրել ընդամենն այն բանի համար, որ հնարավորություն ունենաք գործը դատարան ուղարկել Չալաբյանի կալանքի պայմաններո՞ւմ… Այդ նոտայի վրա նիստն ավարտվեց, և Արուսյակ Ալեքսանյանը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու… Հաջորդ օրը տվեց որոշման քաղվածքը, որով մասնակի բավարարել էր քննիչի միջնորդությունը»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դատավորն իր որոշման մեջ մի նախադասությամբ անդրադարձել էր հիմնավոր կասկածին՝ պնդելով, որ այն կա այն դեպքում, երբ ինքը չէր հետազոտել գործի նյութերը:
«Դատավորը նաև գրել էր, որ դեռևս առկա է կալանավորման հիմքերից քննությանը խոչընդոտելու ռիսկը… Դա՝ այն պարագայում, երբ քննիչն իր բերանով ասում է՝ ես այլևս որևէ քննչական գործողություն չունեմ անելու, իսկ Արուսյակ Ալեքսանյանն իր դատական ակտում գրում է՝ չեմ բացառում, որ կիրականացվեն նոր քննչական գործողություններ, այդ թվում՝ վկաների հարցաքննություններ, որոնց վրա Ավետիք Չալաբյանը, եթե մնա ազատության մեջ, հնարավորություն կունենա ազդելու»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ շեշտելով՝ ավարտված նախաքննությանը խոչընդոտելը հիմարաբանություն է:
Մանրամասները՝ տեսանյութում